Սբ. Հովսեփը ատաղձագործ է Նազարեթից, ով խրախուսում է Եկեղեցուն իր հայացքը կենտրոնացնել այն ամենի վրա, ինչը աշխարհը միտումնավոր անտեսում է
1870թ. դեկտեմբերի 8-ին Երանելի Պիոս IX Սուրբ Կույս Մարիամի նշանածին հռչակեց Կաթողիկէ Եկեղեցու երկնային հովանավոր: Կաթողիկէները նշեցին այդ իրադարձության 150-ամյակը՝ հռչակելով Սբ. Հովսեփին նվիրված հատուկ եկեղեցական տարի, հիշեցրեց Նորին Սրբությունը, ընդգծելով իր «Patris corde» («Հայրական սրտով») առաքելական ուղերձը: Այսօր, համաշխարհային ճգնաժամի այս դարաշրջանում, Հովսեփը կարող է աջակցել, մխիթարել և առաջնորդել մեզ:
Սրբազան Քահանայապետը նշեց, որ Աստվածաշնչում Հովսեփ անունով ավելի քան տասը մարդ կա, և այս անունով ամենակարևոր կերպարներից մեկը Հակոբի և Ռաքելի որդին է։ Հովսեփ անունը նշանակում է «Աստված բազմացնի, Աստված մեծացնի», այսպիսով, սա ցանկություն և օրհնություն է՝ հիմնված Աստծո նախախնամության վստահության վրա: Այս անունը բացահայտում է Հովսեփ Նազովրեցի անձի հիմնական կողմերից մեկը. Նա ապավինում է Աստծուն, Ավետարանում նկարագրված նրա ամեն մի արարքը թելադրված է այն վստահությամբ, որ Աստված «կբազմացնի» և «կմեծացնի»: Այս առումով Հովսեփ Նազովրեցին շատ նման է Եգիպտոսի Հովսեփին, ամփոփեց Նորին Սրբությունը:
Հովսեփ անվանը վերաբերող աշխարհագրական անունները նույնպես կարևոր են նրա անձը հասկանալու համար։ «Բեթղեհեմ» նշանակում է «հացի տուն», իսկ արաբերենում՝ «մսի տուն», հավանաբար այդ տարածքում արածող ոչխարների ու այծերի մեծ քանակի պատճառով։ Հիսուս Քրիստոսի լույսի ներքո հացի և մսի մասին այս հիշատակումները վերաբերում են Սուրբ Հաղորդության խորհուրդին, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Ծննդոց գրքից սկսած Բեթղեհեմը բազմիցս հիշատակվում է Աստվածաշնչում: Հռութի և Նոեմիի պատմությունը կապված է Բեթղեհեմի հետ՝ Հռութը ծնեց որդի Օբեդին, որն էլ ծնեց Հեսսեին՝ Դավիթ թագավորի հորը: Հովսեփը՝ Հիսուսի օրինական հայրը, Դավթի սերնդից է: Միքիա մարգարեն Բեթղեհեմի մասին մարգարեացավ. «Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի սակավամա՛րդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան, և նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է» (Միքիա 5, 2): Մատթեոս ավետարանիչն այս մարգարեությունը կապում է Հիսուսի պատմության հետ։
Իսկապես, Աստծո Որդին ընտրում է ոչ թե Երուսաղեմը, որպես Իր մարդեղացման վայր, այլ՝ Բեթղեհեմն ու Նազարեթը, որոնք գյուղեր են ծայրամասում, դրանով իսկ վկայելով, որ Աստված նախընտրում է ծայրամասերն ու արվարձանները:
«Տերը միշտ գաղտնի է գործում արվարձաններում, այդ թվում՝ մեր հոգու, մեր զգացմունքների արվարձաններում … գուցե այն զգացմունքների, որոնցից մենք ամաչում ենք։ Տերը շարունակում է բացահայտել Իրեն արվարձաններում, ինչպես աշխարհագրական, այնպես էլ գոյաբանական»:
Սբ. Հովսեփը ատաղձագործ է Նազարեթից, ով խրախուսում է Եկեղեցուն իր հայացքը կենտրոնացնել այն ամենի վրա, ինչը աշխարհը միտումնավոր անտեսում է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և Սբ. Հովսեփին անվանեց «ամենաէականի ուսուցիչ», ով մեզ սովորեցնում է կարևորել այն, ինչը մերժում են ուրիշները:
Իր հորդորի ավարտին Նորին Սրբությունը հատուկ ուղերձ հղեց բոլոր նրանց, ովքեր ապրում են աշխարհի ամենամոռացված արվարձաններում կամ կյանքի ծայրամասերում՝ մաղթելով նրանց, որ «Սբ. Հովսեփի մեջ տեսնեն վկա և հովանավոր, իրենց հայացքներն ուղղեն նա և դիմեն հետևյալ աղոթքով.
«Սբ. Հովսե՛փ դու, որ միշտ ապավինում էիր Աստծուն և որոշումներ կայացնում Նրա նախախնամությամբ առաջնորդված, սովորեցրու՛ մեզ ապավինել ոչ միայն մեր ծրագրերին, այլև՝ Նրա սիրո ծրագրին: Դու, որ եկել ես ծայրամասերից, օգնի՛ր մեզ մեր հայացքն ուղղել դեպի այն, ինչը աշխարհը մերժում և մի կողմ է հրում։ Մխիթարի՛ր նրանց, ովքեր իրենց միայնակ են զգում, աջակցի՛ր նրանց, ովքեր լուռ աշխատում են ի պաշտպանություն մարդկային կյանքի և արժանապատվության։ Ամեն»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան