• «Արթուն կացե՛ք և ամեն ժամ աղոթք արեք». Քահանայապետի կիրակնօրյա աղոթքը և քարոզը

    «Արի՛, Տեր Հիսուս, արի՛»։ Եկե՛ք այս աղոթքը կրկնենք ամբողջ օրը, և մեր հոգին արթուն կմնա»


    Մեկնաբանելով մի հատված Ղուկասի Ավետարանից՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հավատացյալների ուշադրությունը հրավիրեց Հիսուսի հետևյալ խոսքերին, որ կոչ է անում չվախենալ վերջին ժամանակներում Իր գալստյանն ուղեկցող նշաններից և սարսափելի իրադարձություններից. Նա Ինքը կգա փրկելու մեզ, ինչպես խոստացել է:

     

    «Որքա՜ն հրաշալի են քաջալերանքի այս խոսքերը. կանգնել ու գլուխը բարձրացնել, քանի որ հենց այդ ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, Տերը գալիս է մեզ փրկելու, – պարզաբանեց Նորին Սրբությունը: – Ուրախությամբ սպասել Տիրոջը՝ նույնիսկ վշտերի, կյանքի ճգնաժամերի և պատմության դրամատիկ իրադարձությունների ժամանակ: Սակայն ինչպե՞ս դա անենք, ինչպե՞ս գլուխներս վեր բարձրացնենք, ինչպե՞ս թույլ չտանք, որ դժվարությունները, տառապանքներն ու պարտությունները չհամակեն մեզ։ Հիսուսը ցույց է տալիս ճանապարհը. «Զգու՛յշ եղեք ինքներդ ձեզնից, գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ […]. Արթու՛ն կացեք և ամեն ժամ աղո՛թք արեք» (տես՝ Ղկ. 21, 34-36)»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ զգոնությունը կապված է ուշադրության և աչալրջության հետ: Չպիտի թույլ տանք, որ սիրտը ծուլանա, իսկ հոգևոր կյանքը սահի դեպի միջակություն: Անհրաժեշտ է պահպանել հոգևոր զգոնությունը, աղոթական ավյունը, առաքելական խանդավառությունը և Ավետարանով ոգևորվածությունը: Պետք է զգուշանալ «դանդաղկոտությունից», որը հանգեցնում է ապատիայի և անտարբերության ամեն ինչի հանդեպ, բացի այն ամենից, ինչը մեզ ձեռք է տալիս:

     

    Մենք պետք է զգոն լինենք՝ մեր օրերն ըստ սովորության չանցկացնելու համար, որպեսզի կյանքի հոգսերը չծանրաբեռնեն մեզ: Ուստի այսօր լավ առիթ է հարցնելու ինքներս մեզ. ի՞նչն է ծանրացնում մեր սրտերը։ Ի՞նչն է ծանրացնում մեր ոգին։ Ի՞նչն է մեզ ստիպում նստել ծուլության գահին։ Ի՞նչն է մեզ թուլացնում, սեղմում գետնին և խանգարում, որ մենք վեր բարձրացնենք մեր գլուխները: Արդյո՞ք նկատում ենք այն խնդիրները, որոնց բախվում են մեր շրջապատի մարդիկ: Արժե խորհել այս հարցերի շուրջ, քանի որ դրանք օգնում են մեզ պաշտպանվել հուսահատությունից և ծուլությունից, ընդգծեց Նորին Սրբությունը. «Ծուլությունը հոգևոր և քրիստոնեական կյանքի մեծ թշնամին է։ Ծուլությունը գցում է մեզ հուսահատության մեջ, որը զրկում է կյանքի ուրախությունից և գործելու ցանկությունից»: Ծուլությունը նման է չար ոգու, որը հոգին գցում է ձմեռային քնի մեջ և նրանից գողանում ուրախությունը, շարունակեց Սրբազան Քահանայապետը։ Զգոնության դրսևորումը անդադար և համառ աղոթքն է, որը ստեղծում է մեր կյանքի մթնոլորտը. «Աղոթքը վառ է պահում մեր սրտերի ջահերը: Երբ խանդավառության կրակը մարում է, հենց աղո՛թքն է այն կրկին բոցավառում և մեզ վերադարձնում Աստծուն: Աղոթքը հոգին արթնացնում է քնից և այն կենտրոնացնում ​կյանքի նպատակի վրա»։

     

    Նույնիսկ ամենալարված օրերին, եկեք չանտեսե՛նք աղոթքը, – կոչ արեց Նորին Սրբությունը. «Մեզ կարող է օգնել ի սրտե արված աղոթքը, որի հիմքում կարճ բացականչությունների հաճախակի կրկնությունն է: Օրինակ, Հիսնակաց շրջանում եկեք կանչենք. «Արի՛, Տեր Հիսուս»։ Թո՛ղ այս կարճ աղոթքը դառնա մեր սովորությունը. «Արի՛, Տեր Հիսուս»: Սուրբ Ծննդյան նախապատրաստության այս հրաշալի ժամանակահատվածում, երբ մենք մտածում ենք մսուրի և Սուրբ Ծննդյան մասին, եկե՛ք ամենայն անկեղծությամբ կրկնենք. «Արի՛, Տեր Հիսուս, արի՛»։ Եկե՛ք այս աղոթքը կրկնենք ամբողջ օրը, և մեր հոգին արթուն կմնա»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց