• Սուրբ Երրորդության խորհուրդը վեր է մեր բանականությունից. Քահանայապետի քարոզը

    Հիսուս մեզ բացահայտեց Սուրբ Երրորդության խորհուրդը


    Սուրբ Երրորդության տոնին Հրեշտակ Տեառն աղոթքը կարդալիս՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ այս տոնը մեզ համար ևս մեկ առիթ է «խորհրդածելու սիրո և լույսի զարմանալի խորհրդի մասին, որտեղից մենք եկել ենք և դեպի ուր ուղղված է մեր երկրային ճանապարհը»: Նորին Սրբությունը նաև շեշտեց, որ «միասնությունը անհրաժեշտ է քրիստոնյայի համար», այդ իսկ պատճառով Ավետարանը հռչակելիս և քրիստոնեական ցանկացած առաքելության ժամանակ «հնարավոր չէ գործել առանց այդ միասնության, որին կոչ է արել Հիսուսը», քանզի Ավետարանի գեղեցկությունն ընկալվում է միասնության և միաձայն վկայության մեջ:

     

    Խորհելով «մեր բանականությունից վեր անհուն խորհրդի»՝ Սուրբ Երրորդության մասին՝ Սրբազան Քահանայապետը պարզաբանեց.

     

    «Սուրբ Երրորդության Խորհուրդը մեզ բացահայտել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը: <…> Սուրբ Երրորդության անձինք բնավ Աստծո ածականացումը չեն: Նրանք միմյանցից տարբերվող իրական Անձինք են: Նրանք «Աստծո էմանացիա, ճառագայթում չեն», ո՛չ,  ինչպես ասել է ոմն փիլիսոփա: Նրանք Անձինք են: Կա Հայր, Ում մենք կոչում ենք «Հայր մեր», կա Որդի, Ով մեզ պարգևեց մեղքերի թողություն և արդարացում, կա Սուրբ Հոգի, Որն ապրում է մեր և Եկեղեցու մեջ: Այս խորհուրդն ուղղված է մեր սրտերին: «Աստված սեր է», – Սուրբ Հովհաննեսն այս արտահայտությամբ բացահայտում է Սուրբ Երրորդության խորհուրդը և Հայտնության ողջ էությունը: Աստված սեր է: Հայրը սեր է, Որդին սեր է, Սուրբ Հոգին սեր է»:

     

    Աստված սեր է, սակայն լինելով միակը, Նա միայնակ չէ, քանզի Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջև կա հաղորդություն, ասաց Նորին Սրբությունը:

     

    «Սերն իր էությամբ անձնվիրություն է, և իր սկզբնական ու անհուն  իրականության մեջ հենց Հայրն է անձնուրաց՝ ծնունդ տալով Որդուն, Ով Իր հերթին Ինքն Իրեն նվիրում է Հորը, իսկ Նրանց փոխադարձ սերը Սուրբ Հոգին է՝ Նրանց միասնության կապանքները: Այս խորհուրդը հեշտ չէ հասկանալ, սակայն մենք բոլորս կարող ենք ապրել դրանով և շատ բան ընկալել»:

     

    Հիսուս մեզ բացահայտեց Սուրբ Երրորդության խորհուրդը, բացահայտեց Աստծո՝ ողորմած Հոր դեմքը, Նա Իրեն՝ իսկական մարդուն, ներկայացրեց որպես Աստծո Որդի և Հոր Խոսք, Փրկիչ, Ով Իր կյանքը տվեց մեզ համար, Նա խոսեց Սուրբ Հոգու՝ Ճշմարտության Հոգու մասին, Որը բխում է Հորից և Որդուց:

     

    «Սուրբ Կույս Մարիամը խոնարհաբար և պարզորեն արտացոլում է Երրորդության Աստծո գեղեցկությունը, քանզի Նա ամբողջությամբ ընդունեց Հիսուսին Իր կյանքում: Թող Նա ամրապնդի մեր հավատքը, որպեսզի երկրպագենք Աստծուն և ծառայենք մեր եղբայրներին», – ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց