• Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի նամակը` սոցիալական հաղորդակցության 56-րդ համաշխարհային օրվան ընդառաջ

    Լսեք սրտի ականջով


    Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

     

    Անցյալ տարի մենք ունեցանք խորհրդածություն՝ «Արի՛ և տե՛ս» խորագրով, որի նպատակն էր բացահայտել իրականությունը ու թե ինչպես ենք արձագանքում՝ իրադարձություններին, մարդկանց հետ հանդիպումներին, հաղորդել այն ինչ զգացել ենք։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ բառի վրա` «լսել», որը քերականության մեջ մեկնաբանվում է որպես  իրական երկխոսության պայման։

     

    Փաստորեն, մենք կորցնում ենք մեր դիմացինին լսելու ունակությունը՝ թե՛ առօրյա հարաբերությունների բնականոն ընթացքի մեջ, թե՛ քաղաքացիական կյանքի կարևորագույն հարցերը քննարկելիս։

     

    Սակայն հարկ է նաև նկատել, որ լսելը կարևոր նոր զարգացում է ապրում հաղորդակցության և տեղեկատվության ոլորտում՝ տարբեր փոդքասթերի և հասանելի աուդիո հաղորդագրությունների միջոցով, որոնք գալիս են հաստատելու, որ լսելը դեռևս կարևոր է մարդկային հաղորդակցության մեջ:

     

    Կա մի պատմություն՝ կապված հարգված մի բժշկի հետ, ով բուժում էր հոգու վերքերը։

     

    Մի անգամ բժշկին հարցերին, թե որն է մարդկային ամենամեծ կարիքը։

     

    Նա պատասխանեց՝ «Լսված լինելու անսահման ցանկությունը»։ Ցանկություն, որն հաճախ թաքնված է մնում, բայց դա նաև մարտահրավեր է այն մարդկանց համար, ովքեր կոչված են լինելու` սովորեցնող, դաստիարակող, կամ որ ունեն հաղորդկացվողի դեր` ծնողներ և ուսուցիչներ, հոգևորականներ և հոգևոր աշխատողներ։ Այն մարդիկ ովքեր  իրականացնելու են սոցիալական կամ քաղաքական ծառայություն։

     

    Լսել սրտի ականջով

     

    Սուրբ Գրքի էջերից մենք սովորում ենք, որ լսելը նշանակում է ոչ միայն ձայնի ընկալում, այլ էապես կապված է Աստծո և մարդկության միջև երկխոսական հարաբերությունների հետ: «Շեմա՜ Իսրայել – Լսի՛ր, ով Իսրայել» (Երկ․ 6:4), Թորայի առաջին պատվիրանի սկզբնական խոսքերը, շարունակաբար կրկնվում են Աստվածաշնչում, այն աստիճան, որ Սուրբ Պողոսն հաստատում էր«Հավատքը գալիս է լսելուց»։

     

    Նախաձեռնությունն, անշուշտ, Աստծունն է, ով խոսում է մեզ հետ և մենք պատասխանում ենք լսելով Աստծուն։

     

    Ի վերջո, նույնիսկ լսելն է Աստծու շնորհ։ Լսելով Աստծուն՝ մենք նմանվում ենք իր հոր և մոր ձայնին արձագանքող նորածնի։

     

    Պատահական չէ, որ հինգ զգայարաններից Աստծու ամենասիրելին լսելն է, որովհետև այն ավելի քիչ ներխուժող է, ավելի զուսպ՝ քան տեսնելը, և հենց այդ է պատճառը, որ մարդուն ավելի ազատ է թողնում։

     

    Լսելը համապատասխանում է Աստծո խոնարհ ոճին: Դա այն գործողությունն է, որը թույլ է տալիս Աստծուն բացահայտել իրեն որպես Նա, ով խոսելով՝ ստեղծում է տղամարդուն և կնոջը իր պատկերով և լսելով նրանց՝ ճանաչում է որպես երկխոսության իր «գործընկեր»: Աստված սիրում է մարդկությանը, դրա համար էլ իր խոսքն է ուղղում նրանց և «ականջը թեքում» է նրանց լսելու։

     

    Բայց ի հակառակ Աստծու խոնարհ պատրաստակամության՝ մարդիկ հաճախ են «փակում ականջները», որպեսզի ստիպված չլինեն լսել։

     

    Տերը բացահայտորեն կոչ է անում մարդուն սիրո ուխտի, որպեսզի նրանք կարողանան լիովին դառնալ այնպիսին, ինչպիսին են՝ Աստծո պատկերով ու նմանությամբ, ուրիշներին լսելու, ողջունելու,  տարածություն տալու կարողությամբ:

     

    Լսելը սիրո չափանիշ է:

    Ահա թե ինչու Հիսուսը կանչում է իր աշակերտներին գնահատելու իրենց լսելու որակը․ «Ուրեմն ուշադիր եղե՛ք, թե ինչպես եք լսում» (Ղուկաս 8:18): Ահա՛ թե ինչ է նա հորդորում  սերմնացանի առակը պատմելուց հետո՝ հասկացնելով, որ բավական չէ միայն լսել, այլ անհրաժեշտ է լսել՝ լավ։ «Միայն նրանք, ովքեր ընդունում են խոսքը՝ «ազնիվ և բարի» սրտով և հավատարմորեն պահում այն, բերում են կյանքի և փրկության պտուղը» (Ղուկաս 8.15): Միայն ուշադրություն դարձնելով, թե ում ենք լսում, ինչ ենք լսում և ինչպես ենք լսում, կարող ենք զարգանալ հաղորդակցվելու արվեստում, որը տեսություն կամ տեխնիկա չէ, այլ՝ «սրտի բացվածություն, որը հնարավոր է դարձնում մտերմությունը» (Առաքելական հորդոր, 171):

     

    Մենք բոլորս ականջներ ունենք, բայց շատ անգամ նույնիսկ կատարյալ լսողություն ունեցողները չեն կարողանում լսել մեկ այլ մարդու: Փաստորեն, կա ներքին խլություն, որն ավելի վատ է, քան ֆիզիկականը: Իսկապես, լսելը վերաբերում է ամբողջ մարդուն, ոչ միայն՝ լսողության զգացողությանը:

     

    Լսելու իսկական նստավայրը սիրտն է:

     

    Սողոմոն թագավորն իրեն դրսևորեց որպես մի իմաստուն, թեև շատ երիտասարդ էր, քանի որ խնդրեց Տիրոջը «լսող սիրտ» շնորհել իրեն (Թագ. 3.9): Սուրբ Օգոստինոսը խրախուսում էր սրտով լսելը (corde audire), բառեր ընդունել ոչ թե արտաքնապես՝ ականջներով, այլ հոգեպես՝ մեր սրտերում։ Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզացին իր եղբայրներին հորդորեց «խոնարհել սրտի ականջը»:

     

    Հետևաբար, ճշմարիտ հաղորդակցություն փնտրելիս, լսելու առաջին տեսակը, որը պետք է վերագտնվի, դա ինքն իրեն, իր ամենաիսկական կարիքները լսելն է, որոնք գրված են յուրաքանչյուր մարդու ներքին էության մեջ: Եվ մենք կարող ենք սկսել միայն լսելով, թե ինչն է մեզ յուրահատուկ դարձնում Աստվածային արարչության մեջ և ուրիշի հետ հարաբերություններում: Մենք ստեղծված ենք ոչ թե ատոմների նման խառնիխուռն ապրելու, այլ միասին համակեցություն ապահովելու համար:

     

    Լսելը լավ հաղորդակցման հիմքն է։

     

    Լսողության մի տեսակ կա, որն իրականում լսել չէ, այլ դրա հակառակը՝ գաղտնալսել։ Փաստորեն, գաղտնալսումն ու լրտեսությունը, ուրիշներին սեփական շահերի համար շահագործելը մշտապես առկա գայթակղություն է, որը մեր օրերում, կարծես թե, ավելի սուր է դարձել։ Ավելի շուտ, այն, ինչը հատկապես լավ և լիովին մարդկային է դարձնում հաղորդակցությունը, մեր դիմացի մարդուն դեմ առ դեմ լսելն է, մյուսին, ում մենք մոտենում ենք արդար, վստահ և ազնիվ բացվածությամբ:

     

    Լսելու պակասը, որը մենք այնքան հաճախ ենք զգում առօրյա կյանքում, ցավոք, ակնհայտ է նաև հասարակական կյանքում, որտեղ միմյանց լսելու փոխարեն՝ մենք հաճախ «խոսում ենք իրար կողքով»: Սա այն փաստի ախտանիշն է, որ ճշմարիտը և լավը փնտրելու, լսելու փոխարեն՝  ուշադրություն է դարձվում հանդիսատեսին:

     

    Փոխարենը լավ հաղորդակցությունը չի փորձում տպավորել հանրությանը` ձայնային , այլ ուշադրություն է դարձնում դիմացինի պատճառներին և փորձում ըմբռնել իրականության բարդությունը։ Տխուր է, երբ նույնիսկ Եկեղեցում գաղափարական դասավորվածություններ են ձևավորվում, և  վերանում է լսելը՝ իր հետևից թողնելով ստերջ ընդդիմություն։

     

    Իրականում շատ երկխոսություններում մենք ընդհանրապես չենք շփվում։ Մենք ուղղակի սպասում ենք, որ դիմացինը ավարտի խոսքը, որպեսզի պարտադրենք մեր տեսակետը։ Այս իրավիճակներում, ինչպես նշում է փիլիսոփա Աբրահամ Կապլանը, երկխոսությունը դառնում է՝ մենախոսություն երկու ձայնով։ Իսկական հաղորդակցության մեջ, սակայն, «ես»-ը և «դու»-ն երկուսն էլ «դուրս են գալիս սեփական նեղ շրջանակից»՝ ձեռք մեկնելով միմյանց:

     

    Ուստի լսելը երկխոսության և լավ հաղորդակցության առաջին անփոխարինելի բաղադրիչն է: Հաղորդակցությունը չի կայանում, եթե լսելը չի եղել, և չկա լավ լրագրություն՝ առանց լսելու կարողության։ Կուռ, հավասարակշռված և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար անհրաժեշտ է երկար լսել։ Իրադարձությունը պատմելու կամ նորությունների հաղորդման փորձը նկարագրելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես լսել, պատրաստ լինել փոխել սեփական կարծիքը, փոփոխել նախնական ենթադրությունները:

     

    Միայն մենախոսությունները մի կողմ դնելո՛վ կարելի է հասնել ձայների ներդաշնակությանը, որն իսկական հաղորդակցման գրավականն է։ Լսելով մի քանի աղբյուրներ՝ «կանգ չառնելով առաջին պանդոկի մոտ», ինչպես մեզ սովորեցնում են ոլորտի մասնագետները, ապահովում է մեր փոխանցած տեղեկատվության հավաստիությունն ու լրջությունը:

     

    Մի քանի ձայն լսելը, միմյանց լսելը, նույնիսկ Եկեղեցում, եղբայրների և քույրերի մեջ, թույլ է տալիս մեզ կիրառել զանազանելու արվեստը, որը միշտ հանդես է գալիս որպես ձայների սիմֆոնիայում կողմնորոշվելու կարողություն:

     

    Բայց ինչու՞ բախվել լսելու դժվարությանը և ջանք գործադրել լսելու համար։

     

    Սուրբ Աթոռի մեծ դիվանագետ, կարդինալ Ագոստինո Կասարոլին, խոսում էր «համբերության նահատակության» մասին, որն անհրաժեշտ է լսել և լսված լինել ամենաբարդ բանակցություններում՝ այդպիսով, սահմանափակ ազատության պայմաններում հնարավորինս մեծ բարիք ստանալու համար։

     

    Բայց նույնիսկ ավելի քիչ դժվար իրավիճակներում լսելը միշտ պահանջում է համբերություն առաքինություն, ինչպես նաև կարողություն թույլ տալ, ինքդ քեզ զարմանալ ճշմարտության վրա, գտնելով ճշմարտության մի հատված, այն մարդու մեջ, ում լսում ենք: Միայն զարմանքն է հնարավորություն տալիս գիտելիքի: Մտածում եմ երեխայի անսահման հետաքրքրասիրության մասին, ով նայում է շրջապատող աշխարհին լայն բացված աչքերով։ Այս մտքով լսելը` երեխայի զարմանքը մեծահասակի գիտակցության մեջ, միշտ հարստացնում է, որովհետև միշտ կլինի մի բան, թեկուզ փոքր, որը ես կարող եմ սովորել դիմացինից և թույլ տալ, որ պտուղներ տա իմ կյանքում:

     

    Հասարակությանը լսելու ունակությունը մեր օրերում ավելի արժեքավոր է, քան երբևէ: «Պաշտոնական տեղեկատվության» նկատմամբ նախկինում կուտակված այդքան անվստահությունը նույնպես առաջացրել է «ինֆոդեմիա», որի շրջանակներում տեղեկատվական աշխարհն ավելի ու ավելի է պայքարում արժանահավատ և թափանցիկ լինելու համար: Մենք պետք է ականջ դնենք և խորապես լսենք, հատկապես սոցիալական անհանգստությանը, որն ուժեղանում է տնտեսական գործունեության անկման կամ դադարեցման հետևանքով:

     

    Բարդ խնդիր է նաև հարկադիր արտագաղթի իրողությունը, որի լուծման համար ոչ ոք պատրաստի դեղատոմս չունի։

     

    Կրկնում եմ, որ գաղթականների մասին նախապաշարմունքները հաղթահարելու և մեր սրտի կարծրությունը հալեցնելու համար մենք պետք է փորձենք լսել նրանց պատմությունները։ Նրանցից յուրաքանչյուրին տվեք անուն և պատմություն: Շատ լավ լրագրողներ արդեն դա անում են։

     

    Եկեք քաջալերենք նրանց: Եկեք լսենք նրանց պատմությունները: Այնուհետև յուրաքանչյուր ոք ազատ կլինի աջակցելու միգրացիոն քաղաքականությանը:

     

    Բայց ամեն դեպքում մենք մեր աչքի առաջ կունենայինք ոչ թե թվեր, ոչ թե վտանգավոր զավթիչների, այլ կլսենք իրական տղամարդկանց ու կանանց դեմքերն ու պատմությունները, հայացքները, սպասումներն ու տառապանքները։

     

    Լսեք միմյանց եկեղեցում։

     

    Եկեղեցում նույնպես մեծ կարիք կա միմյանց լսելու: Դա ամենաթանկ և կյանք տվող նվերն է, որը մենք կարող ենք մատուցել միմյանց: «Քրիստոնյաները մոռացել են, որ լսելու ծառայությունը իրենց է հանձնվել նրա կողմից, ով ինքն է մեծ ունկնդիր և ում գործը նրանք պետք է կիսեն: Մենք պետք է լսենք Աստծո ականջներով, որպեսզի կարողանանք տարածել Աստծո խոսքը»: Այսպիսով, բողոքական աստվածաբան Դիտրիխ Բոնհոֆերը հիշեցնում է մեզ, որ առաջին ծառայությունը, որը մենք պարտական ենք ուրիշներին հաղորդության մեջ, նրանց լսելն է: Նա, ով չգիտի, թե ինչպես լսել իր եղբորը կամ քրոջը, շուտով այլևս չի կարող լսել Աստծուն:

     

    Հովվական գործունեության մեջ ամենակարևոր խնդիրը «ականջ դնելու առաքելությունն» է՝ խոսելուց առաջ լսելը, ինչպես հորդորում է Հակոբոս առաքյալը։

     

    Մարդկանց լսելու համար մեր ժամանակի մի մասը ազատ տրամադրելը բարեգործության առաջին գործողությունն է:

     

    Հաղորդությունը, ըստ էության, ռազմավարությունների և ծրագրերի արդյունք չէ, այլ կառուցված է եղբայրների և քույրերի միջև փոխադարձ լսողության մեջ: Ինչպես երգչախմբում, միասնությունը պահանջում է ոչ թե միատեսակություն, միապաղաղություն, այլ՝ ձայների բազմակարծություն ու բազմազանություն։ Միևնույն ժամանակ, երգչախմբի յուրաքանչյուր ձայն երգում է՝ մյուս ձայները լսելով և ամբողջի ներդաշնակության առնչությամբ:

     

    Այս ներդաշնակությունը մտահղացել է կոմպոզիտորը, բայց դրա իրականացումը կախված է յուրաքանչյուր ձայնի սիմֆոնիայից։

     

    Գիտակցելով, որ մենք մասնակցում ենք հաղորդությանը, որը նախորդում և ներառում է մեզ, մենք կարող ենք վերագտնել սիմֆոնիկ եկեղեցին, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է երգել իր ձայնով, ողջունելով ուրիշների ձայները՝ որպես նվեր՝ արտահայտելու ամբողջի ներդաշնակությունը, որն ստեղծագործում է Սուրբ Հոգին:

     

     

    Հռոմ, Սուրբ Հովհաննես Լաթերան, 24 հունվարի 2022թ., Սուրբ Ֆրանցիսկոս դե Սալսի հուշահամալիր:

    Ֆրանցիսկոս

Օրացույց

Օրացույց