• Քահանայապետը սկսեց քրիստոնեական ուսուցումների նոր շարք. Պողոսի Գաղատացիներին ուղղված նամակը

    «Ավետարանացման ուղին միշտ չէ, որ կախված է մեր կամքից և ծրագրերից, բայց դրա համար անհրաժեշտ է պատրաստակամություն՝ դժվարին ճանապարհները հաղթահարելու համար»


    Այսօր նույնպես կան բավական թվով քարոզիչներ, որոնք շփոթություն են առաջացնում համայնքում, հատկապես հաղորդակցության կապերի նոր միջոցների օգնությամբ: Նրանք հարկադրաբար պնդում են, որ իսկական քրիստոնեությունն այն է, ինչին իրենք հավատում են, և հաճախ այն նույնացնում են անցյալի որոշակի դրսևորումների հետ:

     

    Հունիսի 23-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկսեց քրիստոնեական խորհրդածությունների նոր թեմա՝ շոշափելով որոշ կետեր՝ Սբ. Պողոս առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակից: Սա շատ կարևոր, նույնիսկ «վճռորոշ» ուղերձ է, համոզված է Քահանայապետը: Այն պարունակում է բազմաթիվ կենսագրական տեղեկություններ առաքյալի մասին, որոնց շնորհիվ մենք իմանում ենք նրա ապաշխարության և իր ամբողջ կյանքում Քրիստոսին ծառայելու որոշման մասին: Ուղերձում նաև բացահայտվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազատությունը, շնորհը և քրիստոնեական կենսակերպը. խոսքը ծայրաստիճան արդիական հարցերի մասին է, որոնք մեր օրերում ևս առկա են Եկեղեցում, ավելին, կարծես թե «Գաղատացիներին ուղղված նամակը» գրված է մեր ժամանակների համար, հավելեց Նորին Սրբությունը:

     

    Նախ, այնտեղ պատմվում է ավետարանացման մեծածավալ աշխատանքների մասին, որոնք իրականացրել է Պողոս առաքյալը, ով նվազագույնը երկու անգամ այցելել էր Գաղատայի ​​համայնք՝ իր միսիոներական ճանապարհորդությունների ընթացքում: Մենք հստակ չգիտենք, թե խոսքը կոնկրետ որ տարածաշրջանի մասին է և երբ է գրվել այդ ուղերձը: Հայտնի է, որ գաղատացիները եղել են հին կելտական ​​ժողովուրդ, ովքեր հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ և հաստատվել Անատոլիական տարածքում: Պողոսը մեզ հայտնում է, որ հիվանդության պատճառով է ստիպված եղել կանգ առնել այնտեղ, սակայն Սբ. Ղուկասը՝ «Գործք Առաքելոց» գրքի հեղինակը, խոսում է հոգևոր պատճառի մասին. Նա ասում է, որ «շրջեցին Փռյուգիայում և Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն» (Գործք 16, 6): Իրականում այս երկու պատճառները չեն հակասում միմյանց՝ ցույց տալով, որ ավետարանացման ուղին միշտ չէ, որ կախված է մեր կամքից և ծրագրերից, բայց դրա համար անհրաժեշտ է պատրաստակամություն՝ դժվարին ճանապարհները հաղթահարելու համար:

     

    Սրբազան Քահանայապետը հիշատակեց մի ընտանիքի մասին, որին ողջունել էր ունկնդրության սկզբում: Դա միսիոներների ընտանիք է, ովքեր սովորում են լատիներեն և այլ լեզուներ, քանի որ պետք է մեկնեն այդ շրջանները:

     

    «Սուրբ Հոգին այսօր ևս ուղղորդում է. բազմաթիվ միսիոներներ թողնում են իրենց հայրենիքը և ուղևորվում այլ երկրներ»:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը խոսեց այն մասին, թե ինչպես է Սուրբ Պողոսը քարոզել Ավետարանը: Ամենից առաջ նա հիմնում էր փոքր համայնքներ. հենց դրանք են քրիստոնեական մշակույթի թթխմորը: Փոքր համայնքներ հիմնելու այդ հովվական մեթոդը գործում է մինչ օրս: Սրբազան Քահանայապետը որպես հիմք ընդունեց Պապուա Նոր Գվինեայում գտնվող մի միսիոներից ստացած նամակը, ով պատմում էր իր կողմից հիմնված փոքր համայնքների մասին այնտեղ, որտեղ մարդիկ առաջին անգամ են լսում Քրիստոսի մասին:

     

    Պողոս առաքյալը դիմում է գաղատացիներին, քանի որ հուդայականությունից եկած որոշ քրիստոնյաներ նրանց մեջ սերմանում էին գաղափարներ, որոնք հակասում էին առաքյալի ուսմունքներին և ստորացնում նրան: «Սովորական միջոց է առաքյալին հեղինակությունից զրկելու համար»,-պարզաբանեց Նորին Սրբությունը: Այլոց աշխատանքը նսեմացնելու այդ հին պրակտիկան, այսօր վերադառնում է: Պողոս առաքյալի հակառակորդները պնդում էին, որ հեթանոս քրիստոնյաները պետք է թլփատվեին և ապրեին Մովսեսի օրենքի համաձայն, այսինքն՝ հետ վերադառնային: Այսօր հաճախ է նման բան տեղի ունենում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Այսօր նույնպես կան բավականաչափ քարոզիչներ, որոնք շփոթություն են առաջացնում համայնքում, հատկապես հաղորդակցության կապերի նոր միջոցների օգնությամբ: Նրանք չեն հայտնվում՝ Աստծո Ավետարանը հռչակելու համար, Աստծո, Ով սիրեց մարդուն խաչված և հարություն առած Քրիստոսի մեջ, այլ՝ որպեսզի համառորեն կրկնեն, թե որն է քրիստոնյա լինելու լավագույն միջոցը: Նրանք հարկադրաբար պնդում են, որ իսկական քրիստոնեությունն այն է, ինչին իրենք հավատում են, և հաճախ այն նույնացնում են անցյալի որոշակի դրսևորումների հետ և, որ հանուն ներկայիս ճգնաժամի հաղթահարման պետք վերադառնալ անցյալ՝ հավատքի մաքրությունը պահպանելու համար»:

    «Այս մարդիկ բաժանում են, սակայն ստեղծել չգիտեն», – պարզաբանեց Նորին Սրբությունը: Ինչպե՞ս ճանաչել նրանց: Նրանց բնորոշ գծերից մեկը կոպտությունն է, այն ժամանակ, երբ Ավետարանի իսկական քարոզը բերում է ուրախություն և ազատություն: Քրիստոսի հռչակումը տեղի է ունենում հեզորեն, եղբայրաբար և հնազանդությամբ՝ լի վստահությամբ, որ Սուրբ Հոգին Եկեղեցում է յուրաքանչյուր դարաշրջանում:

     

    «Ի վերջո, մեզ առաջնորդում և փրկում է հավատքն առ Սուրբ Հոգին, Ով Եկեղեցում է», – ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց