• Ձեր կյանքը կառուցե՛ք Աստծո Խոսքի ամուր հիմքի վրա

    Ձեզ կոչ եմ անում. մի՛ կառուցեք ձեր կյանքը ավազի վրա


    2021թ. նոյեմբերի 14-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ նա, ով բարիք է գործում, կառուցում է դրախտ երկրի վրա:

     

    Մեկնաբանելով օրվա ավետարանական հատվածը՝ Նորին Սրբությունը հավատացյալների ուշադրությունը հրավիրեց Հիսուսի հետևյալ արտահայտությանը. «Արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից վայր պիտի թափվեն» (Մկ. 13, 24-25): Այս խոսքերը շատ են զարմացնում. մի՞թե նույնիսկ Տերն է սկսում աղետներ կազմակերպել: Ո՛չ, իհարկե, պարզաբանում է Սրբազան Քահանայապետը, Նա նման մտադրություններ չունի: Հիսուս ցանկանում է, որ մենք հասկանանք հետևյալը. ամեն ինչ այս աշխարհում վաղ թե ուշ ավարտվում է: Նույնիսկ արևը, լուսինը և աստղերը, որոնք կազմում են «երկնակամարը», որը նշանակում է «ամրություն», «կայունություն», դատապարտված են հեռանալու, ավարտվելու:

     

    Այնուհետև Հիսուսն ասում է, որ Ինքը հավերժ մնալու է. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի» (Մկ. 13,31): Տերը բաժանարար գիծ է անցկացնում անցողիկ և վերջավոր իրերի միջև, որոնք հավերժական են:

     

    «Սա ուղերձ է՝ մեր կյանքի կարևոր ընտրություններում մեզ առաջնորդելու համար, որպեսզի ցույց տա, թե որտեղ պետք է ներդնենք մեր կյանքը՝ մի ինչ-որ անցողիկ բանի՞, թե Տիրոջ Խոսքերի մեջ, որը հավերժ է: Ակնհայտ է, որ Տիրոջ Խոսքի մեջ, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Իրականում մեզ հրապուրում են այնպիսի բաներ, որոնք ենթարկվում են զգայարաններին և անմիջապես գոհացնում մեզ, մինչդեռ Տիրոջ խոսքերը, թեև գեղեցիկ են, սակայն համբերություն են պահանջում: Մենք գայթակղվում և կառչում ենք այն ամենից, ինչ տեսնում և զգում ենք, ինչն ավելի ապահով է թվում: Դա մարդկային գայթակղություն է, որը խաբկանք է, քանզի «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»: Ուստի ձեզ կոչ եմ անում. մի՛ կառուցեք ձեր կյանքը ավազի վրա: Տուն կառուցելիս մենք խորն ենք փորում և ամուր հիմք գցում։ Միայն հիմարը կասի, որ դրանք զուր վատնած փողեր են մի բանի վրա, որը չենք տեսնում: Հիսուսին հավատարիմ աշակերտն իր կյանքը հիմնում է ժայռի վրա. դա Նրա խոսքն է, որ չի անցնի (տես՝ Մտթ. 7, 24-27), սա Հիսուսի խոսքերի երկնակամարն է: Հենց նման հիմք է ցանկացել մեր կյանքի համար Հիսուսը, և այն չի անցնի»:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը կոչ արեց խորհել այն մասին, թե որն է Աստծո Խոսքի էությունը, որը զորություն է տալիս կյանքին և երբեք չի ավարտվում: Սուրբ Պողոս առաքյալը հուշում է, որ դա սերն է:

     

    «Նրանք, ովքեր բարիք են գործում, ներդրումներ են կատարում հավերժության մեջ: Առատաձեռն, բարեսիրտ, խոնարհ, համբերատար մարդու տեսնելիս, ով չի նախանձում, չի պարծենում (տես՝ Կորնթ. Ա 13, 4-7), կարող ենք ասել, որ այդ մարդը դրախտ է կառուցում երկրի վրա: Միգուցե նա անտեսանելի լինի, գործունեություն չծավալի, նրա անունը չհայտնվի թերթերում, սակայն այն, ինչ նա անում է, չի կորչելու, քանի որ լավը երբեք չի կորչում, այն մնում է հավերժ»։

     

    Եկե՛ք մտածենք մեր կյանքի ձգտումների մասին, թե որտե՞ղ ենք մենք ներդնում մեր կյանքը՝ փողի, հաջողության, իմիջի, թե բարգավաճման մեջ, շարունակեց Նորին Սրբությունը: Այս ամենից մենք ոչինչ չենք տանելու մեզ հետ: Արդյո՞ք մեզ դուր չեն գալիս  աշխարհիկ բաներ, կարծես մենք այստեղ ենք հավերժ ապրելու համար: Երբ մենք երիտասարդ և առողջ ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է, սակայն երբ գալիս է հրաժեշտի ժամը, պետք է ամեն ինչ թողնել։ Աստծո Խոսքը մեզ այսօր է զգուշացնում. այս աշխարհի թատրոնը կանցնի, և կմնա միայն սերը: Հետևաբար, Աստծո Խոսքի հիման վրա կյանք կառուցելը ոչ թե պատմությունից հեռանալ է, այլ ընկղմում է ժամանակավոր իրականությունների մեջ՝ դրանք մնայուն դարձնելու, սիրով կերպարանափոխելու համար՝ հավերժության նշանը, Աստծո նշանը դրոշմելով նրանց վրա, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը և խորհուրդ տվեց, թե ինչ անել, երբ կարևոր ընտրության առաջ կանգնած լինենք.

     

    «Որոշում կայացնելուց առաջ եկե՛ք պատկերացնենք, որ մեր կյանքի ավարտին կանգնած ենք Հիսուսի առջև, Նրա, ով սեր է: Պատկերացնելով մեզ այնտեղ, Նրա ներկայության մեջ, հավերժության շեմին կանգնած, եկե՛ք որոշում կայացնենք այսօրվա համար։ Ահա՛ թե ինչպես մենք պետք է որոշում կայացնենք. միշտ նայե՛նք դեպի հավերժություն, նայե՛նք Հիսուսին։ Դա հեշտ չի լինելու, սակայն դա կլինի լավագույն, ամենահուսալի լուծումը (տես՝ Իգնատիոս դե Լոյոլա, Հոգևոր վարժություններ, 187)»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց