«Մենք կարող ենք բարեփոխել Եկեղեցին, եթե առօրյա կյանքում ընկալենք Աստծո կամքը և սկսենք բարոփոխումները Սուրբ Հոգու առաջնորդությամբ»
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է այս տարվա օգոստոս ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: Նորին Սրբության ուղերձի թեման է. «Եկեղեցին շարժման մեջ է»:
Սրբազան Քահանայապետը խոսում է Եկեղեցու հատուկ կոչման՝ ավետարանացման, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումների մասին, որը պետք է սկսվի մեզանից՝ աղոթքի, ողորմության և ծառայության փորձի միջոցով.
«Եկեղեցու ինքնությունը ավետարանացումն է, սակայն դա բնավ չի նշանակում հոգեորսություն: Ավելին, Եկեղեցու խորհուրդը հենց ավետարանացումն է: Մենք կարող ենք բարեփոխել Եկեղեցին, եթե առօրյա կյանքում ընկալենք Աստծո կամքը և սկսենք բարոփոխումները Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Բարեփոխությունը հենց մեր՝ մարդկանց բարեփոխումն է: Պետք է թույլ տալ Սուրբ Հոգուն՝ Աստծո պարգևին մեր սրտերում, հիշեցնել այն մասին, թե ինչ է սովորեցրել Հիսուս, և օգնել մեզ դա կյանքի կոչել: Եկե՛ք բարեփոխենք Եկեղեցին ինքներս մեզ բարեփոխելով՝ առանց նախապես մտածված գաղափարների, գաղափարական նախապաշարմունքների և խստության, այլ միայն առաջնորդվենք հոգևոր փորձով, անձնվիրումով, ողորմած սիրով և ծառայությամբ»:
Սրբազան Քահանայապետը երազում է առավել միսիոներական եկեղեցու մասին, որն ընդառաջ է գնում ուրիշներին՝ առանց հոգեորսության և բարեփոխում է իր կառույցները՝ հանուն ժամանակակից աշխարհի ավետարանացման.
«Եկե՛ք հիշենք, որ Եկեղեցին միշտ դժվարություններ և ճգնաժամեր է ապրում, քանի որ նա կենդանի է. ճգնաժամը վերաբերում է միայն ողջերին, այլ ոչ թե մահացածներին: Եկե՛ք աղոթենք Եկեղեցու համար, որպեսզի Սուրբ Հոգուց ստանա շնորհ և զորություն՝ Ավետարանի լույսի ներքո բարեփոխվելու»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան