• Քրիստոնյայի անշահախնդիր սերը

    «Հասարակությունը, որը կենտրոնացած է շահերի, այլ ոչ թե մարդկանց վրա, ի վիճակի չէ կյանք ծնել»


    Բավական չէ փնտրել Աստծուն, պետք է նաև դուք ինքներդ ձեզ հարցնեք, թե ինչու եք փնտրում Նրան. արդյո՞ք ձեր փնտրտուքում կա որևէ շահադիտական հետաքրքրություն, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն օգոստոսի 1-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Նորին Սրբությունը մեկնաբանեց մի հատված Հովհաննեսի Ավետարանից (6, 24-35), որտեղ պատմվում է մարդկանց բազմության մասին, ովքեր գնացել էին Հիսուսին որոնելու՝ հացի բազմացման հրաշքին ականատես լինելուց հետո, սակայն չէին հասկացել երկնային այդ նշանի իմաստը: «Նրանք տեսան հրաշքի արտաքին կողմը և նկատեցին միայն նյութական հացը՝ չկարողանալով ընկալել հրաշքի իսկական իմաստը», – ասաց Սրբազան Քահաանայապետն՝ ընդգծելով, որ այս տեսարանը հուշում է, որ ինքներս մեզ հարց տանք, թե ինչու ենք մենք փնտրում Տիրոջը և որոնք են մեր հավատքի շարժառիթները.

     

    «Անհրաժեշտ է դա հասկանալ, քանի որ կյանքում հանդիպող բազմաթիվ գայթակղությունների շարքում կա մեկը, որին կարելի է անվանել «կռապաշտության գայթակղություն»: Հենց դա է դրդում մեզ փնտրել Աստծուն շահադիտական նպատակներով՝ մեր սեփական օգուտի և խնդիրները լուծելու համար, որպեսզի Նրա շնորհիվ ունենանք այն, ինչը չենք կարող ստանալ մեր ուժերով: Սակայն այս դեպքում հավատքը դառնում է մակերեսային և նույնիսկ, թույլ եմ տալիս ինձ այս բառն ասել, չափազանց միամիտ ու կենտրոնացած հրաշքների վրա. մենք փնտրում ենք Աստծուն մեր սեփական քաղցը հագեցնելու համար, սակայն երբ կշտանում ենք, մոռանում ենք Նրա մասին: Այս չհասունացած հավատքի կենտրոնում մեր կարիքներն են, այլ ոչ թե՝ Աստված: Ես նկատի ունեմ մեր շահերը և շատ այլ բաներ, – ընդգծեց Նորին Սրբությունը: – Մենք ճիշտ ենք վարվում մեր կարիքները ներկայացնելով Աստվածային սրտին, սակայն Տերը շատ ավելի՛ն է, քան մեր սպասելիքները, Նա ցանկանում է ապրել մեզ հետ սիրո հարաբերություններում: Իսկ իրական սերն անշահախնդիր է, ազատ, քանի որ մենք բնավ չենք սիրում՝ փոխադարձ ծառայություն ստանալու համար: Նման շարժառիթը կկոչվեր շահ: Մենք հաճախ ենք մեր կյանքում գործում շահադիտական դրդապատճառներից ելնելով»:

     

    Երկրորդ հարցը, որն ամբոխը տալիս է Հիսուսին, կարող է օգնել մեզ. «Ի՞նչ անենք, որ Աստծո ուզած գործերը գործենք» (Հովհ. 6, 28): «Սա նույնն է, որ մարդիկ ասեն. «Ի՞նչ կարող ենք անել Աստծո մեր փնտրտուքը մաքրագործելու համար»: Ինչպե՞ս մենք միայն մեր կարիքների մասին մտածող կախարդական հավատքից անցում կատարենք դեպի այն հավատքը, որը հաճելի է Աստծուն»: Եվ Քրիստոս մարդկանց ցույց է տալիս ճանապարհը. Աստծո ուզած գործն այս է, որ ընդունենք Նրան, Ում Հայրն է ուղարկել, այսինքն ընդունենք հենց Իրեն՝ Հիսուսին: Սա կրոնական սովորույթների ավելացում կամ հատուկ կանոնակարգերի պահպանում չէ. դա Քրիստոսին մեր կյանք ընդունելու և Հիսուսի հետ սիրո պատմության մասին է: Հենց Նա կմաքրի մեր հավատքը»: Հարաբերությունները Տեր Հիսուս Քրիստոսի հետ վեր են շահերի և հաշվարկների տրամաբանությունից, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քանի որ այն բնորոշում է ոչ միայն մեր հարաբերությունները Աստծո հետ, այլև պայմանավորում է մարդկային և սոցիալական կապերը: Մեր կարիքները բավարարելու ձգտման մեջ կա մարդկանց և իրավիճակները մեր նպատակների համար օգտագործելու, չարաշահելու վտանգ: Հաճախ ենք լսում ինչ-որ մեկի մասին. «Նա օգտագործում է մարդկանց, իսկ հետո մոռանում նրանց մասին»: «Մարդուն սեփական նպատակների համար օգտագործելը չարիք է: Իսկ հասարակությունը, որը կենտրոնացած է շահերի, այլ ոչ թե մարդկանց վրա, ի վիճակի չէ կյանք ծնել», – ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Աստվածաշունչը մեզ սովորեցնում է հոգալ ոչ միայն մեր քաղցը հագեցնող նյութական հացի մասին, այլ ընդունել Հիսուսին որպես կյանքի հաց, ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ կոչ անելով քրիստոնյաներին անընդհատ սովորել միմյանց սիրել՝ անշահախնդիր և առանց հաշվարկի, առատաձեռնորեն և մեծ սրտով:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց