«Հավատքը ծնվում է գիտակցությունից, որ մենք ինքնուրույն չենք կարող ջրի վրա մնալ, և մեզ պետք է Հիսուսը, ինչպես նավաստիներին աստղերը՝ ճիշտ ընթացքը գտնելու համար»
«Հավատքը սկսվում է այն համոզմունքից, որ մենք ինքներս մեր պակասություներն ունենք, այն զգացողությունից, որ Աստծո կարիքն ունենք», – ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2021թ. հունիսի 20-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:
Նորին Սրբությունը մեկնաբանեց օրվա Ավետարանական հատվածը, որտեղ պատմվում է Գալիլեյան լճի փոթորկի խաղաղեցման մասին (Մկ. 4, 35-41): Իրենց Վարդապետի հետ նավակի մեջ գտնվող Հիսուսի աշակերտներին համակել է վախը, որ իրենք կխեղդվեն: Նրանք սարսափահար արթնանում և օգնություն են կանչում. «Վարդապե՛տ, քեզ համար բնավ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք» (տես՝ Մկ. 4,38):
«Մենք նույնպես, կյանքի փորձություններով ծանրաբեռնված՝ մեկ անգամ չէ, որ աղաղակել ենք Տիրոջը. «Ինչու՞ ես Դու լռում և ոչինչ չես անում ինձ համար» – ասաց Սրբազան Քահանայապետը, հիշեցնելով, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ փլուզվում են ծրագրերը, որոնց համար մենք մեծ հույսեր ենք փափագել, երբ մեզ համակում է տագնապը, երբ մեր գլխին են թափվում բազմաթիվ խնդիրներ և մենք կյանքի ծովում կորցնում ենք կողմնորոշվելու ունակությունը՝ չիմանալով դեպի ուր լողալ: Բազմաթիվ են իրավիճակները, երբ մենք զգում ենք, որ հայտնվել ենք փոթորկի մեջ, որ մեր վերջն եկել է, շարունակեց Նորին Սրբությունը. դա կարող է լինել աշխատանքի բացակայությունը և անսպասելի հիվանդությունը:
Բոլոր այս իրավիճակներում մենք նույնպես շնչահեղձ ենք լինում վախից և, Հիսուսի աշակերտների նման, մեր տեսադաշտից կարող ենք բաց թողնել ամենակարևորը. Հիսուս մեզ հետ նույն նավակում է, նույնիսկ եթե քնած է, և մեզանից յուրաքանչյուրի հետ կիսում է այն ամենը, ինչ տեղի է ունենում: Նրա քունը հուսահատեցնում է մեզ, սակայն մյուս կողմից էլ այդ իրողությունը փորձություն է մեզ համար: Տերը սպասում է, որ մենք ինքներս կկանչենք Նրան և կբացատրենք, թե ինչն է մեզ անհանգստացնում: Նրա քունը մեզ ստիպում է արթնանալ, քանզի Հիսուսի աշակերտներ լինելու համար բավական չէ հավատալ, որ Աստված գոյություն ունի, անհրաժեշտ է համագործակցել Նրա հետ: Մենք պետք է բարձրաձայն կանչենք Նրան: Աղոթքը նաև աղաղակ է առ Աստված. «Տե՜ր, փրկի՛ր ինձ», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Օրվա Ավետարանական հատվածը ինքներս մեզ հարցնելու հնարավորություն է տալիս. ինչպիսի՞ փոթորիկներ են թափվում մեր գլխին, ինչպիսի՞ ալիքներ են խանգարում մեր նավարկությանը և սպառնում հոգևոր, ընտանեկան, մտավոր կյանքին:
«Եկե՛ք այս ամենը պատմենք Հիսուսին: Նա ուզում է դա, Նա ուզում է, որ մենք բռնվենք Նրանից՝ կյանքի կատաղի ալիքներից փրկվելու համար: Ավետարանում ասվում է, որ աշակերտները եկան Հիսուսի մոտ, արթնացրին նրան և խոսեցին նրա հետ (տես՝ Մկ. 4,38): Հավատքը ծնվում է գիտակցությունից, որ մենք ինքնուրույն չենք կարող ջրի վրա մնալ, և մեզ պետք է Հիսուսը, ինչպես նավաստիներին աստղերը՝ ճիշտ ընթացքը գտնելու համար»:
Ականջ դնելով աշակերտների պաղատանքներին՝ Հիսուսը խաղաղեցնում է քամին ու ալիքները և նրանց հարց տալիս, որը վերաբերում է նաև մեզ. «Ինչու՞ այդպես վախկոտ եք, դեռևս հավատ չունե՞ք» (Մկ. 4, 40): Աշակերտներին համակեց վախը, քանի որ նրանք նայում էին ալիքներին՝ Հիսուսին նայելու փոխարեն: Վախը ստիպում է մեզ տեսնել դժվարությունները, խնդիրները և չնայել Տիրոջը, – ընդգծեց Նորին Սրբությունը.
«Մեզ հետ էլ է այդպես պատահում. որքա՜ն հաճախ ենք մենք կենտրոնանում մեզ հուզող խնդիրների վրա՝ Տիրոջը դիմելու և մեր հոգսերը Նրան տալու փոխարեն: Այդ աշակերտների նման, որքա՜ն հաճախ ենք մենք թողնում Տիրոջը ինչ-որ խուլ անկյունում, մեր կյանքի նավակի հատակում՝ միայն դժվար պահերին Նրան արթնացնելու համար: Եկե՛ք այսօր հավատի շնորհ խնդրենք, հավատք, որը չի հոգնում Տիրոջը փնտրելուց և Նրա Սրտի դուռը բախելուց: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, Ով միշտ ապավինել է Աստծուն, արթնացնի մեր մեջ ամեն օր Աստծուն վստահելու կենսական անհրաժեշտությունը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը