• «Սիրո բերկրանքը ընտանիքում»․ Տ․ Հովսեփ Քհն․ Գալստյանի բանախոսությունը՝ ընտանիքների երրորդ հավաքի առթիվ

    «Մարդկային ընտանիքը ճանապարհ է, որով անցնում է Եկեղեցին»


    Սիրելինե՛ր, ուզում եմ ձեզ ներկայացնել մի շատ կարևոր թեմա՝ «Սիրո բերկրանքը ընտանիքում»՝ ոգեշնչված Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապի «Սիրո բերկրանքը» առաքելական նամակից, որը հրապարկվեց 2016թ. մարտի 19-ին՝ Սբ. Հովսեփի տոնին: Այս նամակը մի յուրօրինակ ամփոփ է Տիրոջ Սուրբ Կաթողիկէ Եկեղեցու ուսմունքի՝ մարդկային ընտանիքի մասին: Սա առաջին նամակը չէ, որ գրվել է ընտանիքի մասին, բայց մի նորագույն պտուղ է, որ հասունացել է ժամանակի մարտահրավերներին համարժեք արձագանքելու պահանջից, որպեսզի Եկեղեցին կարողանա օգնել այսօրվա քրիստոնյա ընտանիքներին՝ իրենց ընտանեկան կյանքը վարել և առաջնորդել քրիստոնեական հունի մեջ՝ հավատարիմ Ավետարանի ոգուն և Սուրբ Ընտանիքի օրինակին:

     

    Եկե՛ք նախ համառոտ կերպով մի անդրադարձ կատարենք, թե ինչ է ընտանիքը՝ քրիստոնեական ընկալմամբ, որպեսզի կարողանանք խոսել սիրո մասին, որ ընտանիքի հիմքն է: Ընտանիքը Եկեղեցու համար հիմնարար արժեք է, քանի Եկեղեցին կազմված է մարդկային ընտանիքներից, Եկեղեցին իր պատմությունը սկսել է մարդկային ընտանիքներից և փրկության դուռը մարդկության համար բացվել է ընտանիքի մեջ՝ Սուրբ Ընտանիքի մեջ. «Մարդկային ընտանիքը ճանապարհ է, որով անցնում է Եկեղեցին», ըստ Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի խոսքի: Ըստ Աստծո ծրագրի, ընտանիքը «կյանքի և սիրո օրրան է»: «Ընտանիքը, որը ծնվում է խոր միասնությունից և ամուսնական սիրուց՝ այն միությունից, որը հիմնված է տղամարդու և կնոջ ամուսնության վրա, ի սկզբանե ունի յուրահատուկ սոցիալական չափում՝ որպես միջանձնային հարաբերությունների սկզբնական տարածություն, հասարակության առաջին և կենսականորեն կարևոր բջիջը, այն աստվածային կարգադրություն է, որը դնում է հիմքը անհատների կյանքի համար՝ որպես ամեն տեսակի հասարակական կյանքի նախատիպ»:

     

    Ընտանիքը հիմնված է նախևառաջ զույգերի՝ տղամարդու և կնոջ միության վրա, որը հաստատվում է Պսակի սուրբ խորհրդի միջոցով, այսինքն նրանց փոխադարձ համաձայոնւթյան և խոստման հիման վրա, որ ազատ կամքով տալիս են Աստծո առաջ, նրանք ընդունում են աստվածային շնորհը՝ գերբնական այն զորությունը, որը նրանց օգնում է կատարելագործել իրենց սերը և կառուցել իրենց ընտանեկան կյանքը՝ Աստծո ծրագրի և պատվիրանների համաձայն:

     

    Էական է, որ ամուսինների փոխադարձ համաձայնությունը և խոստումը հիմնված լինի փոխադարձ սիրո վրա, որովհետև այդ սիրո միջոցով է իրականություն դառնում միությունը զույգերի միջև. առանց սիրո խոսել զույգերի ամուսնական միության մասին՝ անիմաստ է և հակաքրիստոնեական: Սա մի ճշմարտություն է, որը հիմնված է ամուսնության խորհրդի և մարդկային ընտանիքի հիմնարար ընկալման վրա, որ մարդկային ընտանիքը կոչված է արտացոլելու նախ Աստծո մեջ գոյություն ունեցող միությունը՝ հիմնված կատարյալ աստվածային սիրո վրա, որ հավիտենապես գոյություն ունի Սուրբ Երրորդության Անձերի միջև՝ որպես Սուրբ Հոգի, և ապա փրկության պատմության մեջ արտահայտված Տեր Հիսուս Քրիստոսի և Իր հիմնված Սուրբ և Միակ Եկեղեցու միջև գոյություն ունեցող անբաժանելի, անպարտելի սիրո վրա: Թե ինչպիսին է այդ սերը, մենք հստակ պատկերացում կարող ենք կազմել՝ նայելով Հիսուսին, ինչպես մեզ մատնացույց է անում նաև Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապն իր «Սիրո բերկրանքը» նամակում:

     

    Քրիստոսի սերն ինքնազոհաբերվող, ամբողջությամբ ինքնանվիրվող սեր է, որը մարդկային ընտանիքի համար մնում է որպես կատարելության գագաթնակետ: Պողոս առաքյալն Եփեսացիներին ուղղված իր նամակում գրում է.

    «Նմանվե՛ք Աստծուն՝ որպես Աստծո որդիներ և շարժվե՛ք սիրով, այնպես ինչպես Քրիստոս սիրեց մեզ և մեզ համար ինքն իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն», Եփ. 5, 1-2

     

    Ուրեմն, սիրել միմյանց ինքնազոհաբերվող, ինքնանվիրվող սիրով, որը ոչ մի սահման չի ճանաչում: Սա նշանակում է ինքդ քեզ դարձնել մի պարգև, մի նվեր, մի ընծա, մի պատարագ՝ դիմացինի համար. սա վերաբերում է նախևառաջ ամուսինների միջև հարաբերություններին և նաև ծնող-զավակներ հարաբերություններին: Պատարագվել միմյանց համար, պատասխանատվություն կրել միմյանց երջանկության, զարգացման, լիարժեք և ազատ, առողջ կյանքի համար՝ ամբողջ տարողությամբ և բոլոր կողմերով:

     

    Սերը համբերող է

     

    Ընտանիքում մարդկային հարաբերությունների մեջ լարվածությունները պետք է հաղթահարել համբերատարությամբ: Բայց սա չի նշանակում ստիպված տանել ամեն անարդարություն կամ վիրավորանք: Պետք է միշտ հիշենք, որ մարդիկ կատարյալ չեն և ինքներս էլ սխալական ենք, չպետք է ինքներս մեզ դնենք կենտրոնում և ակնկալենք, որ ամեն բան պետք է լինի ըստ մեր պատկերացումների: Հակառակ դեպքում սկսում ենք ամեն ինչի արձագանքել բարկությամբ, դառնում ենք դյուրագրգիռ: Քանի դեռ չենք սովորել լինել համբերատար, միշտ պատրվակներ կգտնենք արձագանքելու

    բարկացած: «Ի վերջո չենք կարողանա ապրել միասին և մեր ընտանիքները կդառնան ռազմադաշտ», գրում է Ն. Ս. Ֆրանցիսկոսը: Նա հիշեցնում է Սբ. Պողոսի խոսքերը.

    «Թող ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն վերացվի ձեզանից՝ ամեն չարության հետ», Եփ. 4, 31:

     

     Սերը քաղցրաբարո է

    Միայն համբերատարությունը քիչ է, քրիստոնյան չպետք է միայն անգործությամբ հանդուրժի ուրիշներին, այլև պետք է շատ գործուն ձևով քաղցր վարմունք ցուցաբերի: Մենք խոսում ենք ոչ թե պարզ և զսպված սառն հանդուրժողականության մասին, այլ՝ համբերող այն սիրո մասին, որն արտահայտվում է գործերով, բարեհամբույր և մեղմ վարմունքով, խոսքերով:

     

    Սերը չի նախանձում

    Նախանձը քայքայում է սերը, որովհետև մարդուն պարփակում է ինքն իր մեջ, մինչդեռ «ճշմարիտ սերը գնահատում է ուրիշի ձեռքբերումները» և չի տխրում, երբ դիմացինը հասնում է երջանկության: Ճշմարիտ սերը մարդուն սովորեցնում է, որ յուրաքանչյուրը կյանքում իր ուրույն ճանապարհն ունի՝ հասնելու երջանկության և ջանում է «բացահայտել երջանկության ի՛ր ճանապարհը»՝ թույլ տալով, որ ուրիշներն էլ գնան իրե՛նց ճանապարհով: Սա նշանակում է՝ վեր բարձրանալ ինքնակենտրոնացումից, գնահատել նաև ուրիշներին՝ որպես Աստծո ստեղծագործության գլուխգործոցներ։ 

     

    Սերը չի պարծենում

    Իրական սերը, որն Աստծուց է, որը քրիստոնյան կոչված է ապրելու, չի կարող պարծենալ, այսինքն՝ հպարտանալ, լինել ամբարտավան, մտածել, որ ես ավելի լավն եմ, ավելի կարևոր եմ, ավելի խելացի եմ, ավելի շատ եմ գումար վաստակում, ավելի լավ տնտեսվար եմ, քան՝ մյուսները:

    Հիսուս բացառում է իշխելու ցանկությունը և ասում է «ով ուզում է ձեր մեջ լինել առաջինը, ձեր ծառան պիտի լինի», Մտթ. 20, 27 և ավելացնում է, որովհետև Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու:

     

    Սերը կոպիտ չէ

    Սերը չի կարող լինել կոպիտ կամ դաժան, այլ պահանջում է նրբազգացություն և զսպվածություն, որոնք նորոգում են վստահությունն ու փոխադարձ հարգանքը, գրում է Քահանայապետը՝ շարունակելով մեկնել Կորնթացիներին ուղղված նամակի 13-րդ գլխի տողերը: Երբ, մանավանդ, ամեն օր «մտնում ես ուրիշի կյանք», այսինքն ընտանեկան կենցաղում անձերի կյանքերը միմյանց միացած են, «իրար մեջ մտած», նրբազգացությունն ու համբերատար, զուսպ, «բարի հայացքը» անհրաժեշտություն են, որպեսզի կարողանանք միշտ տեսնել ու շեշտել ոչ թե միմյանց թերությունները, սխալները, այլ՝ դրական կողմերը, ձեռքբերումները, հնարավորությունները, երազանքները, հարգենք դիմացինի ազատությունը և կարողանանք սփոփել, զորակցել, քաջալերել, ինչպես Տերն Ինքն էր անում և շարունակում է անել այսօր էլ:

     

    Սերն առատաձեռն է

    Ճշմարիտ սերը չի կարող լինել կցկտուր, ժլատ և նախապայմաններով, այլապես դա սեր չէ: Տերն ասում է. «Չկա ավելի մեծ սեր, քան այն, երբ մեկը կյանքն է տալիս իր ընկերոջ համար», և ինչպես Ինքը Իր կյանքը տվեց իր հոգևոր ընտանիքի՝ Եկեղեցու յուրաքանչյուր եղբոր և քրոջ համար, ավելին՝ նաև իր թշնամիների համար: Ընտանիքում, ուրեմն պետք է առաջնորդվել Տիրոջ օրինակով, որ այսօր էլ շարունակում է զոհաբերվել մեզ համար՝ Իր Պատարագի միջոցով, որտեղ բոլորս հաղորդվում ենք իր առատ Զոհին և Իր նման նվիրվում ենք Աստծուն և միմյանց՝ առատորեն, առանց սահմանափակումների, առանց չափի:

     

    Սերն իրենը չի փնտրում

    Ճշմարիտ սերը չի կարող շահախնդիր լինել և փնտրել միայն սեփական շահը: Որովհետև քրիստոնյայի համար սիրել՝ նշանակում է ինքնահրաժարում, ինքնահաղթահարում, դուրս գալ սեփական ես-ի սահմաններից, փլեցնել ես-ի շուրջ կառուցած գոռոզության և ապահովության պարիսպները, գնալ ընդառաջ ուրիշներին, բացվել ուրիշների առաջ, վերցնել տառապանքի, դժվարությունների սեփական բաժին խաչը, նաև՝ ուրիշների խաչերը, և գնալ Հիսուսի ետևից, Նրա նման և Նրա օգնությամբ բարձրանալ Գողգոթա, խաչը ելնել՝ հանուն դիմացինի երջանկության։

     

    Սերը չի զայրանում և ոխակալ չէ

    Երբ ընտանիքում մեզ համար սերը և խաղաղությունը հռչակված են որպես ամենակարևոր սկզբունքներ, երբ բարկանում ենք որոշ սխալների համար, չպետք է տեղի տանք, որ չարը մեզ հաղթի և մղի դեպի մեղքը, քայքայի ընտանեկան համերաշխությունը: Ինչ-որ մեկը պետք է բարկությունը հաղթահարելու, խաղաղությունը վերականգնելու առաջին քայլը անի: Եվ այդ մեկը ե՛ս եմ, դու՛ ես, յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի առանց երկորդական նախապայմանների անելու առաջին քայլը, ինչպես Տերն Ինքը արեց՝ Ինքն իրեն մատնելով մահվան, մինչ մենք իրեն թշնամի էինք, ըստ Պողոսի խոսքերի:

    Բայց մի՛ թողեք, որ օրն ավարտվի՝ առանց ընտանիքում խաղաղություն հաստատվելու», և հիշեցնում է դարձյալ Պողոսի տողերը. «Թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի», Եփ. 4, 26:

     

    Սերը ներում է

    Սրբազան Քահանայապետը բացատրում է, որ Պողոսի նամակում հունարեն բնագրի արտահայտությունը ներման մասին թարգմանվում է հետևյալ կերպ. «սերը հաշվի չի առնում չարը», այսինքն՝ այն չի բարկանում: Սա նշանակում է, որ ներել՝ նշանակում է մի կողմ դնել կամ անկարևոր համարել դիմացինի կողմից նախկինում գործված սխալները, չարիքը, վիրավորանքը և առավել կարևորել այն դրականը, որ կա դիմացինի մեջ և դրա վրա կառուցել նոր հարաբերություններ, որոնցում տեղ չկա վրեժխնդրության համար:

    Ներելը շատ բարդ է, ոչ ոք սա չի ժխտում, բայց որպեսզի կարողանանք ներել, հարկավոր է ճիշտ տեղերում դնել շեշտերը, այսինքն՝ չենք կարող ամեն բանի մոտենալ հավասար լրջությամբ, կան արժեքներ, իրողություններ՝ օրինակ ընտանիքի միասնականությունը, խաղաղությունը, բոլորի բարձր տրամադրությունը, ուրախությունը, որոնք չեն կարող համեմատվել կենցաղային սխալների հետ, նույնիսկ ավելի ծանր սխալները՝ դավաճանություն, վիրավորանք, եթե կա զղջում, չեն կարող լինել ավելի ծանրակշիռ քան այդ արժեքները: Եվ որպեսզի պահենք ու փայփայենք դրանք, հարկավոր է կատարել զոհողություններ: Սա քրիստոնեական կյանքի հիմնաքարն է:

     

    Սերն ուրախանում է ուրիշների հետ միասին 

    Ընտանիքում ճշմարիտ և անշահախնդիր սերն ուրախանում է դիմացինի ուրախությամբ և ոչ թե նախանձում կամ անտարբեր սառնությամբ մտածում միայն իր հաջողությունների մասին: Յուրաքանչյուրի հաջողությունը կրթության մեջ, աշխատանքում, մարդկային հարաբերություններում պետք է լինի տոնելի ընտանիքի բոլոր անդամների համար, որովհետև դա խրախուսանքի, քաջալերանքի, աջակցության, զորակցության կարևոր մի քայլ է:

     

     

    Սերն ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի և ամեն ինչի համբերում է

    Այս չորս արտահայտություններով է Սբ. Պողոսը նկարագրում սիրո զորությունը.

    սեր, որ ամեն բանի կարող է տոկալ, դիմանալ՝ նախևառաջ միմյանց սխալներին, թուլություններին՝ դրանք դիտելով անձի ամբողջական կերպարի մեջ և իր ուշադրությունը պահելով անձի ընդհանուր նկարագրին, դրական լույսին, որ կա յուրաքանչյուրի մեջ, որը օգնում է տոկալ՝ սիրելով:

    Ամեն բանի հավատալը Քահանայապետն առաջարկում է հասկանալ դիմացինին  վստահելու իմաստով, որն օգնում է մարդկային հարաբերությունները դարձնել առավել ազատ, անկաշկանդ, վստահելի, ոչ վերահսկվող: Երբ, օրինակ, ամուսիններից մեկը մշտապես կասկածանքով, քննադատությամբ և կշտամաբանքով է վերաբերվում կնոջը կամ զավակներին, սա կարող է հանգեցնել գաղտնապահության, ստի, անինքնավստահության, որոնք կարող են ծանր հետևանքներ ունենալ թե անհատի և թե ընտանեկան հարաբերությունների համար:

    Ամեն բանի հուսալ. ամեն բանի հուսալը ընտանիքում շատ էական է.ամուսինը կամ կինը միշտ հուսով են, որ դիմացինը կարող է փոխվել Աստծո զորությամբ, որ թերությունները կարո՛ղ են շտկվել Աստծո միջամտությամբ, հիվանդությունները կարո՛ղ են բուժվել Տիրոջ օգնությամբ, սոցիալական խնդիրները կարո՛ղ են հարթվել Աստծո օրհնությամբ. ի վերջո, Հիսուս մեզ քաջալերում է՝ ասելով. «Թակի՛ր, և կբացվի քո առաջ»:

    Ամեն բանի համբերել. Աստծո գերբնականն շնորհով զորացած սերը կարող է հաղթանակած դուրս գալ ամեն դժվարությունից, «դա սեր է, որը երբեք չի հանձնվում, նույնիսկ՝ ամենամութ ժամին», գրում է Քահանայապետը: Սիրել միմյանց, սիրել ընտանիքը՝ չնայած անցած բարդ ճանապարհին, միմյանց հանդեպ անհասկացողության, նույնիսկ ատելության ժամանակավոր պահերին, ճգնաժամերին՝ հասկանալով, որ միայն սերն է մնայունը և արժանին, որի համար պետք է համբերել և պայքարել, Գողգոթա բարձրանալ, խաչվել, պատարագվել, երբ անհրաժեշտ է, որովհետև ի վերջո, վարձատրությունը պահպանված, հարստացած, ամրացած և կյանքով, բերկրանքով լի ընտանիքն է՝ Աստծո պարգևը և այն դափնին, որ սպասում է մեզ երկնքում՝ այն բանի համար, որ կարողացանք «հաղթել աշխարհին», ինչպես Հիսուս հաղթեց: Չէ՞ որ գիտենք թե Ու՛մ ենք հավատացել, ո՛վ է մեր ուսուցիչը, ինչպես գրում է Պողոսը:

     

    Միասնաբար՝ ընտանիքում և ընտանիքի միջոցով մենք սովորում ենք կերտել մի հաստատուն արժեք՝ սերը, որը «երբեք չի անհետանում», այսպես է ավարտվում Պողոսի սիրո օրհներգը: Եթե մեր ընտանիքներում մենք չկարողանանք պահել և աճեցնել սերը, այն երբեք չի աճի նաև Եկեղեցում, որ ընտանիքների Ընտանիք է՝ կամ հարստանում է և առաջ է գնում ընտանիքներում գոյություն ունեցող և ընտանիքներից եկող սիրով՝ միշտ սնվելով և ազնվանալով Քրիստոսի սիրուց, որ միաժամանակ տարածվում և լցվում է նաև մեր ընտանիքների մեջ, իր հետ միասին մեզ բարձրացնում դեպի Երկինք, դեպի Աստվածայինը, որպեսզի «մարդն աստվածանա», ըստ Աթանաս Ալեքսանդրացու խոսքերի:

     

    Սիրո բերկրանքը կարելի է իսկապես վայելել, երբ հետևում են մնացել բազում դժվարություններ, որոնք կարողացել ենք հաղթահարել միասին և Աստծո օգնությամբ: «Որքան մեծ է վտանգը ճակատամարտում, այնքան մեծ կլինի հաղթանակի բերկրանքը», գրում է Սբ. Օգոստինոսը:

     

    Աղոթք՝ Սուրբ Ընտանիքին 

    Յիսու՛ս, Մարիա՛մ եւ Յովսէ՛փ,

    Ձեր մէջ ենք տեսնում ճշմարիտ սիրոյ գեղեցկութիւնը,

    Ձե՛զ ենք դիմում վստահութեամբ:

    Նազարեթի Սուրբ Ընտանի՛ք,

    Շնորհէ՛ք, որպէսզի մեր ընտանիքները եւս լինեն

    Հաղորդութեան եւ աղօթքի վայրեր,

    Աւետարանի իսկական դպրոցներ

    Եւ փոքրիկ տնային եկեղեցիներ:

    Նազարեթի Սուրբ Ընտանի՛ք,

    Թո՛ղ որ ընտանիքներն այլեւս երբեք

    Չտեսնեն բռնութիւն, մերժում եւ բաժանում,

    Թո՛ղ որ բոլոր նրանք, ովքեր վիրաւորուած են կամ վարկաբեկուած,

    Մխիթարութիւն եւ բուժում գտնեն:

    Նազարեթի Սուրբ Ընտանի՛ք,

    Մեզ դարձեալ յիշեցրէ՛ք

    Ընտանիքի սրբութիւնը եւ անձեռնմխելիութիւնը

    Եւ ընտանիքի գեղեցկութիւնը Աստծոյ ծրագրում:

    Յիսու՛ս, Մարիա՛մ եւ Յովսէ՛փ,

    Շնորհ արէ՛ք եւ լսեցէ՛ք մեր աղօթքը. Ամեն

     

     

    Ամբողջական տեքստը  հղմամբ՝ Սիրո բերկրանքը ընտանիքում

     

    Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments