«Հպատակվելով սովորության հարմարավետությանը և նախապաշարմունքների բռնատիրությանը, մեզ համար դժվար է ընդունել նորամուծություններն ու զարմանալ»
Առանց վստահության և զարմանքի Աստծո նորամուծությունների հանդեպ հավատքը վերածվում է ձանձրալի լիթանիայի՝ աստիճանաբար մարելով, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածությունում հուլիսի 4-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ:
Մեկնաբանելով օրվա Ավետարանական ընթերցանության հատվածի թեման՝ Նորին Սրբությունը խոսեց Հիսուսի հայրենակիցների՝ Նազարեթի բնակիչների անհավատության մասին. նրանք Հիսուսին ճանաչում էին երեսուն տարի, սակայն, ի տարբերություն այլ շրջանների բնակիչների, չէին ընդունում Նրա բացառիկ լինելու հանգամանքը: Նրանք Նրա մեջ տեսնում էին միայն «հյուսնի և Մարիամի որդուն», որը և նրանց խանգարում էր ընդունել Քրիստոսի բացառիկ լինելու հանգամանքը: Ի պատասխան մերժման՝ Հիսուս ասում է ճշմարտությունը, որը ժողովրդական իմաստության մաս է դարձել. «Առանց պատվի մարգարե չի լինում, եթե միայն ոչ իր հայրենիքում, իր հարազատների մեջ և իր տանը»:
Եկե՛ք քննարկենք հայրենակիցների վերաբերմունքը Հիսուսի հանդեպ, ասաց Նորին Սրբությունը. «Նրանք ճանաչում են Հիսուսին, սակայն չեն ընդունում Նրան: Ճանաչելու և ընդունելու միջև կա տարբերություն: Այս տարբերությունը մեզ թույլ է տալիս հասկանալ, որ կարելի է շատ բան իմանալ մարդու մասին, որոշակի պատկերացում ունենալ նրա մասին, հավատալ այն ամենին, ինչ ուրիշները խոսում են նրա մասին, ժամանակ առ ժամանակ հանդիպել նրան, սակայն դա բավարար չէ: Ես կասեի, որ դա սովորական, մակերեսային իմացություն է, որը թույլ չի տալիս ճանաչել այդ մարդու առանձնահատկությունը», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետն՝ ընդգծելով, որ դա բնորոշ է մեզանից յուրաքանչյուրին, որովհետև ենթադրելով, որ մենք լավ ենք ճանաչում մարդուն, պիտակավորում ենք նրան, և հետո դժվար չէ տեսնել, թե ինչ հետևանք է ունենում մեր սնահավատությունը.
«Հենց սա է խնդրի էությունը. հպատակվելով սովորության հարմարավետությանը և նախապաշարմունքների բռնատիրությանը, մեզ համար դժվար է ընդունել նորամուծություններն ու զարմանալ: Մենք առաջնորդվում ենք սովորություններով և նախապաշարմունքներով: Արդյունքում մեր կյանքի ընթացքում միայն փորձում ենք ստանալ մեր սեփական գաղափարների ապացույցը՝ չցանկանալով փոխվել: Դա կարող է պատահել նաև Աստծո հետ մեր հարաբերություններում, երբ մենք՝ հավատացյալներս, մտածում ենք, որ շատ բան գիտենք Նրա մասին և նույն բանի սովորական կրկնությունը բավական է մեզ: Սակայն դա բավարար չէ Աստծուն: Առանց վստահության և զարմանքի Աստծո նորամուծությունների հանդեպ հավատքը վերածվում է ձանձրալի լիթանիայի և աստիճանաբար մարում է»:
Նորին Սրբությունն ասաց, որ զարմանքն Աստծո հետ մեր հանդիպման իսկական վկայությունն է: Հիսուսի հայրենակիցները չեն հավատում Նրան, քանի որ չեն ընդունում հակասությունները, որոնք ամփոփված են Նրա Մարդեղության մեջ: «Հակասությունն այն է, որ Աստծո անհունությունը բացահայտվում է մեր մարմնի փոքրության մեջ. Աստծո Որդին հյուսնի որդի է, որի աստվածությունը թաքնված է մարդկայնության մեջ, որ Աստված ներկա է խոսքերում, հասարակ մարդկանց արարքներում: Աստծո մարդեղացումը, Նրա որոշակիությունն ու «առօրեականությունը» փնթփնթոց են առաջացնում», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
«Աստված դարձավ միս և արյուն մարդու մեջ, Հիսուս Նազովրեցու մեջ: Նա դարձավ մեր ուղեկիցը, մեզանից մեկը: Հենց այն պատճառով, որ Հիսուսը մեզանից մեկն է, Նա հասկանում է մեզ, ուղեկցում, ներում. Նա մեզ սիրում է ի սպառ: Սակայն մարդուն հասկանալի է ինչ-որ վերացական և հեռավոր աստծո գաղափարը, որը չի միջամտում իրադարձություններին և գոհանում է մեր երկրպագությամբ, ինչը ոչ մի առնչություն չունի կյանքի, խնդիրների և հասարակության հետ: Կամ էլ մեզ հաճելի է հավատալ «հատուկ էֆեկտներով» աստծուն, ով միայն բացառիկ բաներ է անում և միշտ մեծ հույզեր պարգևում, – ասաց Նորին Սրբությունը: – Այնուամենայնիվ, Աստված մարդեղացավ. Նա խոնարհ է, քնքուշ ու նվիրական, Նա մոտ է մեզ, մեր առօրյա կյանքում է: Մենք էլ Քրիստոսի հայրենակիցների նման կարող ենք չճանաչել Նրան, երբ Նա անցնի մեր մոտով»:
Սրբազան Քահանայապետը մեջբերեց Սուրբ Օգոստինոսի հայտնի արտահայտությունը. «Timeo Dominum transeuntem» («Ես վախենում եմ Տիրոջից, որ կարող է անցնել-գնալ»), պարզաբանելով, որ սուրբը վախենում էր հենց այդպիսի հնարավորությունից. չճանաչել Տիրոջը, երբ Նա կանցնի իր մոտով:
Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց առ Սուրբ Տիրամայրը, որպեսզի մեր աչքերն ու սրտերը չպատվեն նախապաշարմունքներով և բաց լինեն զարմանքի, Աստծո անակնկալների, առօրյա կյանքում Նրա խոնարհ և մտերիմ ներկայության համար:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան