«․․․Խուսափենք եսասիրությունից, մոռանանք մեր շահը և հանգիստը և ապրենք մեր քահանայական նվիրումը գործնական և անսակարկ եղբայրասիրությամբ»։
2021թ․-ի դեկտեմբերի 22-ին Երևանի Սբ․ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետության մատուռում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան մեկօրյա հոգևոր կրթություն՝ Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականների համար։
Հոգևոր կրթությունը սկսվեց Սուրբ Պատարագով, որը մատուցեց հայ կաթողիկէ եկեղեցու Հայաստանի թեմի Առաջնորդական Տեղապահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը՝ առընթերակայությամբ՝ Երևանի հայ կաթողիկէ համայնքի հոգևոր հովիվ Գերպ․ Հ․ Մաշտոց Վրդ․ Զահթերյանի։
Հ․ Գառնիկը իր քարոզի մեջ ասաց հետևյալը․
«Այսօր հավաքվել ենք այստեղ՝ միասիրտ, միաշունչ, միահոգի նախ և առաջ գոհություն տալու Աստծուն մեր այս բոլոր քահանայության տարիների համար։ Եվ հենց այսօրվա մեր թեման լիելու է քահանայության մասին։
Մեր առաջին պարտականությունը հետևյալն է մեզ հանձնված հոգիները առաջնորդենք դեպի աղբյուրը լույսի, դեպի հավիտենական կյանք, մեր երկրորդ պարտականությունը հետևյալն է, որ մենք լինենք կարիքավորներին նեցուկ և աջակից։ Ուստի այս գաղափարների շուրջ հավաքված՝ մենք այսօր սկսելու ենք մեկօրյա մեր Սուրբ Ծննդյան հոգևոր կրթությունը խնդրելով Հիսուս մանուկից, ով երկնքից իջավ, դարձավ մեզ նման մարդ, իր վրա վերցրեց բոլոր մեղքերը։ Ե՛վ մենք այսօր ինչ ենք անում մեր ժողովրդի համար, և՛ մենք այսօր ինչ պետք է անենք մեր Եկեղեցու համար։
Շատ լավ գիտենք , որ հունձքը առատ է, բայց մշակները սակավաթիվ են, և այսօր Հայ Կաթողիկէ Եկեղեցու բոլոր հոգևորականներս Հայաստանում հավաքվել ենք աղոթելու նաև կոչումների համար։ Աղոթենք նաև Աստծու Պատարագի ընթացքում խնդրելով Հիսուս Քրիստոսին, որը Թագավորն է թագավորաց, որ իշխանն է խաղաղության՝ իր խաղաղությունը սփռի համայն աշխարհի վրա, իր խաղաղությունը սփռի Հայաստանում և Արցախ աշխարհին, և իր խաղաղությունը սփռի յուրաքանչյուրիս սրտի մեջ որպեսզի մենք կարողանանք իսկապես միմիայն նմանվելով և օրինակ վերցնելով Հիսուս Քրիստոսին՝ կարողանանք մեր առաքելությունը կատարել ըստ Քրիստոսի պատվիրանների և հնազանդվելով մեր մեծերին։
Սուրբ ծննդյան և ամանորի կապակցությամբ բոլորիս սրտանց մաղթում եմ խաղաղություն և՛ սեր, և՛ հույս որպեսզի կարողանանք այս երեք գաղափարների շուրջ մեր առաքելությունը՝ մեր ժողովրդի հոգիների փրկության համար և մեր Հայ Կաթողիկէ Եկեղեցու համար»։
Սբ պատարագից հետո տեղի ունեցավ բանախոսություն քահանայի կերպարի մասին, թե ով է քահանան համայնքներում և նրա առաքելության մասին, առանցք դարձնելով հետևյալը՝
1.Քահանան տիպար հավատքի և սրբության
2.Քահանան, որպես հոգիների հովիվ
3.Քահանան նեցուկ և աջակից կարիքավորներին
Հոգևոր կրթության բանախոսը Տաշիրի հայ կաթողիկէ համայնքների հոգևոր հովիվ Գերպ․ Հ Ներսես Վրդ․ Գալստյանն էր։
Հ․ Ներսեսը իր բանախոսության մեջ քահանաների ուշադրությունը հրավիրեց հոգևոր բարենորոգության անհրաժեշտության վրա և ասաց, որ պետք է հոգևոր բարենորոգությանը հետևի քահանայական կյանքում սրբությունը և պետք է անպայման քահանայի քարոզը համապատասխանի քահանայի կյանքին, եթե քահանան խոսում է սրբության մասին ինքն էլ պարտավոր է ապրել սրբությամբ։ Հ․ Ներսեսը հղում արեց Ֆ․ Դոստոևսկուն․՝ «Մի հավատա ո՛չ քո, և ո՛չ էլ ուրիշների խոսքերին, այլ հավատա, միայն՝ քո և ուրիշների գործերին»։
Հայր Ներսեսը պատմեց նաև Տաշիրում տասնամյակներ առաջ ծառայած մի վարդապետի մասին՝ Սարգիս Վրդ․ Յազիչյանի մասին, որպես՝ սրբակենցաղ հոգևորականի կերպար, և նրա կենսագրությունը քահանաներին ներկայացնելով քահանաներին հրավիրեց մտածել ևս համայնքներում օրինակելի սուրբ կյանքով ապրելու մասին, նաև հիշեցրեց Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեյանի մասին, ով եղել է Հայաստանի թեմի առաջնորդը և կարդաց նրա խոսքերից մի հատված՝ քահանայության մասին.
«Որքան էլ վսեմ լինի քահանայական կոչումը, որքան էլ քաղցր լինի քահանայական կյանքը․․․ քահանան միս է և ոսկոր է, մարդ է ծնվել և ունի թերություններ, և հետևաբար սայթաքումների և անկումների ենթակա է: Այս բոլորը գաղտնիք չէ՝ ո՛չ Աստծուց, ո՛չ մեզանից, և ո՛չ էլ հայ ժողովորդից։
․․․Խուսափենք եսասիրությունից, մոռանանք մեր շահը և հանգիստը և ապրենք մեր քահանայական նվիրումը գործնական և անսակարկ եղբայրասիրությամբ»։
Հ․ Ներսեսը նաև կարդաց Հովհան Ոսկեբերանի խոսքերից մի հատված, որը վերաբերում է քահանաներին, որտեղ նա խոսում է այն մասին, որ քահաներները ևս մարդիկ են իրենց մեղքերով հանդերձ։ Աստված թույլ է տվել քահանայությունը ստանձնել մարդ արարածին, քանի որ քահանան ինքն էլ սխալական է և մեղսագործ, որպեսզի կարողանա հասկանալ իր հավատացյալներին, իր հոգևոր խնամքին հանձնված մարդկանց և ներողամիտ լինի, կարողանա նրանց սիրել և մեղմությամբ առաջնորդել դեպի սրբություն և չլինի խստասիրտ: Հ. Ներսեսը քահանաներին կոչ արեց մտածել քահանայական առաքելության մեջ մարդկանց համար գայթակղության առիթ չլինելու և օրինակելի կյանք վարելու մասին։
Հոգևոր կրթությունը ամփոփեց Հ․ Գառնիկը, կարևորելով այն, որ քահաները դառնան մեկ ընտանիք, իրենց մարդկային սահմանափակություններով հանդերձ՝ համախմբված Հիսուսի Անձի շուրջ, որպեսզի բոլորը դառնան եղբայրասեր և հարգալից, և սա քահաններին ոչ թե իջեցնում է և նվաստացնում, այլ բարձրացնում է դեպի Աստվածային կյանք։
Հոդվածը պատրաստեց՝
Անուշ Հարությունյանը