• Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապը նորընտիր Կաթողիկոսին շնորհեց «Եկեղեցական հաղորդություն»

    «Ես Ձեզ եմ վստահում երիտասարդ սերունդների խնամքը, կոչումների խթանումը, այն իմաստուն ներդաշնակությունը, որը Դուք պետք է գտնեք Ձեր համայնքի տարբեր հաստատությունների միջև»


    2021թ. Սեպտեմբերի 24-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապը ունկնդրություն շնորհեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդին և Հայ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսներին: Պապը Պատրիարքին հանձնեց «Եկեղեցական հաղորդության»՝ «Ecclesiastica Communio» կոչվող վավերագիրը, որը, ըստ Արևելյան Եկեղեցական կանոնագրքի 76-րդ հոդվածի, հաստատում է, որ Պապը՝ Կաթողիկէ՝ Ընդհանրական Եկեղեցու գլուխը, ընդունում և վավերական է համարում պատրիարքական ընտրությունների արդյունքները և նորընտիր Պատրիարք Կաթողիկոսին ընդունում է Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու հաղորդության կամ միության մեջ: Այս հաղորդությունն է նշանը՝ Քրիստոսի Մեկ և Սուրբ Ընդհանրական Եկեղեցու հետ միության, ըստ Քրիստոսի պատվիրանների՝ «որպեսզի բոլորը լինեն մեկ», Հվհ. 17:21, «որպեսզի լինի մեկ հոտ և մեկ հովիվ», Հվհ. 10:16:

    Իր վավերագրում Պապը գրում է. «Աստծո սուրբ ժողովրդի յուրաքանչյուր հայ կաթողիկէ զավակ սպասում էր իր Հովվին, որպեսզի ճանաչվի Նրա կողմից, կանչվի իր անունով և առաջնորդվի Ավետարանի զորեղ և քնքուշ խոսքով»:

    Քահանայապետը, դիմելով նորընտիր Պատրիարքին, գրում է, որ նրա ընտրությունը տեղի ունեցավ մի ժամանակում, երբ մարդիկ հատկապես ծանրաբեռնված են բազմաթիվ մարտահրավերներով, հատկապես Սիրիայում և Լիբանանում, որտեղ ներկա է Հայ Կաթողիկէ Եկեղեցին:

     

    Պապը գրում է նաև հայ ժողովրդի տառապալից պատմության մասին հետևյալը.

     

    «Մենք ճանաչում ենք հայ ժողովրդին՝ որպես տառապանքի մեջ արհեստավարժ՝ ավելի քան 1700 տարիների քրիստոնեական պատմության բազմաթիվ փորձությունների պատճառով, բայց նաև այն պատճառով, որ հայ ժողովուրդն անսպառ կարողություն ունի ծաղկելու և պտղաբերելու՝ իր սրբերի և նահատակների սրբության և իմաստության շնորհիվ, իր վարդապետների և մտածողների մշակույթի շնորհիվ, այն արվեստի շնորհիվ, որը գիտի՝ ինչպես ժայռի մեջ փորագրել Խաչի նշանը՝ որպես կենաց ծառ: Սա վկայություն է հավատքի հաղթանակի՝ աշխարհի ամեն տեսակ չար ուժերի հանդեպ»:

     

    Պապը գրում է նաև Պատրիարքի առաքելության մասին.

     

    «Այն Եկեղեցին, որը Դուք կոչված եք առաջնորդելու, ամբողջովին ներգրավված է հայ ժողովրդի կյանքի մեջ՝ պահպանելով ժողովրդի հիշողությունը և ավանդությունները և, միևնույն ժամանակ, խորապես կապված է Պետրոս առաքյալի հաջորդի հետ: Ես Ձեզ եմ վստահում երիտասարդ սերունդների խնամքը, կոչումների խթանումը, այն իմաստուն ներդաշնակությունը, որը Դուք պետք է գտնեք Ձեր համայնքի տարբեր հաստատությունների միջև՝ ինչպես Անարատ Հղության քույրերի միաբանության, Մխիթարյան միաբանության և Զմմառի Պատրիարքական Կղերի միաբանության միջև, ինչպես նաև ձեր շատ եղբայրների և քույրերի, ովքեր կազմավորվել են և ապրում են լատինածես Եկեղեցում, բայց քաջատեղյակ են իրենց հայկական ժառանգությանը: Թող Ամենասուրբ Աստվածամայրը և ձեր ավանդության սրբերը, մանավանդ, Սուրբ Գրիգոր Նարեկացին, ում Եկեղեցու Վարդապետ հռչակելու ուրախությունը ես ունեցա, առաջնորդեն, օրինակ ծառայեն և բարեխոսեն ձեզ համար, թող նրանք մեզ նախևառաջ ցույց տան Հայ Առաքելական Եկեղեցու մեր եղբայրների և քույրերի հետ ճշմարիտ եղբայրության, համամիութենական երկխոսության ճանապարհը»:

     

    Վավերագրի վերջում Պապը գրում է, որ որպես Պետրոս առաքյալի հաջորդ, ում Տիրոջ կողմից վստահված է իր եղբայրներին հաստատել հավատքի մեջ, սիրով շնորհում է եկեղեցական հաղորդությունը, ըստ Ավանդության, նաև շնորհում է խաղաղության ողջագուրումը և իր առաքելական օրհնությունը:

     

    Լուսանկարները՝ Վատիկան Նյուզից

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

     

Օրացույց

Օրացույց