• Սկսվեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրության երկրորդ փուլը

    «Հայ Կաթողիկէ Եկեղեցի՛, վեր կա՛ց և քայլի՛ր»


    2021թ. սեպտեմբերի 20-ի երեկոյան ժամը 18:00-ին Հռոմի Լևոնյան հայկական վարժարանում մեկնարկեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի սինոդական ընտրությունների գործընթացի երկրորդ փուլը: Առաջին փուլը տեղի ունեցավ սույն թվականի հունիսի 22-ից հուլիսի 7-ը՝ Զմմառի վանքում, և Նոր Կաթողիկոս չընտրվեց, որովհետև թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց եպիսկոպոս հայրերի քվեների անհրաժեշտ երկու երրորդը:

     

    Ընտրական սինոդոսի այս երկրորդ փուլին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, Բերիայի և Բարձր Ջեզիրեի հայ կաթողիկէ թեմի Առաջնորդ Արհ. Տ. Պետրոս Արքեպս. Միրիաթյանը, Պոլսի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանը, Բեյրութի Պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Արհ. Տ. Գէորգ Եպս. Ասատուրյանը, Դամասկոսի Պատրիարքական Էքզարքության Առաջնորդ Արհ. Տ. Հովսեփ Եպս. Առնաությանը, Եգիպտոսի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Գրիգոր Օգոստինոս Եպս. Գուսան, Արգենտինայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Պողոս Եպս. Հաքիմյանը, Միացյալ Նահանգների և Կանադայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Միքայել Եպս. Մուրադյանը, Ֆրանսիայի թեմի Առաջնորդ Արհ. Տ. Եղիա Եպս. Եղիայանը, Իրանի թեմի Առաջնորդ Արհ. Տ. Սարգիս Եպս. Դավիդյանը, Փարիզի թեմի վաստակավոր Առաջնորդ Արհ. Տ. Հովհաննես Եպս. Թեյրուզյանը, Պոլսի թեմի վաստակավոր Առաջնորդ Արհ. Տ. Գէորգ Արք. Ղազումյանը: Սինոդոսի աշխատանքները Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի որոշմամբ նախագահելու է Սուրբ Աթոռի Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների ժողովի նախագահ Կարդինալ Արքեպիսկոպոս Լեոնարդո Սանդրին:

     

    Կաթողիկոսի ընտրությունների երկրորդ փուլը սկսվեց Սուրբ Պատարագով, որ մատուցեց Արհ. Տ. Պետրոս Արքեպս. Միրիաթյանը՝ առընթերակայությամբ Լևոնյան վարժարանի մեծավոր Գերհ. Հ. Նարեկ Ծ. Վրդ. Նաամոյանի և Զմմառի Կղերի միաբանության Սբ. Միքայել դպրեվանքի տեսուչ Գերպ. Հ. Գրիգոր Վրդ. Փադիշահի, մասնակցությամբ Կարդինալ Արքեպիսկոպոս Լեոնարդո Սանդրիի, հայ կաթողիկէ եպիսկոպոս հայրերի, Անարատ Հղության հայ քույրերի միաբանության մեծավորուհի Մայր Արուսյակ Սաճոնյանի, Լևոնյան հայկական վարժարանի սաների, Սուրբ Խորանի հռոմեաբնակ սպասավորների:

     

    Կարդինալ Սանդրին քարոզեց Սուրբ Պատարագի ընթացքում և աղերսեց Սուրբ Հոգու շնորհները հայ եպիսկոպոսների համար՝ ասելով. «Սուրբ Հոգին ոգևորում է մեր սրեըն այս ծիսակատարության ընթացքում, որ նախադուռն է այս օրերին Հռոմում ձեր ապրելիք փորձառության, Սուրբ Պետրոսի և Սուրբ Պողոսի գերեզմանների մոտ»: Կարդինալ Սանդրին խնդրեց եպիսկոպոս հայրերին ընտրական գործընթացում առաջնությունը տալ Քրիստոսին՝ հաղթահարելով խոչընդոտները և թույլ տալով, որ Քրիստոսի լույսը լուսավորի նրանց մտքերը, որպեսզի արգելք չլինեն Սուրբ Հոգու ներգործության և չհետևեն անձնական չափանիշներին կամ աշխարհի ոգուն: Նրա խոսքով, նոր Պատրիարք Կաթողիկոսի ընտրությամբ Հայ Կաթողիկէ Եկեղեցին պետք է ունենա մի նոր սկիզբ և հարկավոր համարեց,որ եպիսկոպոսները իրենք իրենց և եղբայրակիցներին ընծայեն Սուրբ Խորանին և հայցեն հոգևոր բյուրեղացման, կերպարանափոխման և առաքելության վերարթնացման շնորհները: Բյուրեղացումը համահունչ է Գրիգոր Նարեկացու սրտին, շեշտեց Կարդինալ Սանդրին և մեջբերեց Նարեկացու աղոթքներից մեկը: Հայ ժողովուրդը, անցնելով պատմական բարդ մի ճանապարհ, կարիք ունի բարի հովիվների, որոնք կարողանան առաջնորդել նրանց, փնտրեն և գտնեն, ճանաչեն նրանց անուններով, ասաց Սանդրին և անդրադարձավ Կաթողիկոս Պատիարքի «Գլուխ և Հայր» ավանդական անվանումին՝ ասելով.

    «Գլուխ՝ միայն այն չափով, որքանով կարող է դառնալ ծառա և Հայր, որովհետև իր վրա է կրում իր բոլոր զավակների հանդեպ պատասխանատվությունը»:

    Հայի քրիստոնյա ինքնության մասին խոսելով՝ Սանդրին ասաց.

     

    «Հայ ժողովուրդը իր մաշկի վրա կրեց բռնության և հալածանքների փորձառությունը, սակայն ոչ մի մարդկային իշխանություն կամ զորություն չկարողացավ հայի շուրթերից խլել Քրիստոսի անունը»:

     

    «Նոր Պատրիարքը պետք է կարողանա Ավետարանի դպիրների նման իր գանձերից հանել նորը և հինը, պետք է կարողանա պահապան կանգնել հիշողությանը և ավանդությանը, որովհետև մի ժողովուրդ, որ չի ճանաչում իր անցյալը, չունի ապագա»,-ասաց Վսեմաշուք Կարդինալը և շարունակեց,- «նոր Պատրիարքը պետք է ապավինի այն բոլոր առագաստներին, որոնք պատմությունը հանձնել է իրեն, պետք է զարգացնի եղբայրական հարաբերությունները նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետ:

     

    Կարդինալը վստահեցրեց, որ Ն. Ս. Ֆարնցիսկոս Քահանայապետը այս օրերին հայ կաթողիկէ եպիսկոպոսներին ուղեկցում է իր սիրով և նրա խոսքը պետք է լինի մի կողմնացույց՝ նավարկելու պատմության ծովում՝ Կաթողիկէ Եկեղեցու բազմատեսակ միասնության մեջ: Սանդրին իր քարոզն ավարտեց Նարեկացու աղոթքով և ասաց.

    «Հայ Կաթողիկէ Եկեղեցի՛, վեր կա՛ց և քայլի՛ր»:

     

    Նոր Կաթողիկոս Պատրիարքի ընտրության սինոդական նիստերը կսկսվեն երկօրյա հոգևոր կրթությունից հետո՝ սեպտեմբերի 22-ին: Հոգևոր կրթության քարոզիչն է՝ Հռոմի լատինածես համայնքի Առաջնորդական Փոխանորդ Արքեպիսկոպոս Անջելո դը Դոնատիսը:

     

    Աղբյուր՝ Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

     

Օրացույց

Օրացույց