• Հայ Կաթողիկէ հոգևոր ճեմարանը տոնեց իր հիմնադրման և անվանակոչության՝ Սրբոց Հրեշտակապետաց տոնը

    Հոգևոր և կրթական առաջընթացը՝ Սրբոց Հրեշտակապետաց և երկնային զորաց բարեխոսությամբ և հովանավորությամբ


    Աստված արարչագործության սկզբում ստեղծեց արարածների երկու տեսակները՝ հոգևոր և նյութական, այսինքն՝ Հրեշտակներին և տեսանելի աշխարհը։ Ըստ հունարենի՝ Հրեշտակ նշանակում է «Պատգամաբեր»․ հետևաբար Հրեշտակները համարվում են Աստծո պատգամավորներ։ Նրանք կոչված են պաշտպանելու և փոխանցելու Տիրոջ կամքը հասարակ մարդկանց։

     

    Հրեշտակներն ունեն ինը դաս, որոնցից մեկը Հրեշտակապետերի դասն է։

    Ամեն տարի նոյեմբերի 6-ին Հայ Կաթողիկե Եկեղեցին ամբողջ աշխարհում նշում է երեք Հրեշտակապետերի՝ Գաբրիել, Միքայել և Ռաֆայել, և երկնային զորքերի տոնը։

     

    Այս տարի, Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր ճեմարանը  ևս մաս կազմեց այս տոնին՝ զուգահեռ նշելով ճեմարանի անվանակոչության և հիմնադրման օրը։ Չորս տարի առաջ այս օրը  վերոհիշյալ երեք Սուրբ Հրեշտակապետերի հովանավորության ներքո հիմնադրվեց հոգևոր ճեմարանը՝ Ս․ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկե ժողովրդապետության մեջ՝ համագործակցությամբ Մեծն Տանն Կիլիկիո ներկայիս Կաթողիկոս Պատրիարք՝ Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանի և Լիբանանի երեքդարյա պատմություն ունեցող Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության վարչության։

     

    Այս տարի Ս․ և Անմահ պատարագը մատուցեց համանուն եկեղեցու ժողովրդապետ՝ Հ․ Մաշտոց Վրդ․ Զահթերեանը, առընթերակայությամբ՝ ճեմարանի փոխտեսուչ՝ Հ․ Պետրոս Վրդ․ Մարաշլյանի և փոխժողովրդապետ՝ Տ․ Կոմիտաս Քհն․ Դավեյանի, մասնակցությամբ Պապական Նվիրակ Արհիապատիվ Ժոզե Արք․ Բեթթենկուրի և Գերապատիվ ու Արժանապատիվ հայ հոգևորականների, ժառանգավորների ծնողների և հավատացյալների հոծ բազմության։

    Պատարագի ավարտին հոգևոր ճեմարանի ժառանգավորները հանդես եկան փոքրիկ միջոցառմամբ (շարականներ, բանստեղծություններ, տեսաերիզ՝ նվիրված Հրեշտակապետերին)։ Միջոցառումը եզրափակեց Գերպ. Հ․ Մաշտոց Վրդ․ Զահթերեանը՝ փոխանցելով իր պատգամը։

     

    Տեսուչը ծանոթացրեց հոգևոր ճեմարանի կյանքին՝ ներկայացնելով նրա հիմնական և առանցքային դերը Հայ Կաթողիկե եկեղեցու ապագա հոգևոր հովիվների դաստիարակության գործում։ Նա մեկ անգամ ևս շեշտեց և փաստեց կրթված, արժանավայել և բանիմաց, մարդասեր և առաքինի հայ հոգևորականների կարևորությունը՝ մասնավորապես մեջբերելով․

     

    «Դարեր շարունակ հայը հակառակ ամեն փորձության պայքարել ու կռիվ է տվել սեփական ինքնության, ազգային արժեքների, կրոնի ու պետականության պահպանման համար։ Այս համառ պայքարի ընթացքում հայի հավատքն ու աղոթքը, գիտելիքն ու եկեղեցին են եղել հայության մշտարթուն ուղեկիցները, այն ամուր ապավենները, որոնց հենվելով հայ ազգը կարողացել է պահպանել սեփական արժեքներն ու փոխանցել սերնդեսերունդ՝ իբրև անգին գանձ։

    Չկա հայրենիք՝ առանց գիտելիք, չկա գիտելիք՝ առանց մարդկային ու հոգևոր բարձրագույն արժեքների ու բարոյականության, բարոյականություն, որի առանցքային և ամուր հիմքը հավատն ու սերն են, աղոթքն ու հոգևորը՝ առ ամենագութ Աստված, առ հայրենիք, և առ ժողովուրդ»:

     

    Միջոցառմանը հաջորդեց փոքրիկ հանդիսություն, որի ընթացքում ճեմարանի ժառանգավորները՝ իրենց հոգևոր առաջնորդների հետ միասին կտրեցին տոնական տորթը՝ կիսելով իրենց ուրախությունը ներկա հավատացյալների հետ։

     

    Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարան

     

     

     

Օրացույց

Օրացույց