«Սիրո կղզիներ` անտարբերության ծովում».Ֆրանցիսկոս Քահանայապետի ուղերձը Մեծ Պահքի վերաբերյալ
Մեծ Պահքը, առաջին հերթին, նորացման ժամանակ է ամբողջ Եկեղեցու համար: Այն «շնորհի ժամանակ է».գրում է Սրբազան Քահանայապետն իր ուղերձում: Աստված մեզնից չի խնդրում մի բան, որն Ինքը մեզ տված չլինի: «Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը Նա մեզ սիրեց» (Ա Հվհ., 4:19): Աստված մեզ ճանաչում է անուն առ անուն, յուրաքանչյուրս տեղ ունենք Նրա սրտում, Աստված փնտրում է մեզ, երբ մենք երես ենք թեքում Իրենից: Քանի որ Աստված սիրում է մեզ, Նա չի կարող անտարբեր լինել մեր նկատմամբ: Իսկ մենք, հակառակը, երբ առողջ ենք ու ապրում ենք հարմարավետ, մոռանում ենք ուրիշներին՝ իրենց խնդիրներով, տառապանքներով հանդերձ: Մեր սիրտը սառում է: Անտարբերության այս եսասիրական վարքագիծը համատարած է, սա է անտարբերության գլոբալացումը, շեշտում է Քահանայապետը: Անտարբերությունը Աստծո և մարդկանց հանդեպ իսկական փորձություն է քրիստոնյայի համար: Անտարբերությունը հաղթահարելու համար հարկ է, որ մենք թույլ տանք, որ Աստված մեզ զգեստավորի բարությամբ և եղբայրասիրությամբ, Քրիստոսով, որպեսզի մենք լինենք Քրիստոսի նման՝ Աստծո և ուրիշների սպասավորը: Քահանայապետը բացատրում է, որ երբ Քրիստոս լվաց իր աշակերտների ոտքերը, նա արեց այդ ոչ միայն օրինակ ծառայելու համար.նա ուզում էր հասկացնել, որ միայն նրա՛նք, ովքեր նախ թույլ են տվել, որ Հիսուս լվար իրենց ոտքերը, կարող են ծառայել իրենց եղբայրներին և քույրերին, միայն նրա՛նք «մաս» ունեն Հիսուսի հետ (Հվհ., 13:8): Ուրեմն, եզրակացնում է Քահանայապետը, Մեծ Պահքը ժամանակն է թույլ տալու, որ Քրիստոս ծառայի մեզ, որպեսզի մենք մեր հերթին կարողանանք ավելի շատ նմանվել Իրեն: Այսպիսի քայլի համար լավագույն առիթը Սբ. Հաղորդությունն է.«մենք դառնում ենք այն, ինչ ստանում ենք՝ Քրիստոսի մարմինը: Այդ մարմնում տեղ չկա անտարբերության համար…Որովհետև նա, ով Քրիստոսից է, մեկ մարմնի մեջ է, և Քրիստոսի մեջ մենք չենք կարող անտարբեր լինել միմյանց հանդեպ.«Եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները.եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կրնթ., 12, 26):
Եկեղեցին սրբերի հաղորդություն է`communio sanctorum, ոչ միայն սրբերի հետ հաղորդության պատճառով, այլև սրբությունների հետ հաղորդության պատճառով, նախևառաջ, Քրիստոսի մեջ մեզ հայտնված իր սիրո և մյուս բոլոր պարգևների հետ: Այս սրբությունները ոչ ոք միայնակ չի տիրապետում, այլ՝ կիսում է բոլորի հետ: Քանի որ միացած ենք Տիրոջ մեջ, կարող ենք ինչ-որ բան անել նաև մեզնից հեռու գտնվողների համար:
Արդյո՞ք այս ամենը կիրառում ենք մեր համայնքներում, արդյո՞ք տեսնում ենք մեր դռան առաջ նստած աղքատ Ղազարոսին: Սերը երկրի վրա տարածելու և անտարբերությունը հաղթահարելու համար հարկ է, որ աղոթենք միասին և մեր աղոթքները միացնենք երկնքում բնակվող սրբերի աղոթքների հետ: Սբ. Թերեզա Մարտինը ասում էր, թե երկնքում սրբերի երջանկությունը մնում է անկատար այնքան ժամանակ, քանի դեռ երկրի վրա կա թեկուզ մեկ մարդ, ով տառապում է: Երկրիս երեսին պանդուխտներս կիսում ենք սրբերի ուրախությունն առ այն, որ Հարուցյալ Հիսուս հաղթել է մահվանը, և սա մեզ ուժ է տալիս հաղթահարելու մեր սրտի կոպտությունն ու անտարբերությունը, իսկ սրբերը կիսում են մեր վշտերը և աղոթում մեզ համար:
Յուրաքանչյուր եկեղեցական համայնք կոչված է սեր տարածելու իր շուրջը, Քրիստոսին ավետելու մարդկանց և բոլոր ազգերին, որովհետև այդ իսկ է Եկեղեցու առաքելությունն ինքնին՝ ուղարկված լինելը՝ Տիրոջը քարոզելու համար: Բոլոր մարդկանց մեջ պետք է տեսնենք եղբայրների և քույրերի, ում համար Քրիստոս մեռավ և հարություն առավ: Ինչ որ ստացել ենք Տիրոջից, ստացել ենք նաև նրանց համար: Նույնկերպ, այն ամենն ինչ մեր եղբայրներն ու քույրերը ստացել են Տիրոջից, Եկեղեցու և ամբողջ մարդկության համար է: «Որքա՛ն կուզենայի, որ այն բոլոր վայրերը, ուր ներկա է Եկեղեցին՝ մեր համայնքները, դառնային սիրո կղզիներ անտարբերության ծովում».գրում է Քահանայապետը:
Պահքի համար Քահանայապետը բոլորիս հրավիրում է սրտի ձևավորման, ինչպես անվանել է Բենեդիկտոս 16-րդ Քահանայապետն իր «Աստված սեր է» շրջաբերականում: Մեր սիրտը պետք է գթասիրտ լինի, դա չի նշանակում լինել թույլ, այլ՝ ուժեղ՝ փորձություններին դիմակայելու և Աստծո առաջ բաց լինելու համար: Պետք է լինենք սրտով աղքատ՝ գիտակցելով մեր սեփական աղքատությունը և պատրաստ լինելով ազատորեն նվիրվելու ուրիշներին: Քահանայապետն իր ուղերձը ավարտում է «Սիրտ Հիսուսի» լիթանիայի տողերով.«Արա՛ զսիրտ մեր ըստ Սրտին Քում»:
Ուղերձը գրվել է 2014թ. Հոկտեմբերի 4-ին՝ Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցու տոնին: Այս սրբի կերպարը լավագույնս կարող է առաջնորդել մեզ Աղուհացից այս օրերին՝ հիշեցնելով իր խոնարհ, մեծ սիրտը, որն իրոք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սրտի նմանությունն ուներ: