• «Մի՛ մոռացեք մեզ, մենք ո՛չ թե աղքատ ենք, այլ՝ շնչահեղձ ենք լինում». Արհ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հարցազրույցը իտալական լրատվամիջոցին

    «Պատերազմը, – ասում է Սրբազանը, – արտահայտումն է մարդկային մտքի տկարության, փոխըմբռնման ձախողման, երկխոսության ուղիների խզման, դիվանագիտության անզորության և այլոց իրավունքների ոտնահարման»:


    «Ազգային, հոգեբանական և հոգևոր մխիթարությունը մեր ժողովրդին հույս և հավատ ներշնչեց, որ մոռացված չէ», – Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկեների Առաջնորդ Ռաֆայել Արքեպս. Մինասյանը «SIR» տեղեկատվական գրասենյակին տված հարցազրույցի մեջ այսպես մեկնաբանեց «պատերազմի մտածելակերպ» գաղափարը, որ Զատկական «Urbi et Orbi» օրհնության ժամանակ հայտնել էր Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը՝ խոսքն ուղղելով Լեռնային Ղարաբաղին և պատերազմներից տուժած այլ երկրներին:
    2020 թվականը աղետներով լի տարի էր Հայաստանի համար: Երկիրը ստիպված եղավ ո՛չ միայն պայքարել համաճարակի դեմ, այլև՝ առերեսվել Լեռնային Ղարաբաղում իրեն պարտադրված պատերազմին, որի ժամանակ պարտության մատնվեց ադրբեջանցի հակառակորդի կողմից, ինչը ծանր հետևանքների հանգեցրեց ներքին սոցիալ-քաղաքական համակարգում: Պատերազմական գործողություններից վեց շաբաթ անց՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվեց համաձայնագիր, որը Լեռնային Ղարաբաղի փոքրիկ տարածաշրջանը մասերի բաժանեց: Տարածքային այս «բաժանումը» էլ ավելի աղքատ և տկար դարձրեց տարածաշրջանը:
    «Շատ ընտանիքներ տառապում են իրենց երեխաների բացակայությունից», – ասում է Արքեպիսկոպոս Մինասյանը՝ ուշադրություն հրավիրելով գերիների մինչ օրս չլուծված խնդրին: Ձերբակալված են ո՛չ միայն այն զինվորները, ովքեր գերեվարվել են պատերազմի ընթացքում, այլև անձինք, ովքեր մնացել էին Ադրբեջանին հանձնված շրջաններում, որպեսզի պաշտպանեին իրենց սեփականությունը: Խոսքը նվազագույնը 64 անձանց մասին է: «Նրանք ձերբակալվեցին և կտտանքների ենթարկվեցին՝ ահաբեկիչներ լինելու մեղադրանքով: Եթե նրանք ահաբեկիչներ էին, ապա, ինչո՞ւ այս բանտարկյալներից ոմանք ազատ արձակվեցին»:
    Մինչ սեղանի շուրջ նստած դիվանագետները «աշխարհագրական քարտեզի» վրա բաժանում էին տարածքները՝ որոշվում էր բազմաթիվ ընտանիքների ապագան՝ ստիպելով նրանց թողնել հայրենի տունն ու գյուղը և ապաստան գտնել Հայաստանում: Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքը պատերազմի հակառակ երեսն է: Ներկայումս, փախստականները ապաստան են գտել Հայաստանի երեք շրջաններում: Նրանցից ոմանք հաստատվեցին Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ Գորիս քաղաքում, մեծամասնությունը ապաստան գտավ Արտաշատ քաղաքում, որտեղ գտնվում է Խոր Վիրապը, ուր և բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ առաքյալ, ով Քրիստոնեությունը տարածեց այս տարածաշրջանում: Մյուսները նախընտրեցին ուղղակիորեն հաստատվել մայրաքաղաք Երևանում:
    «Մենք՝ որպես տեղական Եկեղեցի, կիսում ենք նրանց աղքատությունը: Վերջին ամիսների ընթացքում՝ որպես Հայկական Կարիտաս, աջակցություն ենք տրամադրել 14.000 ընտանիքի», – ասում է Եպիսկոպոսը:
    «Հաշվի առնելով իրավիճակը՝ մեր կողմից տրամադրվող աջակցությունը տարատեսակ է. բնակարանի վարձավճարներ, սնունդ, բժշկական օգնություն, մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահելով մայրերին և նրանց նորածին երեխաներին: Այս ընտանիքներից շատերը բաժանված են. նրանք, ովքեր մնացին պաշտպանելու իրենց տները՝ այն շրջաններում, որոնք հանձնվեցին Ադրբեջանին, և նրանք՝ ովքեր ստիպված եղան լքել և հեռանալ: Այսօր անորոշ և անհասկանալի մի իրավիճակ է ստեղծվել՝ ավելի լավ է ետ վերադառնալ, թե՝ հաստատվել Հայաստանում: Մեզ մտահոգում է նաև այն, որ արտերկրից ստացվող օգնությունը հետզհետե նվազում է»:
    Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը Երևանում հակակառավարական ցույցեր հրահրեց: «Ներքին բաժանումները, որ կային մինչ պատերազմը՝ էլ ավելի սրացան պատերազմից հետո», – վհատութեամբ նշում է Եպիսկոպոս Մինասյանը, սակայն, մեծ հույսով սպասում առաջիկա հունիս 20-ին կայանալիք վարչապետի արտահերթ ընտրություններին: «Լիահույս ենք, որ այս ընտրությունները կվերականգնեն Հայաստանի ներքին հավասարակշռությունը, որը կնպաստի ճգնաժամի հաղթահարմանը և տարբեր խմբերի միջև հաշտությանը՝ ի բարօրություն Ազգի»:
    «Ներքին միասնության մեջ ուժ գտնելով՝ հնարավոր կլինի դիմագրավել այն անորոշ խաղին, որ սկսել է միջազգային հանրությունը՝ ելնելով իր եսասիրական նկրտումներից և հետապնդելով սեփական շահը՝ բոլորովին չմտահոգվելով մեր ժողովրդի ճակատագրով»:
    Զատկին Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը խոսեց ընդդեմ «պատերազմի մտածելակերպի»: «Պատերազմը, – նկատում է Արքեպս. Մինասյանը, – մարդկային մտքի տկարության արտահայտումն է, փոխըմբռնման ձախողումը, երկխոսության ուղիների խոտորումը, դիվանագիտության անզորությունը և այլոց իրավունքների ոտնահարումը: Խաղաղության հասնելու համար լուծումներ կարելի է գտնել միայն դիմակայության, հաշտության և սեփական շահը չհետապնդելու դեպքում: Այս ճանապարհից շեղումը անխուսափելիորեն տանում է դեպի զինված հակամարտություններ»:
    Այնուհետև, Արքեպիսկոպոս Մինասյանը միանում է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի խաղաղության կոչին: «Հայաստանը աղքատ չէ և հարուստ է բնական պաշարներով, պատմությամբ և մշակույթով, սակայն խեղդված է, քանի որ չունի պատուհան դեպի արտաքին աշխարհ: Մի՛ մոռացեք մեզ, բացե՛ք դռները մեր առջև: Եթե ականջ ունեք լսելու՝ լսե՛ք մեր ձայնը, եթե բաց սիրտ ունեք՝ ընդունե՛ք մեր աղոթքները՝ գործի դրեք աշխատելու ձեր կամքը»:
    10 ապրիլի, 2021թ.
    Հեղինակ՝ Մ. Կիարա Բիաջիոնի
    Իտալերեն հրապարակումը՝ այստեղ
    Աղբյուրը՝ Հայկական Կարիտաս

Օրացույց

Օրացույց