Անձնական հեղինակության պահպանման ձգտումը կարող է դառնալ հոգևոր հիվանդություն, որը կարող է թաքնված լինել նույնիսկ բարի մտադրությունների տակ
Հոկտեմբերի 17 –ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության մեջ ընդգծեց, որ անձնական հեղինակության ձգտումը կարող է հանգեցնել հոգու հիվանդության: «Ինքներդ ձեզ այլ մարդկանցից բարձր դասելու փոխարեն վայր իջեք պատվանդանից՝ նրանց ծառայելու համար, խորասուզվեք նրանց կյանք», – կոչ արեց Նորին Սրբությունը:
Օրվա ավետարանական հատվածում երկու աշակերտները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, խնդրում են Տիրոջը, որ մի օր նստեն Նրա փառքի մեջ՝ որպես «վարչապետ» կամ նման մի բան (Մկ. 10, 35-45): Մեկնաբանելով այս հատվածը՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ ի պատասխան նրանց խոսքերին և մյուս աշակերտների վրդովմունքին՝ Հիսուսը նրանց մեծ դաս է տալիս. իսկական փառքը ձեռք է բերվում ոչ թե ուրիշներից իրեն բարձր դասելով, այլ՝ նույն մկրտությամբ, որը Նա կստանա կարճ ժամանակ անց Երուսաղեմում, այսինքն՝ խաչելությամբ: Ի՞նչ է սա նշանակում: «Մկրտություն» բառը նշանակում է «ընկղմվել», – պարզաբանեց Նորին Սրբությունը, – «Իր չարչարանքներով Հիսուսն ընկղմվեց մահվան մեջ՝ իր կյանքը նվիրելով մեր փրկության համար: Այսպիսով, Նրա փառքը, Աստծո փառքը սերն է, որն արտահայտվում է ծառայությամբ, այլ՝ ոչ թե տիրապետելու իշխանությամբ»: Դրա համար էլ Հիսուսն ասաց հետևյալը. «Ձեզնից ով կամենա մեծ լինել, բոլորին ծառա թող լինի» (Մկ. 10, 43), քանզի բարձրանալու համար պետք է ծառայել ուրիշներին:
Մենք տեսնում ենք երկու հակադիր տրամաբանություն. աշակերտները ցանկանում են բարձրանալ, իսկ Հիսուսն՝ ընկղմվել, շարունակեց Սրբազան Քահանայապետը.
«Բարձրանալ, լինել տեսադաշտում – արտահայտում է աշխարհիկ այն մտածելակերպը, որի գայթակղությանը մենք միշտ ենթարկվում ենք. օգտագործել ամեն ինչ՝ ներառյալ հարաբերությունները՝ ձեր ամբիցիաները բավարարելու, հաջողության աստիճաններով բարձրանալու և կարևոր պաշտոններ ստանալու համար: Անձնական հեղինակության պահպանման ձգտումը կարող է դառնալ հոգևոր հիվանդություն, որը կարող է թաքնված լինել նույնիսկ բարի մտադրությունների տակ, օրինակ, բարություն գործելիս և քարոզելիս՝ մենք իրականում փորձում ենք ինքնահաստատվել՝ ցանկանալով միայն առաջ շարժվել և վեր բարձրանալ… Մենք դա տեսնում ենք նույնիսկ Եկեղեցում: Մի՞թե քիչ են այն քրիստոնյաները, ովքեր իրենց բնույթով պետք է ծառայեն ուրիշներին, սակայն նրանք փորձում են վեր բարձրանալ, առաջ շարժվել: Դրա համար էլ մենք միշտ պետք է հասկանանք մեր սրտի իրական մտադրությունները և հարցնենք ինքներս մեզ. «Ինչու՞ եմ ես անում այս աշխատանքը, ինչու՞ եմ զբաղեցնում այս պաշտոնը: Արդյո՞ք ուրիշներին ծառայելու համար, թե՞ որպեսզի ինձ ճանաչեն և գովաբանեն»: Աշխարհիկ այդ տրամաբանությանը Հիսուսն հակադրում է Իր տրամաբանությունը. ուրիշների վրա գերակայելու փոխարեն իջիր պատվանդանից՝ նրանց կյանք ընկղմվելու և նրանց ծառայելու համար»:
Նորին Սրբությունը որպես այդպիսի ծառայության օրինակ՝ բերում է Կարիտասի կամավորներին, քանզի Եկեղեցու այս բարեգործական կազմակերպության գործունեության ուղղություններից է՝ քաղցածներին օգնելը, որոնց թիվն ավելացավ համավարակի պատճառով:
«Հիսուսը խնդրում է մեզ կարեկցանքով ընկղմվել նրանց կյանք, ում հանդիպում ենք: Արդյո՞ք մենք կարեկցում ենք այն մեծաթիվ մարդկանց, ովքեր այսօր սոված են ամբողջ աշխարհում: Հացի սեղանի շուրջը նստած, որն Աստծո ողորմածությունն է, արդյո՞ք մենք հիշում ենք, որ կան մեծաթիվ մարդիկ, ովքեր աշխատում են, սակայն իրենց վաստակը չի բավականացնում, որպեսզի հաց ուտեն»:
Աղքատության վիճակագրությունը վերաբերում է կենդանի մարդկանց, որոնց հանդեպ պետք է կարեկցանք ցուցաբերել, ինչպես Հիսուսն է վարվում բոլորիս հետ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.
«Եկե՛ք նայեք խաչված Տիրոջը, Ով ամբողջությամբ ընկղմված է մեր վիրավոր պատմության մեջ, և Աստծո ճանապարհը կբացահայտվի մեզ համար: Մենք տեսնում ենք, որ Նա չմնաց երկնքում՝ մեզ վերևից նայելու համար, այլ՝ իջավ մեր ոտքերը լվանալու: Աստված սեր է, իսկ սերը խոնարհ է, այն իրեն չի բարձրացնում, այլ թափվում է անձրևի պես և կյանք բերում։ Հիսուսին նմանվելու և Նրա ճանապարհով շարժվելու համար անհրաժեշտ է վճռականություն ու ջերմեռանդություն, սակայն դա բավարար չէ, քանզի դժվար և նույնիսկ անհնար է դա միայնակ անել: Բայց մենք մեզ օգնող զորություն ունենք: Դա մկրտության զորությունն է, որով մենք ընկմվեցինք Քրիստոսի մեջ և ընդունեցինք որպես շնորհ, որը մեզ առաջնորդում է, քաջալերում է հետևել Քրիստոսին, չփնտրել շահ, այլ՝ ծառայել ուրիշներին: Սա շնորհ է, սա կրակ է, որը Սուրբ Հոգին վառեց մեր մեջ և որը պետք է պահպանել: Եկե՛ք խնդրենք Սուրբ Հոգուն, որպեսզի նորոգի մեզ մկրտության, Հիսուսի մեջ, Նրա կենսակերպի մեջ ընկղմվելու շնորհը՝ ուրիշներին Նրա նման ծառայելու համար»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան