Հանուն ճշմարտության.Հայ Կաթողիկէ Եկեղեցու պաշտոնական պարզաբանումը «Հետք»-ի հրապարակման առնչությամբ
Պարզաբանում 2015թ. Փետրվարի 11-ին www.hetq.am կայքում «Կրոնակա՞ն, թե՞ ազգային խնդիր Ջավախքում. ուկրաինացի հոգևորականը թաղման նախօրեին փակել է գյուղի եկեղեցին» (լր.՝Քրիստինե Աղալարյան) վերտառությամբ հրապարակման մեջ արծարծվող խնդրի առնչությամբ
Վրաստանի Ախալցիխեի տարածաշրջանի հայ կաթողիկե գյուղերը (այդ թվում և՝ Ծղալթբիլան կամ Նորշենը), որոնք ձևավորվեցին Արևմտյան Հայաստանից գաղթած հայությամբ, պահպանեցին ու ծաղկեցրին իրենց պապերից ժառանգած կաթողիկե դավանանքը: Խորհրդային ռեժիմի տարիներին, երբ Հայաստանում փակվեցին բոլոր կաթողիկե եկեղեցիներն ու արգելվեց Հայ Կաթողիկե Եկեղեցու գործունեությունը, նույնը տեղի ունեցավ նաև Վրաստանում: Սակայն հայ կաթողիկեները, հակառակ ճնշումներին, մշտապես վառ պահեցին իրենց հավատքի ջահն ու սերտ կապը կաթողիկե նվիրապետության հետ: Հոգևոր կարիքների բավարարման փափագը ստիպում էր նրանց հասնել Թբիլիսի և եկեղեցական խորհուրդները ստանալ լատին եկեղեցում: Քանի որ հայ կաթողիկե հոգևորականների ծառայությունը խորհրդային տարածաշրջանում արգելված էր ընդհուպ մինչև 1991թ., 1987թ. Հռոմի Սուրբ Աթոռը վիրահայ կաթողիկե Սխվիլիսի (Սուխլիս), Ծղալթբիլա և հարակից մի քանի այլ գյուղերի հոգևոր պահանջները բավարարելու նպատակով ուղարկեց ազգությամբ լեհ Հ. Հովսեփ վարդապետ Կոռնաշևսկուն, ով կարճ ժամանակում յուրացրեց հայ եկեղեցական ծիսակարգը և խորհուրդները մատակարարում էր ըստ հայ եկեղեցական ծիսակարգի: 1990թ.իրենց գյուղում մշտապես քահանա ունենալու ցանկությամբ ծղալթբիլացիների մի խումբ մեկնեց Ռիգա և կարդինալ Վայվոցին խնդրեց մի վարդապետ ուղարկել Ծղալթբիլա: Երկար ու համառ խնդրանքներին կարդինալն ընդառաջեց և նույն թվականին Ծղալթբիլա ուղարկեց ազգությամբ ուկրաինացի Հ. Անատոլի վարդապետ Իվանյուկին: Հ. Անատոլին առավել մեծ սիրով ու հարգանքով յուրացրեց հայերենը, հայկական ծիսակարգը, հայ եկեղեցական շարականները, պատմությունը՝ հաճախակի դասեր առնելով նաև Մխիթարյան միաբանության հայրերից: Հ. Անատոլին Հայ Կաթողիկե Եկեղեցում հայ ծեսը, մշակույթը և պատմությունը իմացող և գնահատող լավագույն հոգևորականներից մեկն է: 25 տարի անխոնջ ծառայել է Ծղալթբիլայի հոգևոր վերելքի համար՝ կանոնավոր կերպով կատարելով հայկական ծիսակարգը, ըստ կանոնական և բարոյական անհրաժեշտության: Գյուղի եկեղեցին մշտապես լի է եղել և այսօր էլ լի է բարեպաշտ գյուղացիներով: Հ. Անատոլիի հովվական օրինակը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել նույն գյուղում քահանայական կոչումների և վանական կյանքին նվիրման համար.Հայ Կաթողիկե Եկեղեցու տարբեր համայնքներում այժմ ծառայում է ծնունդով Ծղալթբիլայից 3 վարդապետ (Հ. Պետրոս վրդ. Պետրոսյան, Հ. Հովսեփ վրդ. Մելիքսեթյան, Հ. Սերգեյ վրդ. Բաբաջանյան) և Սալեզյան միաբանության անդամ 6 միանձնուհի, ինչը խոսում է Հ. Անատոլիի առավել քան պտղաբեր և օրինակելի հոգևոր ծառայության և նվիրման մասին: Ի նկատի ունենալով Հ. Անատոլիի քաջածանոթ հարգանքը հայ ժողովրդի և հայոց պատմության նվիրական էջերի հանդեպ, ընդգծում ենք, որ նա չէր կարող նման վերաբերմունք ունենալ Հայոց Ցեղասպանության զոհերի նկատմամբ կամ թուրքերին գերադասել հայերից.նման արտահայտությունները, որոնք հարցազրույցի ժամանակ թույլ է տվել Վիկտոր Հովհաննիսյանը (և ոչ բոլոր համայնականները), բացարձակ սուտ է: Հ. Անատոլին չէր կարող նաև թշնամանք սերմանել հայ ժողովրդի հոգևոր սրբավայր Սբ. Էջմիածնի հանդեպ (ծղալթբիլացի երիտասարդների համար Հ. Անատոլին բազմաթիվ ուխտագնացություններ է կազմակերպել դեպի Սբ. Էջմիածին և այլ վանքեր) կամ Հայ Առաքելական Քույր Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ.Հայ Կաթողիկե և Հայ Առաքելական Եկեղեցիները մշտապես ջերմ և կառուցողական հարաբերություններ են ունեցել և ունեն մինչ օրս ոչ միայն բարձրաստիճան հոգևորականների, այլև առանձին համայնքներում ծառայող հոգևորականների մակարդակով: Դավանական ինքնության մասին խոսելը կամ դավանական ինքնությանը հավատարիմ մնալու մասին քարոզելը չի նշանակում քար շպրտել քույր Եկեղեցու բակը: Ուստի կայքին հարցազրույց տված անձը միտումնավոր, անձնական նկրտումներից դրդված խեղաթյուրում է Հ. Անատոլիի դիրքորոշումն ու խոսքերը, ինչի մասին, վստահ ենք, կվկայի նաև ծղալթբիլացիների մեծամասնությունը, նրանց կարծիքները բարեխղճորեն և անկողմնապահությամբ ճշտելու պարագայում: Տարօրինակ ենք համարում, որ Հ. Անատոլիին զրպարտող կամ չհասկացող մի փոքրիկ խումբ ծղալթբիլացիներ իրենք իրենց Եկեղեցու և ազգի ավելի մեծ նվիրյալներ են համարում և մոռանում են կամ չեն հասկացել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը.«Խտրութիւն չկա ոչ հրեայի եւ ոչ հեթանոսի…որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս» (Գղ., 3:28): Քրիստոսին քարոզողների համար ազգային խտրականությունն ընդունելի չէ ոչ միայն Հայ Կաթողիկե, այլև Հայ Առաքելական Եկեղեցում: Աստծո կողմից ուղարկված յուրաքանչյուր մշակ հավատացյալների կողմից պետք է ընդունվի որպես Աստծո առաքյալ և սպասավոր, ով իրավունք ունի հորդորելու, հանդիմանելու՝ ի շահ ողջ Եկեղեցու.«Եւ դու քարոզի՛ր Աստծու խոսքը…յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ…» (Բ Տիմ., 4:2): Իսկ եթե ոմանք հորդորը ընդունում են որպես անձնական թշնամանքի արտահայտություն՝ իրենց հպարտության պատճառով չընդունելով խրատը, դա վկայում է նրանց հավատքի թերության մասին:
Անդրադառնանք բուն դեպքին: Ննջեցյալ Սարգիս Հովհաննիսյանի որդին խնդրել է Հ. Անատոլիին կատարել իր հոր հուղարկավորության կարգը, Հ. Անատոլին սիրով համաձայնել է կատարել կարգը: Բայց, քանի որ Սարգիս Հովհաննիսյանի եղբայր Վ. Հովհաննիսյանը անձնական հակակրանք ունի Հ. Անատոլիի հանդեպ, խնդրել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանին ուրիշ հոգևորական ուղարկել իր եղբոր հուղարկավորությունը կատարելու համար՝ նշելով իրենց նախընտրած քահանայի անունը: Սրբազան հայրը, ընդառաջելով ննջեցյալի հարազատների խնդրանքին և խորհրդակցելով Հ. Անատոլիի հետ, ծիսակարգը կատարելու համար Ծղալթբիլա է ուղարկել հարևան գյուղերում սպասավորող մեկ այլ հոգևորականի: Բայց Վ. Հովհաննիսյանը հոխորտացել է, թե եթե իրենց նախընտրած քահանան չկատարի թաղման կարգը, իրենք քահանա կհրավիրեն Առաքելական Եկեղեցուց: Շատ հստակ է, որ նման ինքնագլուխ վերաբերմունքի իրավունք չունի Վ. Հովհաննիսյանը կամ այդ համայնքի ցանկացած այլ բնակիչ, քանի որ եկեղեցական արարողությունների կատարման կարգը և կատարող քահանայի անձը որոշողը ոչ թե համայնքի աշխարհական անդամն է, այլ՝ համայնքի քահանան և քահանայի վերադասը՝ թեմակալ առաջնորդ եպիսկոպոսը, այս դեպքում Հ. Անատոլին և Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը (և ոչ թե Մխիթարյան միաբանությունը, ինչպես ակնարկում է, կամ ինչպես կուզեր, որ լիներ, Վ. Հովհաննիսյանը): Այդ պատճառով, Հ. Անատոլին թույլ չի տվել թեմի առաջնորդի և իր կողմից առաջարկված հոգևորականին կատարել թաղման կարգը և բացել եկեղեցին, քանի որ հարազատներից մի քանիսը իրենց քմահաճույքներով վիրավորել են Եկեղեցուն, անարգել թեմի առաջնորդին և Հ. Անատոլիին, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել եկեղեցական կանոնների նկատմամբ: Հետևաբար, աղոթատան փակ լինելը, որի մասին շեշտվում է հրապարակման մեջ, արդարացի հանդիմանության, հայրական խրատի արտահայտություն է և ոչ թե արհամարհանք կամ մարդատեացության: Եկեղեցու դուռը փակելը չի հակասում եկեղեցական կանոններին: Ակնհայտ է, որ արհամարհանքի վերաբերմունք ունեցել են մի խումբ ինքնագլուխ գյուղացիները և ոչ թե 25 տարի նրանց համար ծառայած վարդապետը, ով երբեք չի մերժել համայնքի և ոչ մի բնակչի օրինական ու պարկեշտ խնդրանքը կամ պահանջը: Հ. Անատոլիի հանդեպ ասված բոլոր անպատվության խոսքերը զրպարտություն են և տգիտության, թերի հավատքի ու Եկեղեցու մասին աղճատված պատկերացումների, սուբյեկտիվ ընկալումների, նախապաշարումների կամ այլ տրամադրվածության հետևանք:
Բոլոր եկեղեցիներում էլ ընդունում կամ անարգում են իրենց անխոնջ ծառայող անձանց, բայց անկախ դրանից Տիրոջ խաչը կրելը պատիվ ու պարծանք է ոչ թե հանուն մի խումբ պատեհապաշտների, այլ՝ հանուն Քրիստոսի և Եկեղեցու.
«Երանի՛ է ձեզ, երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում». (Ղկ., 6:22):
Հայ Կաթողիկէ Եկեղեցու հասարակայնության հետ կապերի բաժին
PDF` Pashtonakan pataskhan pdf
Ստորև ներկայացնում ենք տեսանյութեր, որտեղ հատվածներ կան Հ. Անատոլիի գործունեության մասին