• Հիսուս միշտ աղոթում է մեզ համար

    Հիսուսի սերն ու աղոթքը մեզանից յուրաքանչյուրի համար չի դադարում», նույնիսկ երբ մենք մեղք ենք գործում, ընդհակառակը, Նա ավելի շատ է աղոթում և Տերն Իր աղոթքներով միշտ մեզ հետ է


    Հունիսի 2-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն անցկացրեց հերթական ընդհանուր ունկնդրությունը՝ շարունակելով խորհրդածել աղոթքի մասին տարբեր տեսանկյուններից, այս անգամ թեման հետևյալն էր. «Հիսուս յուրաքանչյուր աղոթքի կատարյալ տիպարն ու հոգին է»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ, ըստ Ավետարանի, աղոթքը հանդիսանում էր Հիսուս Քրիստոսի և Նրա աշակերտների փոխհարաբերությունների հիմնական սյունը, և դա ակնհայտ է դառնում ապագա առաքյալների ընտրության ժամանակ.

     

    «Եվ այդ օրերին Հիսուս լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով: Եվ երբ լույսը բացվեց, կանչեց իր աշակերտներին և ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց և առաքյալներ անվանեց» (Ղկ. 6, 12-13): Այսպիսով, Հիսուս ընտրում է աշակերտներին ամբողջ գիշերն աղոթելուց հետո, և թվում է, թե ընտրության համար չկա ոչ մի չափանիշ՝ Հիսուսի և Հոր երկխոսությունից բացի: Եթե դատենք, թե ինչպես հետագայում իրենց պահեցին այդ մարդիկ, ապա կհասկանանք, որ ընտրությունը բնավ լավագույնը չէր. աշակերտները փախչեցին՝ չարչարանքների նախօրեին Տիրոջը մենակ թողնելով, Հուդայի դավաճանության մասին նույնիսկ չենք խոսում: Սակայն հենց դա էլ վկայում է, որ նրանց անունները գրված են եղել Աստծո ծրագրում:

     

    Հանուն Իր աշակերտների արված աղոթքը կարևոր նշանակություն ունի Հիսուսի կյանքում: Երբեմն առաքյալները անհանգստության պատճառ են դառնում, սակայն Հիսուս, Ով Հորից է ընդունել այդ մարդկանց՝ որպես աղոթքի պտուղներ, կրում է նրանց Իր սրտում, նույնիսկ երբ նրանք սխալվում են: Հիսուս ուսուցիչ և ընկեր էր, Ով պատրաստ էր համբերատար սպասել Իր աշակերտների դարձի գալուն: Այդ համբերատար սպասման գագաթնակետը սիրո «կտավն» է, որը Հիսուսը հյուսեց Պետրոսի շուրջը: Վերջին ընթրիքին Հիսուս ասում է. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա՛ սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել: Բայց Ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, և դու, երբ վերադառնաս Ինձ, հաստատես քո եղբայրներին» (Ղկ. 22, 31-32): Հիսուսի «սերն ու աղոթքը մեզանից յուրաքանչյուրի համար չի դադարում», նույնիսկ երբ մենք մեղք ենք գործում, ընդհակառակը, Նա ավելի շատ է աղոթում և Տերն Իր աղոթքներով միշտ մեզ հետ է», ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Հիսուս աղոթում է բեկումնային պահին, այսինքն՝ այն ժամանակ, երբ փորձության է ենթարկվում առաքյալների հավատքը: «Երբ Նա առանձին աղոթքի էր կանգնել, Նրա հետ էին նաև Իր աշակերտները: Նրանց հարցրեց և ասաց. «Ժողովուրդն Իմ մասին ի՞նչ է ասում. Ո՞վ եմ»: Նրանք պատասխանեցին և ասացին. «Հովհաննես Մկրտիչը, և ոմանք, թե՝ Եղիան, իսկ ուրիշներ, թե՝ նախնիներից մի մարգարե հարություն է առել»: Ասաց նրանց. «Դու՛ք Իմ մասին ի՞նչ եք ասում. ո՞վ եմ»: Պետրոսը պատասխանեց և ասաց. «Աստծու Քրիստոսը»: Նա սաստեց նրանց և պատվիրեց ոչ ոքի չասել այդ» (Ղկ. 9,18-21): Հիսուսի առաքելության ամենավճռական պահերին միշտ նախորդում է աղոթքը, ընդ որում Նա աղոթում է ոչ թե անցողակի, թռուցիկ, այլ՝ ինտենսիվ և երկար ժամանակով: Առաքյալների հավատի փորձության մասին Ղուկաս Ավետարանչի ներկայացրած դրվագը թվում է ժամանման կետ, սակայն դա նոր մեկնակետ է աշակերտների համար, ընդգծեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ անհրաժեշտ է զորացնել աղոթքը, երբ ճանապարհը տանում է դեպի լեռը, քանզի աղոթքը լույսի և զորության միակ աղբյուրն է մեր ճանապարհին:

     

    Այդ մասին է վկայում Տիրոջ Պայծառակերպության պատմությունը,  որը կանխագուշակում է Նրա փառքը: Այդ փառքի դրսևորումը տեղի է ունենում հենց աղոթքի ժամանակ, երբ Որդին հաղորդակցվում է Հոր հետ և լիովին համաձայնում է Նրա կամքին, Նրա փրկարար ծրագրին: Աղոթքում խոսքեր են հնչում նաև այնտեղ գտնվող աշակերտների համար. «Դա՛ է Իմ ընտրյալ Որդին, լսեցե՛ք դրան»:

     

    Ղուկասի Ավետարանից վերցված հատվածները մեզ սովորեցնում են ոչ միայն աղոթել այնպես, ինչպես Նա էր աղոթում, այլ նաև հավաստիացնում են, որ նույնիսկ եթե աղոթելու մեր փորձերն ապարդյուն են եղել, ապա մենք միշտ կարող ենք ապավինել Տիրոջ աղոթքին:

     

    «Փորձության պահին, և նույնիսկ երբ մենք մեղք են գործում, Հիսուս մեծ սիրով աղոթում է մեզ համար», – ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց