Հաղորդությանը երկրպագելու և Նրանով ապրելու համար մենք պետք է ընդունենք Աստծո սերը, բացենք մեր սրտերը եղբայրների և քույրերի առջև, կիսենք նրանց տառապանքները և օգնենք կարիքի ժամանակ
Հունիսի 6-ի երեկոյան Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի տաճարում գլխավորեց Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան տոնի հանդիսավոր Պատարագը: Իր քարոզում նա հիշեցրեց, որ քրիստոնյաները Հիսուսի սիրո և ներկայության կարիքն ունեն, որովհետև Հիսուս Հաղորդության ժամանակ մեզ մասնակից է դարձնում Իր հավերժական կյանքին:
Սրբազան Քահանայապետը խորհրդածեց երեք պատկերների մասին, որոնք նկարագրված են Մարկոսի Ավետարանում (14,12-16. 22-26), և նրանցից առաջինը ուսին ջրի սափոր դրած մարդն է, ով աշակերտներին տանում է իր մեծ վերնատունը: Նորին Սրբությունն ասաց, որ այդ կերպարը կարելի է դիտարկել որպես Աստծո փափագ և պահանջմունք, կարոտ Նրա ներկայության և սիրուն: Մենք չենք կարող միայնակ քայլել, քանզի հավերժական կյանքի Սննդի ու Ըմպելիքի կարիքն ունենք՝ ճանապարհին մեզ աջակցելու համար: Ցավալի է, որ մեր ժամանակներում Աստծո այդ փափագը նվազել է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. այսօր Եկեղեցին կոչված է «հանդիպել մարդկանց հետ, սովորել ճանաչել ու վերակենդանացնել Աստծո փափագը և Ավետարան կարդալու ցանկությունը»:
Երկրորդ պատկերը Երուսաղեմի վերնատունն է, որտեղ Տերն ու Նրա աշակերտները ճաշակեցին զատկական ընթրիքը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ դա «ընդարձակ սենյակ էր՝ մի կտոր Հացի համար». այնտեղ Ամենակարող Աստված «դառնում է փշրանք, ինչպես մի կտոր հացը, հենց դրա համար էլ անհրաժեշտ է ունենալ մեծ սիրտ՝ Նրան ճանաչելու, երկրպագելու և ընդունելու համար»: Մենք պետք է դուրս գանք ինքներս մեզանից և մտնենք վերնատան ընդարձակ սրահը. մեզ կզարմացնի Աստծո խոնարհ, անսահման, սիրառատ ներկայությունը: Ահա՛ թե ինչու է անհրաժեշտ հիացում և երկրպագություն՝ Հաղորդության ժամանակ, քանզի հակառակ դեպքում չի լինի ճանապարհ դեպի Տերը: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Եկեղեցին պետք է լինի մեծ, ընդարձակ վերնատուն, այլ՝ ոչ թե փոքր փակ շրջանակ, քանի որ այն կոչված է լինել «բոլորին գրկաբաց ընդունող համայնք», որտեղ կարող է մուտք գործել արդար և մեղավոր յուրաքանչյուր ոք: Հաղորդությունը ճանապարհին հոգնածների ու սովածների համար է: «Կատարյալների ու ազնիվների Եկեղեցին այն սենյակն է, որտեղ ոչ ոքի համար տեղ չկա»:
Վերջին պատկերը հիշեցնում է, որ Հիսուս կտրեց հացը, և դա «Հաղորդության բացառիկ ժեստ է», «մեր հավատքի բնորոշ նշանն է, Տիրոջ հետ մեր հանդիպման վայրը», Ով դառնում է Գառնուկ և զոհեր չի պահանջում, Նա զոհաբերում է Ինքն Իրեն, որպեսզի մենք վերածնվենք՝ հանուն նոր կյանքի: Հենց դրա համար էլ «Հաղորդության ժամանակ մենք մտահայում ենք սիրո Աստծուն և երկրպագում Նրան»: Այդ զարմանալի ժեստով մենք խոնարհվում ենք անհուն սիրո և այն պարգևի առաջ, որը Տերն է մեզ տալիս: Հաղորդությանը երկրպագելու և Նրանով ապրելու համար մենք պետք է ընդունենք Աստծո սերը, բացենք մեր սրտերը եղբայրների և քույրերի առջև, կիսենք նրանց տառապանքները և օգնենք կարիքի ժամանակ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հաղորդության մեր տոնակատարությունները վերափոխում են աշխարհը այնքանով, որքանով մենք մեզ թույլ ենք տալիս «վերափոխվել և դառնալ հաց, որը կտրվեց ուրիշների համար»:
Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց, որ Սուրբ Հաղորդության թափորը Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան տոնի բնորոշ առանձնահատկությունն է, որը հիշեցնում է մեր կոչումը՝ ուրախությամբ Հիսուսին տանել նրանց, ում հանդիպում ենք մեր առօրյա կյանքում: Թող Եկեղեցին՝ ուսերին ջրի սափոր ունեցող և սրտաբաց հավատացյալների համայնքը, դառնա «մեծ և հյուրընկալ սենյակ, ուր կարող են մտնել բոլորը և հանդիպել Տիրոջը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը