• Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովն ընդունեց համահայկական հռչակագիր

    Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովն ընդունեց համահայկական հռչակագիր


     2015թ. հունվարի 29-30-ը Երևանում տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որին մասնակցեցին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա, բարձրաստիճան այլ հոգևորականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, փորձագետներ Հայաստանից և հայկական սփյուռքից: Նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իր բավական ընդարձակ ելույթի խոսքում նախագահ Սարգսյանը ասել է.«Երբ ծանոթացա հանձնախմբերի կողմից ծավալված աշխատանքի հաշվետվություններին, նրանց կազմած միջոցառումների ծրագրերին, արդեն կատարված աշխատանքին, առաջին հերթին նկատեցի այն հսկայական ուժը, որը մենք ունենք: Վստահ եմ, որ հակառակ բոլոր չարագույժների՝ 100-րդ տարելիցը դառնալու է ոչ թե մեր սփյուռքի և համայնքային կառույցների ինքնասպառման, այլ նոր վերելքի, նոր համախմբման, նոր սերնդի բարձր խոսքի շրջան»: Նախագահը նաև կոչ է արել աշխարհի հայությանը հետևել ապրիլի 23-ին Էջմիածնում տեղի ունենալիք Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարությանը:

     Նախքան նիստի մեկնարկը հանձնաժողովի անդամները ներկա է են գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը: Թանգարան ինտիտուտի համար շենք է հատկացվել Կոմիտասի պանթեոնում և վերակառուցվել «Փյունիկ» հիմնադրամի և ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ պարոն Գաբրիել Ջամբարջյանի ֆինանսավորմամբ, ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով: Թանգարանում ոչ միայն հանրությանը կներկայացվեն Կոմիտասի գործունեության հետ կապված ցուցադրություններ, այլև կծավալվի գիտահետազոտական աշխատանք՝ Կոմիտասի ժառանգության շուրջ: Ամենապատիվ Հոգևոր Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ն թանգարանի բացման  հուշամատյանում գրել է հետևյալը. «Յուզումնախառն հպարտութեամբ կողջունենք հանճարեղ Կոմիտաս Վարդապետին յիշատակը յաւերժացնող այս  գեղակերտ հիմնարկին բացումը։ Հայ Ազգը իր յաղթապանծ գոյերթը կը պարտի ոչ միայն Վարդանանց ժառանգորդ ազատամարտիկներուն, որոնք գիտակից մահուամբ կ՛անմահանան ցայսօր, այլ նաեւ այն նախախնամական հանճարներուն՝ որոնք Հայութիւնը օժտեցին այլասերման ու ձուլումին դիմադրելու անգերազանցելի միջոցներով եւ յաւերժագիր պարգեւեցին անոր։ Անոնցմէ է Կոմիտաս Վարդապետ։ Ան իրաւամբ եղաւ ազգային զուլալ երգին Մաշտոցը։ Ժողովուրդը արդարօրէն պանծացուց յիշատակը Կոմիտասի, որուն սիրտը չտոկաց ի տես  Հայոց ցեղասպանութեան Գողգոթային, դադրեցաւ բաբախելէ, բայց վերակենդանացաւ եւ յարութիւն առաւ։ Այդ յարութեան վկայութիւնն է այսօր այս հոյակերտ կեդրոնը։ Այդ յարութեան վկայութիւնն են Կոմիտասեան ժողովրդական եւ հոգեւոր երգն ու երաժշտութիւնը, որոնք կը ցոլացնեն Հայ ժողովուրդին ապրումները, աննկուն կամքը եւ տենչերը։ Յարգանքով կը խոնարհինք Անոր յաւերժական յիշատակին առջեւ»:

     Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների կազմակերպչական կողմը, քաղաքական համատեքստը, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական պահանջների թղթածրարի մշակման աշխատանքների մասին հարցեր քննարկելուց զատ հանձնաժողովի 5-րդ նիստը ընդունեց մի պատմական որոշում՝ հայ և միջազգային հանրությանը ներկայացնել համայն հայության անունից ընդունված մի հռչակագիր, որի վրա աշխատել են հայկական ամենատարբեր կառույցների՝ թե հոգևոր և թե աշխարհական ներկայացուցիչներ, փորձագետներ: Հռչակագրի տակ ստորագրեցին հանձնաժողովի բոլոր անդամները: «Առաջին անգամ մենք ընդունում ենք համազգային նշանակության մի փաստաթուղթ ոչ թե պետական որևէ կառույցի միջոցով, ոչ թե մեր ազգի ներկայացուցիչների առանձնացված հատվածներով, այլ ողջ հայ ժողովուրդը ներկայացնող բոլոր հիմնական կառույցների ներգրավմամբ».ասել է ՀՀ նախագահը: Հռչակագիրը թարգմանվելու է 7 լեզուներով և ուղարկվելու է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Այն հանդիսավորությամբ ընթերցեց ՀՀ նախագահը նիստի ավարտից հետո՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, եղեռնի զոհերին միասնական հարգանքի տուրք մատուցելուց հետո: Տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

     

     

    ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ

    ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

     

     

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝

     

    – արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,

    – հենվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա,

     

    – վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության եւ հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության եւ խաղաղության հիմքն է»,

     

    – ղեկավարվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաև 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով,

     

    – հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան ընդունելիս ՄԱԿ-ը հատուկ կարևորել է այդ հանցատեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը,

     

    – շեշտելով ցեղասպանության հանցակազմում պարունակվող արարքների համար անպատիժ մնալու անթույլատրելիությունն ու այդ հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,

     

    – դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք,

     

    – համարելով նաև 1919-1921 թվականներին Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական և մարդկային օրենքների դեմ» այդ ծանր ոճրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական,

     

    – արժևորելով 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը և օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաև 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում.

     Ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ և վերապրած հերոսների առջև:

     Վերահաստատում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար:

     Շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները:

     Երախտագիտություն է հայտնում այն ազգերին, կառույցներին և անհատներին, ովքեր հաճախ իրենց վտանգելով` մարդասիրական տարաբնույթ օգնություն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջև կանգնած բազմաթիվ հայերի, ապահով և խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունից վերապրած հայության համար` մեծ թափ հաղորդելով որբախնամ գործունեությանը և միջազգային հայասիրական շարժմանը:

     Դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:

     Արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:

     Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետևանք:

     Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից:

     

    Զորակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսևորում այդ հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման:

     Հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնան հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար:

     Հպարտությամբ է արձանագրում, որ ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում՝

     

    – դրսևորեց անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցություն, վերականգնեց դարեր առաջ կորցրած ինքնիշխան պետականությունը,

     

    – պահպանեց և զարգացրեց ազգային արժեքները, հասավ ազգային մշակույթի, գիտության և կրթության վերածննդի` ուրույն ներդրում ունենալով համաշխարհային ժառանգության զարգացման գործում,

     

    – ստեղծեց Հայկական Սփյուռքի հոգևոր և աշխարհիկ կառույցների հզոր և արդյունավետ ցանց, ինչը նպաստեց աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության, հայի` հարգանք և համակրանք վայելող կերպարի կերտմանը, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը,

     

    – համազգային գործակցության և հայրենադարձության ընդարձակ ծրագրով համախմբեց և վերստեղծեց ցեղասպանության հետևանքով վերացման վտանգի առջև հայտնված ազգային գենոֆոնդը,

     

    – Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում բերեց իր արժանի ներդրումը միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման գործում, փառավոր հաղթանակներ տարավ Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերում:

     Դիտարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում:

     Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն`

     

    – առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության,

    – անկախ Արցախի առաջընթացի ու զորացման,

    – աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման,

    – համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:

     

     

    29 հունվարի 2015թ., ք.Երևան

    9733_b 9748_b 9749_b 9750_b 9754_b 9772_b

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց