Զղջացէ՛ք, հասկացէ՛ք իրականութիւնը. Հ. Քանթալամեսսայի քարոզը Մեծ Պահքի մասին, մաս Ա
Քահանայապետական քարոզիչ, ֆրանցիկեան Հայր Ռանիերո Քանթալամեսսան 2015թ. Մեծ Պահքի մասին իր քարոզի առաջին մասը նուիրել է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի «Աւետարանի ուրախութիւնը» (Gaudium Evangelii) շրջաբերականի շուրջ խորհրդածութիւններին: Ի՞նչ է նշանակում «աւետարանել»-ը իւրաքանչիւր քրիստոնեայի համար.այս հարցն է ուղղորդում քարոզչին: Նա ուշադրութիւն է հրաւիրում Քահանայապետի շրջաբերականի հետեւեալ հատուածի վրայ.«Ես հրաւիրում եմ բոլոր քրիստոնեաներին, ամենուրէք, այս վայրկեանին, Յիսուս Քրիստոսի հետ նորացուած անձնական հանդիպման, կամ, առնուազն, բաց լինելու եւ թոյլ տալու, որ Քրիստոս հանդիպի իրենց.իւրաքանչիւրին խնդրում եմ ամեն օր հետեւողականօրէն անել այս: Ոչ ոք չպէ՛տք է մտածի, որ այս հրաւերը իր համար չէ» (EG, 3): Սա նշանակում է, բացատրում է Քանթալամեսսան, որ աւետարանացման նպատակը վարդապետութեան փոխանցումը չէ, այլ՝ հանդիպումը Յիսուս Քրիստոսի անձի հետ: Չէ՞ որ Յիսուս մեզ հետ է եւ քայլում է մեզ հետ՝ սովորեցնելով մեզ, ինչպես այն երկու աշակերտներին Էմմաւուսի ճանապարհին: Մեկ այլ հետաքրքիր նկատառում ևս.Պապը անխզելի կապ է տեսնում Յիսուսի հետ անձնական հանդիպման և Աւետարանի ուրախութեան փորձառութեան միջև: «Աւետարանի ուրախութիւնը լցնում է բոլոր նրանց սրտերն ու կեանքը, ովքեր հանդիպում են Յիսուսին».այսպէս է սկսւում շրջաբերականը: Աւետարանի ուրախութիւնը կամ երջանկութիւնը կարելի է վայելել միայն Յիսուսի հետ սերտ անձնական յարաբերութիւն հաստատելու պարագայում:
Իսկ ինչու՞ է Աւետարանը ուրախութեան աղբյուր.հարցնում է Քանթալամեսսան եւ բացատրում «Աւետարան» բառի առաջին օգտագործման պարագան.դա Մարկոսի Աւետարանի 1:14-15-ն է.«…Ժամանակը հասել է, մօտեցել է Աստուծոյ Արքայութիւնը, ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»: Հունարէն տեքստի բառը, որը թարգմանուել է «ապաշխարեցէ՛ք», ավելի ճիշտ է թարգմանել «զղջացէ՛ք», գիտակցէ՛ք, թէ ինչ է տեղի ունենում: Նախքան Յիսուսը, հրէական մարգարէական աւանդութեանց մէջ «զղջալ»՝ եբր.՝shub բառի իմաստը եղել է յետ դառնալը չար ճանապարհներից, ետ դեպի Աստուծոյ հետ կնքուած ուխտը, նորոգում: Այս իմաստն էր նաև Յովհաննէս Մկրտչի շուրթերից հնչած «ապաշխարեցէ՛ք» կոչի մէջ: Յիսուս ամբողջութեամբ նոր իմաստ յաղորդեց այդ բառին.ոչ թէ յետ վերադառնալ, այլ՝ գնալ առաջ, հաւատքով մուտք գործել Աստուծոյ Արքայութիւն, Աստուծոյ, որ եկաւ մարդկանց մէջ: Ապաշխարելն ու հաւատալը տարբեր չեն իմաստով, այլ նոյնն են. զղջալ՝ նշանակում է հաւատալ: Սբ. Թովմա Աքուինացին ևս նոյնն է ասում.«Առաջին դարձը հաւատի մէջ է» (Prima conversio fit per fidem): Քանթալամեսսան հետաքրքիր ձևով է մեկնաբանում Յիսուսի նոր պատգամը.ոչ թե զղջացէ՛ք և կփրկուէք, այլ՝ զղջացէ՛ք, որովհետև փրկութիւնն է եկել ձեզ մօտ: Այսինքն, ոչ թէ մարդիկ են փոխուել, աւելի լաւը դարձել, այլ Աստուած է փոխում մարդուն՝ Իր Որդուն ուղարկելով, որպէսզի մենք որդեգրուենք: Պապական քարոզիչը հիշեցնում է աւետարանական առակները, մանաւանդ կորած ոչխարը վերադարձնելու մասին.ի՞նչ պէտք է անի մոլորեալ ոչխարը…պէտք է միայն թոյլ տայ, որ հովիըւ իրեն շալակի և տանի: Այդպէս էլ խնջոյքի հրավիրուածները.նրանք չեն վճարել սեղանի համար, այլ ձրիաբար հրաւիրուել են: Մարդն իր գործերով չի կարող արդարանալ Աստուծոյ առաջ, այլ միայն՝ Յիսուս Քրիստոսին հաւատալով, ինչպէս բացատրում է Պողոս առաքեալը (Փլպ. 3:7-9):
Ահա՛ սրանում է կայանում Աւետարանի ուրախութիւնը, շարունակում է քարոզիչը, նրանում, որ Աստուած զուտ իր բարեհաճութեամբ եկաւ մեզ մօտ՝ Յիսուս Քրիստոսի մէջ: Ոմանք մտածում են, թէ Յիսուսի պատգամը ամէն ինչ թողնելու և Իրեն յետևելու մասին ինքնամերժման, տառապանի երանգ ունի, բայց ո՛չ, Յիսուի նման խաչը կրելը և տառապելը Յիսուսի ճանապարհի վերջնակէտը չէ, այլ՝ մի կարևոր հանգրուանը իայն, որին յետևում է Յարութիւնը և յաւիտենական կեանքի անսահման երջանկութիւնը, ուրախութիւնը:
Այս ամէնը չի նշանակում, որ միայն հաւատքը բաւարար է: Սբ. Պողոսը գաղատացիներին ասում է.«հաւատը, որ սիրով է գործում» (Գղ.5:6): Մենք չե՛նք փրկուի լաւ գործերով, բայց առանց լաւ գործերի՛ էլ չենք փրկուի.ամփոփ ձևով այս է Տրիդենտի ժողովի տուած բացատրութիւնը: Ֆրանցիսկոս Քահանայապետի շրջաբերականի նպատակը հաւատքի և գործերի սինթէզը կարևորելն է: Իր խօսքի վերջում Քանթալամեսսան հիշեցրել է խարիզմատների հետ հանդիպման ժամանակ Քահանայապետի օգտագործած համեմատութիւնը: Հոգևոր կեանքը պէտք է նման լինի շնչառութեան ընթացքին.քրիստոնեան աղօթում է, ստանում սուրբ խորհուրդները, իրեն զրկում ինչ-որ բաներից, խոկում՝ Սուրբ Գիրք ընթերցելով, այս ամէնը նման է օդ ներշնչելուն՝ կլանում է Սուրբ Հոգուն, իսկ երբ մարդկանց սկսում է քարոզել և նրանց հետ կիսել իր հաւատքի փորձառութիւնը, սա նման է արտաշնչմանը, երբ Սուրբ Հոգուն «տալիս» է մարդկանց: Պահքը ներշնչման գեղեցիկ մի ժամանակ է, երբ մեր թոքերը լցնում ենք Սուրբ Հոգով, որպէսզի արտաշնչելիս Քրիստոսի բուրմունքը տարածենք: