«Քրիստոսի բոլոր հավատարիմները, անկախ իրենց կարգավիճակից կամ պաշտոնական դիրքից, կանչված են քրիստոնեական կյանքի լիության և սիրո կատարելության համար»
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը տեսաուղերձով դիմեց «Բացառիկ կին» միջազգային կոնգրեսի մասնակիցներին, որը կազմակերպել էր Ավիլայի կաթողիկէ համալսարանը՝ Սրբուհի Թերեզա Հիսուսին Եկեղեցու Վարդապետ հռչակելու 50-ամյակի կապակցությամբ:
Նորին Սրբությունը պարզաբանում է, թե ինչ է նշանակում Սրբուհի Թերեզային վերագրվող բացառիկությունը: Այդ բացառիկությունը դրսևորվել է ամենատարբեր առումներով, սակայն, իրականում, այդ բոլորը Թերեզայի Տիրոջ հետ հանդիպման արդյունքն է, նրա վճռական ընտրությունը՝ աղոթքով Տիրոջ հետ մշտական միության մեջ գտնվելու համար:
Թերեզա Ավիլացու բացառիկությունը ամենից առաջ կայանում է սրբությանը և ոգուն հնազանդ լինելու մեջ, որը միավորում է նրան Հիսուս Քրիստոսի հետ՝ խանդավառելով սեր առ Աստված: Համարձակությունը, ստեղծագործականությունն ու բարեփոխման ակնառու ունակությունները Սրբուհի Թերեզայի մեջ Տիրոջ ներքին ներկայության պտուղներն են:
Այսօր, երբ մենք ապրում ենք ոչ այնքան փոփոխությունների դարաշրջան, որքան դարաշրջանի փոփոխություններ, նկատում ենք շատ համընկնումներ 16-րդ դարի հետ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Ինչպես Սրբուհի Թերեզայի ժամանակներում, այնպես էլ մեր օրերում մենք՝ քրիստոնյաներս, կանչված ենք այնպես գործել, որ մեր միջոցով Սուրբ Հոգին շարունակի նորացնել, բարենորոգել աշխարհի դեմքը: Նորին Սրբությունը հիշեցնում է քրիստոնյաների սրբության համընդհանուր կոչումի մասին՝ համաձայն Վատիկանի Երկրորդ ժողովի պնդման. «Քրիստոսի բոլոր հավատարիմները, անկախ իրենց կարգավիճակից կամ պաշտոնական դիրքից, կանչված են քրիստոնեական կյանքի լիության և սիրո կատարելության համար, ընդորում այդ սրբությունը երկրային հասարակության մեջ ևս նպաստում է առավել մարդասիրական կենսակերպին: Այդ կատարելությանը հասնելու համար հավատացյալները պետք է զորանան Հիսուս Քրիստոսից ստացած շնորհներով, որպեսզի, հետևելով և նմանվելով Նրան, ամեն ինչում ենթարկվելով Հոր կամքին, իրենց ամբողջ հոգով նվիրվեն Աստծո փառքին և մերձավորին ծառայելուն» (LG 40):
«Սրբությունը միայն ընտրյալների՝ «աստվածային մասնագետների» համար չէ, քանզի դա յուրաքանչյուր հավատացյալի կոչումն է: Քրիստոսի հետ այդ միությունը, որը Սրբուհի Թերեզան հատուկ ձևով զգում է բացառապես շնորհով, մենք ստանում ենք մկրտության միջոցով»:
Սրբերը մեզ չեն ոգեշնչում, որպեսզի մենք նրանց նմանակենք, սրբությունը չի կարող կրկնօրինակ լինել, ընդգծում է Նորին Սրբությունը, ընդհակառակը, այն կարող է մեզ հեռացնել այդպիսի յուրօրինակ, եզակի ճանապարհից, որը Տերը նախապատրաստել է մեզանից յուրաքանչյուրի համար: Ամեն մի հավատացյալ պետք է ճանաչի իր սեփական ճանապարհը:
Սրբուհի Թերեզան նախազգուշացրել էր իր քույր-միանձնուհիներին աղոթքը չընկալել՝ որպես ինչ-որ գերբնական երևույթներ, քանզի աղոթքը անհրաժեշտ է Քրիստոսի հետ միության համար, իսկ սիրո գործերը այդ միության նշանն են:
«Երբ ես տեսնում եմ, – Սրբազան Քահանայապետը մեջբերում է Սրբուհի Թերեզայի «Ներքին ամրոցը», – ինչպես են որոշ հոգիներ համառորեն փորձում հասկանալ, թե ինչպիսին է իրենց աղոթքը, իսկ աղոթելիս կարծես վեղարով փաթաթված լինեն, երբ անշարժացած են իրենց մարմինն ու միտքը, որպեսզի չկորցնեն բերկրանքի ու ակնածանքի և ոչ մի կաթիլ, հասկանում եմ, թե որքան քիչ գիտեն նրանք աղոթքով Աստծո հետ միություն տանող ճանապարհի մասին, քանզի կարծում են, որ ամեն ինչ կախված է այդ ջանքերից: Ո՛չ, քույրե՛ր, ո՛չ, Աստծուն անհրաժեշտ են գործեր: Ահա, օրինակ, տեսնում եք հիվանդ կնոջ և կարող եք օգնել նրան, ուրեմն օգնեք, մի վախեցեք վնասել ձեր բարեպաշտությանը: Եթե նա տառապում է, ապա դուք էլ տառապեք, եթե անհրաժեշտ է պաս պահել, որպեսզի նա հաց ուտի, ապա պահեք ոչ այնքան նրա համար, այլ՝ ձեր Աստծո, քանզի Նա է այդպես ցանկանում»:
Աղոթքի ճանապարհը, – շարունակեց Նորին Սրբությունը, – հասանելի է նրանց, ովքեր խոնարհաբար ընդունում են Սուրբ Հոգու գործունեությունը իրենց կյանքում։ Այս ճանապարհը փակ է նրանց համար, ովքեր իրենց համարում են մաքուր և անթերի, սակայն բացվում է նրանց առջև, ովքեր գիտակցելով իրենց մեղքերը, ընկալում են Աստծո ողորմության գեղեցկությունը, Ով ընդունում է բոլորին, ազատագրում է բոլորին և բոլորին հրավիրում է իր հետ ընկերության: Զարմանալի է, սակայն հենց սեփական մեղավորության գիտակցումն է, որ ճանապարհ է բացում դեպի սրբություն, ընդգծում է Սրբազան Քահանայապետը և կրկին մեջբերում է Սրբուհի Թերեզայի խոսքերը․ «Ես ավելի շուտ կհօգնեմ Նրան վիրավորելուց, քան՝ Նա ներելուց»։
Հենց աղոթքը Սրբուհի Թերեզայի Հիսուսին դարձրեց բացառիկ կին, և շնորհիվ աղոթքի նա բացահայտեց եղբայրության կատարելությունը միանձնուհիների համայնքում։
Նորին Սրբությունը ցավով հիշատակում է որոշ համայնքներ, որտեղ բարգավաճում են վեճերը․ միանձնուհիները մոռանում են իրենց հիմնադրի և նրա խրատների մասին։ Սրբուհի Թերեզան ասում էր, որ դժվարին ժամանակներում անհրաժեշտ են «Աստծո հավատարիմ ընկերները»։ Այսօր մեզ հետապնդում է հիասթափությանը, հանգամանքներին ենթարկվելու, ամենահոռետեսական կանխատեսումների հետ համակերպվելու գայթակղությունը։ Այս վախերի պատճառով որոշ մարդիկ պարփակվում են իրենք իրնց մեջ։ Սրբազան Քահանայապետը հիշատակում է իրեն ծանոթ մի վանական համայնք, որտեղ քույրերն իրենց համար ապաստան են գտել փոքր, եսասիրական «նախագծերում», որոնք չեն արարում, կյանքի չեն կոչում, այլ՝ ոչնչացնում են համայնքային կյանքը:
Տեսաուղերձի ավարտին Նորին Սրբությունը՝ նախքան կոնգրեսի մասնակիցներին օրհնելը, մեջբերում է Սրբուհի Թերեզա Ավիլացու հայտնի խոսքերը և հորդորում է հաճախակի կրկնել դրանք․
«Դու մի տխրիր և մի վախեցիր։ Ամեն բան անցնում է, անհետանում, սակայն Աստված անփոփոխ է։ Միայն համբերությունն է տանում դեպի նպատակ: Նա, ով ունի Աստված, ոչնչի պակասություն չունի, քանզի բավական է միայն Աստված»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը