«Որքա՜ն կարևոր է մեզ բոլորիս համար աճել արդարության մեջ և միևնույն ժամանակ միշտ զգալ Աստծո օգնության կարիքը՝ մեր հորիզոնն ընդլայնելու և կյանքի տարբեր իրավիճակներին այլ տեսանկյունից նայելու համար»
Դեկտեմբերի 1-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց իր խորհրդածությունները Հովսեփ Նազովրեցու մասին՝ հատկապես անդրադառնալով նրա անձի երկու կողմերին. արդարությանը և Սուրբ Կույս Մարիամի հանդեպ նրա ունեցած վերաբերմունքին:
Հավատացյալներին ուղղված իր խոսքի սկզբում Նորին Սրբությունը հիշատակեց բազմաթիվ պարականոն գրքեր, որոնք ազդել են Սուրբ Հովսեփի կերպարի ընկալման վրա։ Պարականոնները «լրացնում են կանոնական Ավետարանների պատմողական բացերը», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Այնուամենայնիվ, դա Աստծո Խոսքը չէ և ոչ էլ Աստվածաշնչյան հատված, որտեղ մենք գտնում ենք այն ամենը, ինչը կարևոր է հավատքի և քրիստոնեական կյանքի համար:
Մատթեոս ավետարանիչը Հովսեփին անվանում է արդար և ասում. «Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ, նրա մայրը՝ Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց: Եվ Հովսեփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան» (Մտթ. 1,18-19):
Մարիամի հանդեպ Հովսեփի վարքագիծը հասկանալու համար պետք է հիշել հին Իսրայելի ամուսնական ավանդույթները: Ամուսնությունը երկու փուլով էր կատարվում. նախ, նշանադրությունը, երբ աղջիկն արդեն իսկ համարվում էր նշանածի կինը, սակայն դեռ ապրում էր հայրական տանը, և երկրորդ, հարսի տեղափոխումը ամուսնու տուն, որն ամուսնության ավարտն էր: Ըստ այս ավանդության, այն հանգամանքը, որ մինչ իրենց համատեղ կյանքի սկիզբը Մարիամը հղի էր, կարող էր ամուսնական անհավատարմության մեղադրանքի պատճառ դառնալ, իսկ այդ հանցանքը, ըստ Երկրորդ Օրենքի, պատժվում էր քարկոծմամբ։
Ավետարանը Հովսեփին անվանում է արդար հենց այն պատճառով, որ նա հնազանդվում է Օրենքին, ինչպես ամեն մի իսրայելացի: Սակայն սերն ու վստահությունը Մարիամի հանդեպ հուշում են նրան, որ ինքը ոչ միայն պետք է ենթարկվի օրենքին, այլև պահպանի իր նշանած կնոջ պատիվը, ուստի նա որոշում է թաքուն բաց թողնել նրան՝ առանց հրապարակային նվաստացման ենթարկելու: Մեծ է Հովսեփի սրբությունը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քանզի նա գաղտնի է պահում իր իմացածը, իսկ մենք բամբասանք լսելիս անմիջապես վազում ենք այն էլի ավելի տարածելու։
Մատթեոս ավետարանիչն ասում է. «Եվ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է» (Մտթ. 1, 20): Այսպիսով երազում հրեշտակը բացահայտում է Հովսեփին իր արդարության խոր իմաստը:
«Որքա՜ն կարևոր է մեզ բոլորիս համար աճել արդարության մեջ և միևնույն ժամանակ միշտ զգալ Աստծո օգնության կարիքը՝ մեր հորիզոնն ընդլայնելու և կյանքի տարբեր իրավիճակներին այլ տեսանկյունից նայելու համար: <…> Եկե՛ք խորհենք Ավետարանում նկարագրված մի պատմության մասին, որի մանրամասները մենք հաճախ անտեսում ենք: Մարիամն ու Հովսեփը նշանված են, հավանաբար, նրանք ունեն երազանքներ և սպասումներ, որոնք իրականացնելու են իրենց ապագա համատեղ կյանքի ընթացքում: Աստված շատ հանկարծակի է մտնում նրանց պատմության մեջ, և սկզբում, թեև դժվարությամբ, սակայն երկուսն էլ սրտաբաց ընդունում են այդ իրականությունը»:
Հովսեփի և Մարիամի օրինակը մեզ սովորեցնում է, որ կյանքը հաճախ այնպիսին չէ, ինչպիսին մենք պատկերացնում ենք, և դա հատկապես վերաբերում է ամուսնական սիրուն: Հեշտ չէ սիրահարվածությունից անցում կատարել դեպի հասուն սեր, քանզի հարաբերությունների առաջին փուլը միշտ հիանալի է, հաճախ սիրահարները պատկերացնում են իրականությանը չհամապատասխանող կյանք։ Սակայն, երբ ավարտվում է սիրահարվածությունն իր ակնկալիքներով, գալիս է հասուն, իրական սիրո ժամանակը: Մի սիրո, որը չի ակնկալում դիմացինից համապատասխանել որոշակի գաղափարների, բայց ազատորեն ընտրում է պատասխանատվությունն իրական կյանքում: Ահա թե ինչու Հովսեփը մեզ մի լավ դաս է տալիս. նա ընտրում է Մարիամին «բաց աչքերով»՝ գիտակցելով բոլոր ռիսկերը, ընդգծեց Նորին Սրբությունը: Ոչ թե «ռոմանտիկայի» բացակայությունն է վնասում ամուսնությանը, այլ՝ հաշտությանն ունակ չլինելը: Սրբազան Քահանայապետը կրկին հորդորեց ամուսիններին օրը չավարտել վիճաբանությամբ, քանի որ հաջորդ օրը սկսվում է սառը պատերազմը, որն ավելի վտանգավոր է։
Ունկնդրությունը Նորին Սրբությունն ավարտեց Սբ. Հովսեփին ուղղված աղոթքով.
«Սուրբ Հովսե՛փ, դու, որ սիրեցիր Մարիամին ազատորեն և որոշեցիր հրաժարվել քո պատկերացումներից՝ տեղի տալով իրականությանը, օգնի՛ր մեզանից յուրաքանչյուրին ընդունել Աստծո անակնկալները և կյանքը չընկալել որպես հանկարծակի հարձակում, այլ որպես խորհուրդ, որը թաքցնում է իսկական ուրախության գաղտնիքը: Խնդրի՛ր ուրախություն և արմատականություն նշանված բոլոր քրիստոնյա զույգերի համար, որպեսզի նրանք գիտակցեն, որ միայն ողորմությունն ու ներողամտությունն են հնարավոր դարձնում սերը։ Ամեն»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան