«Ստվեր-մարդիկ և անտիքաղաքները».Քահանայապետի խոսքը ուրբանիզացման մարտահրավերների մասին, 7 փետրվարի, 2015թ.
Աշխարհականների պապական խորհուրդը փետրվարի 7-ին Վատիկանում համագումար էր հրավիրել «Հանդիպել Տիրոջը քաղաքի սրտում» թեմայով: Մի թեմա, որը, ինչպես բացատրեց Սրբազան Քահանայապետը, համահունչ է իր Evangelii Gaudium առաքելական թղթում արծարծվող գաղափարներին՝ քաղաքային մշակույթի մարտահրավերը քրիստոնեության համար: Ուրբանիզացման երևույթը համաշխարհային խնդիր է, բացատրել է Քահանայապետը, աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է քաղաքներում, ուրբանիզացման տենդենցը աճում է և ազդում մարդկանց կենցաղի, մտածելակերպի, կրոնական վարքի վրա: Քաղաքները մեծ հնարավորությունների և միաժամանակ լուրջ վտանգների վայրեր են.դրանք կարող են դառնալ մեկ կողմից մարդկային ազատության և ինքնադրսևորման պարարտ հող, իսկ մյուս կողմից՝ անմարդկայնության և դժբախտության հրեշավոր վայրեր: Քաղաքը կարող է լինիլ շատ բարգավաճ ու բարեկարգ, բայց այդ գեղեցիկ ճակտոնի ետևում թաքնված է մի խավար անտի-քաղաք կամ հակաքաղաք, որտեղ մարդիկ անտեսանելի են, «ստվեր մարդիկ են», որոնց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, նրանք ընկճված են ու անդեմ: Այդ մարդկանց Քահանայապետը անվանում է «ոչբնակիչներ», ովքեր ապրում են «ոչ մի տեղ» և չունեն հարաբերություններ: Քաղաքի բարեկեցիկ բնակիչների համար նրանք ոչ միայն անանուն են, այլև՝ «հակամարդիկ» են: Սակայն, պետք է գիտակցենք, որ, եթե մարդիկ լքել են նրանց, Աստված չի թողել նրանց, այլ ապրում է այդ անտի-քաղաքում, այդ «ստվեր-մարդկանց» հետ: Ուրեմն, չի կարելի պարտվողական լինել, հուսահատվել ստեղծված իրավիճակից, այլ հարկ է հավատով նայել այդ անտի-քաղաքներին, այլ պետք է տեսնել դրանց մեջ կենդանի Տիրոջ ներկայությունը, ով քաղաքային տներում է, փողոցներում, հրապարակներում, ամենուրեք: Աստծո ներկայությունը քաղաքներում մարդկանց համար պարտավոր են բացահայտել այդ քաղաքներում ապրող քրիստոնյա աշխարհականները, ովքեր ևս Քրիստոսի առաքյալներն են՝ տարածելու Ավետարանը և Աստծո սերը բոլորի հանդեպ, հույսը: Նրանք պետք է անվախ դուրս գան և շփվեն քաղաքի մյուս բնակիչների հետ՝ առօրյա գործի ընթացքում, անհատապես, ընտանիքներում, նրանք կոչված են կոտրելու անտարբերության պատը: «Քաղաքային թաղամասերի առաքյալ» լինելու համար հարկ է համարձակություն ունենալ առաջին քայլն անելու՝ ուրիշներին ընդառաջ: Յուրաքանչյուր քրիստոնյա աշխարհական, ով գիտակցում է իր առաքելությունը, կոչված է իր դրացուն փոխանցել Ավետարանի սիրտը, էությունը: Աշխարհականների պապական խորհուրդը որպես իր առաքելության հիմնարար ուղենշային փաստաթուղթ է վերցրել Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Evangelii Gaudium թուղթը:
Լուսանկարները կատարվել են Գյումրիում՝ 2014թ., տնակային ավաններում: