Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի
Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, Հայ Կաթողիկէ Արքեպիսկոպոսաց և Եպիսկոպոսաց դասը, Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանությունը և Պաթագյան ընտանիքը սրտի կսկիծով գուժում են Արհ. Տ. Մանվել Եպիսկոպոս Պաթագյանի՝ Հյուսիսային Ամերիկայի Վաստակավոր Առաջնորդի, Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանության անդամի մահը, որը տեղի ունեցավ 2021թ. հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ Հայ Կաթողիկէ Պատրիարքարանում։
Թաղման կարգը կկատարվի 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ առավոտյան ժամը 11։00-ին, Զմմառու Վանքի մայր տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում Կաթողիկոս Պատրիարքի նախագահությամբ։ Ապա Սրբազան Հոր մարմինը կամփոփվի մայրավանքի միաբանական դամբարանում։
Ցավակցությունները կընդունվին հուղարկավորությունից և կեսօրից հետո՝ 16։00-19։00, Զմմառու մայրավանքի դահլիճում։
Կենսագրությունը
Արհ. Տ. Մանուել Եպս. Պաթագյանը ծնվել է 1929թ. նոյեմբեր 5-ին, Հունաստանի Գոգինիա քաղաքում: 1939թ. Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկիզբում ընտանիքը փոխադրվել է Լիբանան և հաստատվել Բուրջ Համուդում: Պատանի Մանվելը նախ հաճախել է Հայ Կաթողիկէ Մեսրոպյան վարժարան, ապա 1941թ. մուտք է գործել Զմմառու Վանքի փոքր ընծայարանը և Զմմառու Ցավագին Տիրամոր մատուռ, ինքն իրեն նվիրելով Աստուծուն: Այնտեղ իր ուսումը շարունակել մինչեւ 1946թ.: Նույն տարում մեկնել է Հռոմ, Լևոնյան վարժարան: Իմաստասիրություն ու աստվածաբանություն ուսումնասիրելու համար հաճախել է Հիսուսյան Հայրերի Քահանայապետական Գրիգորյան համալսարան:
1954թ. դեկտեմբեր 8-ին՝ Անարատ Հղության տոնին, Երջանկահիշատակ Պետրոս Արք. Քետիճյանի ձեռամբ օծվել է կուսակրոն քահանա, անդամակցել Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանությանը:
1955թ. վերադարձել է Լիբանան և որպես օգնական ժողովրդապետ սկսել իր առաքելությունը՝ Ս. Գրիգոր – Ս. Եղիա Աթոռանիստ եկեղեցում: 1957թ. նշանակվել է Բուրջ Համուդի Ս. Փրկիչ Եկեղեցու փոխժողովրդապետ, իսկ 1963թ. ստանձնել ժողովրդապետի պաշտոնը և անվերապահ նվիրումով ծառայել մինչև 1978թ.՝ քսանմեկ տարի շարունակ: 1978թ. Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանությունը Միաբանական Ընդհանուր Ժողովի ժամանակ նրան ընտրեց Զմմառի Միաբանության Պատրիարքական Փոխանորդ և մայրավանքի մեծավոր: Այս պաշտոնը Պաթագյանը վարեց մինչև 1984թ.՝ վեց տարի:
1984թ. նշանակվեց Փարիզի Ս. Խաչ Աթոռանիստ Եկեղեցու ժողովրդապետ և Ֆրանսայի Հայ Կաթողիկէ թեմի Ընդհանուր Փոխանորդ: Այնուհետև, 1990թ. ստանձնում է Հռոմի Լևոնյան Քահանայապետական վարժարանի Մեծավորի պաշտոնը: Մեծավորության տարիներին Պաթագյանը եղել է նաև Ռադիո Վատիկանի հայկական բաժնի պատասխանատու: Միաժամանակ իրեն վստահվել է Հայ Կաթողիկէ Պատրիարքության գործակատարի և Հռոմի Ս. Վլաս հյուրանոցի մատակարարության պաշտոնները:
1995թ. Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց Սինհոդոսի կողմից ընտրվել է Հայ Կաթողիկէ Պատրիարքության Կաթողիկոսական Ընդհանուր Փոխանորդ: Նույն թվականի մարտ 11-ին Ս. Եղիա – Ս. Գրիգոր Լուսաւորիչ Աթոռանիստ Եկեղեցում օծվել է եպիսկոպոս՝ Երջանկահիշատակ Ամեն. Տ. Հովհաննես Պետրոս ԺԸ Կաթողիկոսի ձեռամբ: Եպիսկոպոսական օծումից հետո նա նշանակվել է Լիբանանի Հայ Կաթողիկէ Առաջնորդ ու Պատրիարքական Թեմի Փոխանորդ: 2000թ. Գերապայծառը հրաժարական է տվել Կաթողիկոսական Փոխանորդի պաշտոնից: Ապա 2000թ. նոյեմբերի 30-ին նշանակվել է Առաջնորդ Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Կաթողիկէ Հայոց Էքսարքությունում: 2001թ. հունվար 20-ին Նյու Յորքի Սրբուհի Աննա Կաթողիկէ Հայոց Աթոռանիստ Եկեղեցում տեղի ունեցավ Արհի. Մանվել Եպս. Պաթագյանի գահակալությունը: Առաջնորդական պաշտոնը վարեց տասը տարի, չնայած Գերապայծառն այդ պաշտոնը վարել է մինչև 2004թ., կանոնական տարիքը բոլորած լինելով ներկայացրել է իր հրաժարականը այդ պաշտոնից, սակայն շարունակել է այն վարել մինչև 2012թ. ընտրվել է իր հաջորդը։ Այդ նույն թվականին վերադարձել է Լիբանան և հաստատվել Հայ Կաթողիկէ Պատրիարքարանում, որտեղ իր ժամանակի մեծ մասը հատկացրել է հոգևոր գրականություն ուսումնասիրելուն, և, հատկապես, Սուրբ Գիրքի աշխարհաբար թարգմանության վերատեսման աշխատանքին։
Այս պաշտոններին և առաքելություններին առընթեր, Արհ. Տ. Մանվել Եպս. Պաթագյանը եղել է Հայ Կաթողիկէ Դատական Ատյանի դատավոր, Հայ Կաթողիկէ Մնայուն Սինհոդոսի անդամ, Պատրիարքական Ծիսական հանձնախմբի նախագահ, ընդհանուր քարտուղար, ապա՝ Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց Սինհոդոսի ատենավար։
Հատկապես հայտնի են հոգելույս Գերապայծառի երաժշտագիտական արժանիքները. լինելով քաջահմուտ երաժիշտ՝ հովվական գործին զուգահեռ զբաղվել է նաև Եկեղեցու երգչախմբի զարգացմամբ:
Նա անսահմանորեն սիրում էր եկեղեցական երաժշտությունը, ամբողջովին ըմբոշխնել էր Կոմիտասի, Եկմալյանի Պատարագները, ինչպես նաև թրծված լինելով Զմմառու ավանդական եղանակներով՝ հմտորեն տիրապետում էր Զմմառյան ավանդական շարականներին:
Նվագում էր երգեհոն: Անգիր գիտեր երաժշտական դժվարիմաց ստեղծագործություններ, օրինակ՝ Բախի, Հայդնի, Հենդելի, Մոցարտի և Վագների ստեղծագործությունները:
Վերջին տարիներին Գերապայծառը մնայուն բնակություն էր հաստատել Բեյրութում՝ Հայ Կաթողիկէ Պատրիարքարանում, որպես Հայ Կաթողիկէ Կաթողիկոսի խորհրդատու: Եկեղեցու Սուրբ Խորհուրդներով զորացած՝ կարճատև հիվանդությունից հետո, Հայ Կաթողիկէ Եկեղեցու երկարամյա սպասավորը և Աստծո ծառան մահացավ իր կյանքի 92-րդ և Քահանայական ծառայության 67-րդ տարում:
Հանգուցյալ Գերապայծառի գրչին են պատկանում «Իմ Պատարագս»՝ տպված Բեյրութ 1964թ. և «Նոր Աղոթագիրք» գրքույկները՝ տպված Բեյրութ 1982թ., ինչպես նաև բազմաթիվ եկեղեցական և, հատկապես, ծիսական հոդվածներ՝ հրապարակված Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի «Ավետիք» պաշտոնաթերթում և Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանության «Զմմառեանք ի սփիւռս աշխարհի» տարեգրքում: Պաթագյան Գերապայծառն իր կյանքի վերջին տարիներին Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարքական Ծիսական Հանձնախմբի մեջ գործուն մասնակցություն է ցուցաբերել, իր ջանքերով վերահրատարակվել են Փոքր Մաշտոցը (աշխարհաբար), Նոր Կտակարանը, ինչպես նաև Դավթի Սաղմոսները:
Աստծուց հայցելով երկնային խաղաղություն և հանգուցյալին հավիտենական հանգիստ, մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Միաբանության ավագ և կրտսեր բոլոր անդամներին ու սգակիր հարազատներին՝ խնդրելով Տիրոջից նորանոր քահանայական կոչումներ ի փառս Աստծո և ի պայծառություն Ս. Եկեղեցու:
Դիվան Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը