• Հույսը՝ հոգևոր-մշակութային ժառանգության մեջ. Հայոց Ցեղասպանության յիշատակի արարողությունները Մեծ Սեպասարի Սուրբ Փրկիչ Եկեղեցում

    «Կամենու՞մ ես առողջանալ», Հվհ. 5, 6


    Սրտի անհու՜ն գոհունակությամբ եմ սկսում այս փոքրիկ հոդվածը՝ փաստելով, որ Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցն այս տարի հիշատակեցինք Մեծ Սեպասարի Սուրբ Փրկիչ եկեղեցում՝ միասնական Սուրբ Պատարագով և համերգային ծրագրով, որոնց մասնակցեցին ոչ միայն Մեծ Սեպասարի, այլև՝ հարևան ևս չորս հայ կաթողիկէ գյուղերի բազմաթիվ հավատացյալներ, մեծավ մասամբ երիտասարդներ, ինչպես նաև Անարատ Հղության հայ միաբան քույրեր, և Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի ներկայացուցիչները:

     

    Նախ մատուցեցինք Սուրբ Պատարագը՝ հայցելով Տիրոջ Սուրբ Զոհի միջնորդական զորությունը՝ 1915-1923թթ. Արևմտյան Հայաստանում օսմանյան և երիտթուրքական կառավարության ոճրագործների ձեռքով սպանված մեր բյուրավոր նահատակների, 1921թ. Մեծ Սեպասարում թուրք ասկյարների ձեռքով խոշտանգված նահատակ հոգևոր հովիվ Տ. Դավիթ քհն. Կոստանյանի, ապա՝ նաև 2021թ. Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Աշոցքի հայ կաթողիկէ հինգ համայնքներից զոհված մերօրյա հինգ նահատակների համար:

    Քարոզիս ընթացքում նվաստս նախ պատմական մի անդրադարձ կատարեցի Աշոցքի հայ կաթողիկէ գյուղերի ձևավորման ընթացքին, որի դրդապատճառը եղավ թուրքական կառավարության հայատյաց քաղաքականությունը՝ դեռևս Մեծ Գաղթից առաջ, որ տեղի ունեցավ 1829-31թթ., Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից դեպի Արևելյան Հայաստան: Աշոցքի հայ կաթողիկէները թուրքական վայրագությունների հիշողությունները ժառանգել են իրենց արյան հետ, նրանց պապերն այն տեսել են դեռևս Արևմտյան Հայաստանում՝ Մեծ գաղթից առաջ, ապա արդեն Շիրակի հյուսիսային հատվածում հաստատվելուց հետո՝ 1918թ.՝ թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի գավառի 6-ամսյա օկուպացիայի ժամանակ, և, մանավանդ, 1920-21թթ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ: Հայաստանի Ազգային արխիվի տեղեկությունները փաստում են հետեւյալը. «Թուրքական բանակում «այլասերումը մեծ չափեր» էր ընդունել: Թուրքերն ամենուր իրենց պահում էին անասելիորեն սանձարձակ: Ժամանակակիցը վկայում է, որ Խոտայ Խարաբա (Բավրա), Դարակեյ (Սարագյուղ), Կոր-Աղբյուր (Սիզավետ), Կոյակուլի-Ղազանչի եւ Շիշթափա (Սեպասար) հայկական գյուղերում կանայք եւ աղջիկները ենթարկվել են բռնարարքների, նրանց մի մասին առեւանգել են տաճիկները, իսկ մի մասին էլ՝ հարեւան Աղաբաբայ գյուղի թուրքերը: Այդ գյուղերում պատկերը շատ ծանր էր. ամեն ինչ կամ ավերված էր, կամ էլ վառված, ամենուր ընկած էին տասնյակ դիակներ, պատահում էին նաեւ կիսամեռ եւ սովահար եղած երեխաներ ու ծերեր»: Թուրքերը անխնա թալանում էին ամեն ինչ՝ տան կահույքը, նույնիսկ վառարաններ, ի սպառ ունեզրկում բնակիչներին, տանում էին հացահատիկի բերքը, անասունները, «բայրա» կոչված հարկ պահանջում գյուղացիներից, ովքեր հրաժարվում էին կատարել իրենց պահանջները, գաղտնի սպանում էին, հիմնականում գիշերները: Այդ օրերին թուրք ասկյարները Փոքր Շիշթափայում (Փոքր Սեպասար) սպանել են Տեր Դավիթի քրոջ որդիներից Արշակին, որի եղբայրը՝ Նիկոլը՝ մի քաջ տղա, վրեժխնդիր է եղել՝ սպանելով Արփագյոլի ենթաշրջանի կամ Աղբաբայի թուրք կառավարիչ Ղահրամանին: Այսպիսի հանդուգն քայլն, իհարկե, չէր կարող անտեսվել թուրքական բանակի իշխանությունների կողմից, որ վստահ էին, թե իրենց ամեն ինչ կարելի է: Ալեքսանդրապոլի օրվա կոմունիստական հեղափոխական կոմիտեն ոչ մի փաստացի իշխանություն չուներ՝ զսպելու նրանց վայրագությունները եւ թալանը: Նիկոլը փախչել եւ թաքնվել է թուրքերից: Մահվան սպառնալիքը կախվել է Տեր Դավթի եւ նրա ընտանիքի վրա: Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղի է ունեցել ընդհարում թուրք զինվորների եւ գյուղացիների միջեւ: Գյուղացիները կռվել են թուրքերի դեմ, ինչը բացառիկ երեւույթ էր այդ օրերին Ալեքսանդրապոլի գավառում ընդհանրապես: Շատ քչերը կհմարձակվեին դեմ կանգնել թուրք զինվորներին, այն էլ առանց զենքի: Թուրքերն այդ կռվի ժամանակ սպանել են ութ գյուղացու: Տեր Դավթին գյուղացիները խնդրել են, որ փախչի գյուղից, բայց քաջ հոգևոր հովիվմ ասել է, որ իր գյուղից եւ ժողովրդից չի հեռանա և ոչ մի դեպքում: Հունվարի 6-ի գիշերը՝ Աստվածահայտնության տոնին, թուրքերը ներխուժել են Տեր Դավթի տուն, քահանային դուրս հանել միայն շապիկով եւ ոտաբոբիկ, խոտի պարանով կապած ձիով քարշ են տվել գյուղով մեկ՝ սառնամանիքի եւ ձյան մեջ, ծեծելով եւ նվաստացնելով: Այդ տեսարանը պատկերացնել արդեն սարսափելի է՝ այդ հաղթանդամ, երկարամորուս, սպիտակազգեստ քահանան քայլում էր իր գողգողթայի ճանապարհը դեպի մահ՝ իր Խաչյալ Տիրոջ հետքերով, որպես Տիրոջ եւ իր հոտի հավատարիմ ծառա: Տեր Դավթին արյունաքամ քարշ են տել եկեղեցու բակ եւ սրերով վայրագորեն կտրատել: Պատմում են, որ իրիցկինը՝ արիասիրտ մի կին, հատակից սրբել է իր նահատակ ամուսնու արյունը, ապա կարել կտրատված մարմնի մասերը…

     

    Ուզեցի, որ այս պատմությունը, որ լավ դրոշմվի մեր երիտասարդ սերնդի սրտերում, որովհետև սա հավատքի համար մարտիրոսության մի պատմություն է: Հավատքը կյանքի գնով պաշտպանելու կամքն է եղել պատճառը, որ Մեծ Գաղթից հետո նախկին արևմտահայերը կարողացել են հարմարվել նոր միջավայրին, կառուցել եկեղեցիներ, ստեղծել համայնքներ, դիմագրավել են կոմունիստական տարիների աստվածատյաց քաղաքականության ավերներին՝ ապրելով ըստ իրենց ժառանգած հոգևոր և բարոյական արժեքների: Մեր նորօրյա՝ 2020 թվականի նահատակները ևս, գիտակցել են դա, թե ոչ, նահատակվել են այդ արժեքների համար, հավատքի և հոգևոր ինքնության համար, որովհետև չարը՝ այն «ոսոխը՝ սատանան, որ մռնչում է առյուծի պես և փնտրում է, թե ում կուլ տա», ըստ Պետրոս առաքյալի խոսքերի, ջանք չի խնայում վնասելու Քրիստոսի նվիրյալների հոտը՝ թուրքերի և ազերիների նման բարբարոսների ձեռքով, որովհետեր սարսափում է հավատքի ամրությունից, որ տեսնում է քրիստոնյաների մոտ:

    Անդրադարձ կատարեցի նաև մեր համայնքների ներկա հոգևոր նկարագրին, համընդհանուր անտարբերությանը՝ հոգևորի նկատմամբ, եկեղեցական պաշտամունքային կյանքի նկատմամբ, ապաշխարության նկատմամբ, որը մեզ միշտ դարձնում է խոցելի չարի հարձակումների դիմաց: Մարգարեները մեզ շատ հստակ բացատրում են պատերազմների, աղքատության, ամեն տեսակ չարիքների պատճառը, որ մեր հավաքական մեղանչական կյանքն է, սառնությունը մեր հանդեպ աստվածային ի սպառ սիրո հանդեպ, մեր հոգևոր կուրությունը, որի հետևանքներն են մեր ազգային անմիասնականությունը, ատելության, բամբասանքի մթնոլորտը, որում ապրում ենք, անհավատությունը, պարտությունը և հուսահատությունը: Վստահ եմ, որ ռազմական, տնտեսական, քաղաքական պարտությունը հոգևոր պարտության հետևանք են, հետևաբար, նախևառաջ հարկավոր է դարձի գալ, անցնել ապաշխարության ճանապարհ, հաղթել չարին հոգևոր դաշտում՝ անհատական և հավաքական կյանքում՝ ընտանիքում, համայնքում, որպեսզի կարողանանք նաև ունենալ հաղթանակներ հասարակական հարթության մեջ և արտաքին թշնամիների դեմ: Մենք սիրում ենք խոսել պահանջատիրությունից և հայ դատից, բայց զլանում ենք անդրադառնալ, թե Տե՛րն ինչ է պահանջում մեզանից և որն է պատճառը մեր ազգային ձախողումների: Ի վերջո, մեր սիրելի հավատացյալներին հրավիրեցի մտածել օրվա ավետարանական հատվածի շուրջ, որտեղ Հիսուս հարցնում է Բեթհեզդայի ավազանի մոտ պառկած և 38 տարուց ի վեր հիվանդ անդամալույծին. «Կամենու՞մ ես առողջանալ», Հվհ. 5, 6.

    այսօր ինքներս մեզ պետք է ուղղենք Տիրոջ այս հարցը՝

    կամենու՞մ ենք լինել առողջ՝ հոգևորապես, բարոյապես, հոգեպես, որպես ընտանիք, սոցիալապաես, որպես համայնք և որպես ազգ,

    կամենու՞մ ենք դարձի գալ մեր չար ճանապահներից,

    կամենու՞մ ենք սուրբ լինել, ինչպես մեր Տերը սուրբ է, ըստ իր խոսքի,

    ուստի կամենու՞մ ենք հաղթել չարին:

    Եթե այո, ապա պետք է հետհայացք գցենք մեր հոգևոր ժառանգությանը, Աստծո Խոսքին, մեր նահատակների վկայությանը և մեր ազգի հոգեմտավոր, ստեղծագործական ժառանգությանը, գնահատենք մեր համայնքների ներուժը, երիտասարդների ստեղծագործական պոտենցիալը և ապաշխարելով՝ առաջ շարժվենք դեպի այն պայծառ ապագան, որը մեզ կարող է պարգևել միա՛յն Տերն ինքը:

     

    Այս աղոթախառն մտորումներով մատուցեցինք Տիրոջ Սուրբ Զոհը, ապա աղոթեցինք Նահատակներին ուղղված միասնական մի աղոթք, խնդրեցինք Ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Արքեպս. Մալոյանի բարեխոսությունը, որից հետո տեղի ունեցավ համերգային ծրագիրը: Եկեղեցու երգչախումբը՝ Հայաստան Ավետիսյանի ղեկավարությամբ, Հովհաննես Միքայելյանի և Արթուր Սահակյանի մեներգային ելույթներով կատարեց հին հայկական երգեր՝ «Ադանա», «Հորովել», «Կռունկ», «Կիլիկիա», «Արի իմ սոխակ», «Բարի արագիլ», իսկ պատանիներն ու երիտասարդներն արտասանեցին ստեղծագործություններ՝ Պարույր Սևակից, Հովհաննես Շիրազից, Ռազմիկ Դավոյանից, Վարդգես Պետրոսյանից, Սիլվա Կապուտիկյանից և Ջավախքի Տուրցխ հայ կաթողիկէ գյուղից սերող բանաստեղծ Օքրո Օքրոյանից: Օքրոյանի՝ Եղեռնին նվիրված գործերին ծանոթացնելը շատ կարևոր համարեցի, որպեսզի մեր հավատացյալները ճանաչեն մեր հայ կաթողիկէ աղոթասեր, հավատքով ամուր գրողներին, որոնց կարիքը մեր հայ հասարակությունը շատ ունի: Օքրոյանը, այդպիսի ամենավառ անհատականություններից է: Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի ներկայացուցիչները գրքեր նվիրեցին մեր երիտասարդներին: Ապա շնորհակալություն հայտնեցի մեր երիտասարդներին, ներկաներին և Օքրոյանի անվան հիմնադրամին՝ ի դեմս տնօրեն Աննա Գիչյանի, որ օգնեցին կազմակերպել այս միասնական աղոթական ձեռնարկը, ինչպես նաև Արցախ պատերազմում վիրավորված և զոհված մեկ տասնյակից ավելի մեր երիտասարդների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Շնորհակալ եմ նաև քույր Մարիամ Հարությունյանին համայնքի պատանիների հետ մեծ աշխատանք տանելու և այս ձեռնարկի կազմակերպմանն օգնելու համար:

    Վերջում երիտասարդական կենտրոնում մի փոքրիկ հյուրասիրություն կազմակերպվեց՝ թեյի սեղանի շուրջ:

    Այս ամենի համար երիցս փառք եմ տալիս Տիրոջը և խնդրում շնորհներ, որպեսզի կարողանանք միշտ ամուր պահել հավատքը և հույսը մեր համայնքներում. ամեն:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

    Հոգևոր հովիվ՝ Աշոցքի հինգ հայ կաթողիկէ համայնքների

     

Օրացույց

Օրացույց