• Սրբազան Քահանայապետը՝ բանավոր աղոթքի մասին

    «Եթե մենք ցավը մեր մեջ ենք պահում՝ առանց այն արտահայտելու և բացահայտելու, ապա դա կարող է մահացու թունավորել հոգին»


    Ոչ միայն զգացմունքներն են ծնում խոսքեր և աղոթք ներշնչում, այլ նաև բանավոր աղոթքի խոսքերը կարող են ձևավորել մեր զգացմունքները:

     

    2021թ. ապրիլի 21-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն անցկացրեց հերթական ընդհանուր ունկնդրությունը, որը վերաբերում էր աղոթքին՝ հատուկ ընդգծելով բանավոր աղոթքի կարևորությունը:

     

    «Աղոթքը երկխոսություն է Աստծո հետ, և ամեն մի արարած որոշակի առումով երկխոսում է Աստծո հետ: Մարդու մեջ աղոթքը դառնում է խոսքեր, հռչակում, կոչ, երգեցողություն, պոեզիա… Աստծո խոսքը դարձավ մարմին, և ամեն մի մարդու մարմնում խոսքը վերադառնում է Աստծուն աղոթքի միջոցով»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ խոսքերը մեր ստեղծագործություններն են, որոնք ինչ-որ իմաստով ձևավորում, դաստիարակում են մեզ: Խոսքերը ծնվում են զգացմունքներից, և հենց խոսքերն են ձևավորում զգացմունքներ:

     

    Եթե մենք ցավը մեր մեջ ենք պահում՝ առանց այն արտահայտելու և բացահայտելու, ապա դա կարող է մահացու թունավորել հոգին: Ահա թե ինչու է Սուրբ Գիրքը սովորեցնում մեզ աղոթել երբեմն նույնիսկ հանդուգն խոսքերով: «Սրբազան հեղինակները, -պարզաբանեց Նորին Սրբությունը, – չեն ցանկանում, որպեսզի մենք խաբնվենք մարդու առումով, քանզի նրանք գիտեն, թե ինչ է թաքնված նրա սրտում և որ դրանք ամենևին դաստիարակչական զգացմունքներ չեն: Մեզանից ոչ ոք սուրբ չի ծնվում, իսկ երբ վատ մտքերը թակում են մեր սրտի դռները, ապա պետք է կարողանալ դրանք վնասազերծել աղոթքի և Աստծո խոսքի օգնությամբ: Սաղմոսներում մենք գտնում ենք բավականին կոպիտ արտահայտություններ թշնամիների նկատմամբ. հոգևոր ուսուցիչները սովորեցնում են մեզ այդ արտահայտություններն ուղղել սատանային և մեր մեղքերին: Այնուամենայնիվ այդ խոսքերը վերաբերում են մարդկային իրականությանն ու հայտնվել են Սուրբ Գրության մեջ: Դրանք այնտեղ են մեզ ցույց տալու համար, որ եթե բռնության դիմաց չլինեին վնասազերծող խոսքեր, որոնք այդ վատ մտքերը կուղղորդեին դեպի անվտանգ ինչ-որ տեղ, ապա դրանցում կխորտակվեր ամբողջ աշխարհը»:

     

    Քրիստոնեական աղոթքն ամենից առաջ բանավոր աղոթք է: Առաջին շարժումները միշտ արվում են շրթունքների միջոցով: Չնայած մենք բոլորս գիտենք, որ աղոթքը խոսքերի կրկնությունը չէ, այնուամենայնիվ բանավոր աղոթքը առավել հուսալի է և միշտ հնարավոր: Ինչպիսին էլ որ լինեն բարի զգացմունքները, դրանք միշտ փոփոխական են և ոչ կայուն, դրանք գալիս և գնում են: Նաև անկանխատեսելի են աղոթքի մխիթարական պտուղները, քանզի երբեմն դրանք շատ են, սակայն մռայլ պահերին թվում է, թե չկան: Բանավոր աղոթքը միշտ հնարավոր է ու անհրաժեշտ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և կոչ արեց խոնարհաբար վերաբերվել տարեցներին, ովքեր երբեմն բարձրաձայն աղոթքներով խախտում են եկեղեցիների լռությունը:

     

    «Այդ աղոթքը չի խախտում լռությունը, սակայն վկայում է ամբողջ կյանքի ընթացքում հավատարմորեն աղոթելու մասին»:

    Հենց նման ծխականներն են հաճախ հանդիսանում ամենամեծ բարեխոսները, և միայն Աստված գիտի, թե որքանով են իրենց սրտերը միահյուսված աղոթքի խոսքերին: Անշուշտ, այդ մարդիկ ևս ունենում են մռայլ և դատարկ օրեր, սակայն հավատարիմ են մնում բանավոր աղոթքին՝ ինչպես հուսալի խարիսխը, ընդգծեց Նորին Սրբությունը և խորհուրդ տվեց հավատացյալներին կարդալ «Ուխտավորի անկեղծ պատմություններն իր հոգևոր հորը»: Այն պատմում է մի ռուս ուխտավորի հավատարմության մասին, ով անդադար կրկնում էր միևնույն աղոթական հռչակումները, կոչերը, որոնք ի վերջո դարձան նրա շնաչառության մասը. «Տե՛ր, Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, ողորմիր մեզ՝ մեղավորներիս»:

     

    Սրբազան Քահանայապետն առարկեց նրանց, ովքեր կարծում են, որ բանավոր աղոթքը անկիրթ մարդկանց ճակատագիրն է, իսկ մյուսները պետք է ձգտեն ներքին աղոթքի և մեդիտացիայի: «Խնդրում եմ մի՛ արհամարհեք բանավոր աղոթքը, – ասաց Նորին Սրբությունը, հիշեցնելով, որ Տերն աշակերտներին սովորեցրեց բանավոր աղոթքը՝ «Հայր մերը»: – Հենց խոսքերն են, որ հուսալիորեն Աստծուն են ուղարկում այն ​​խնդրանքները, որոնք Նա ցանկանում է լսել»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց