• Ի Տեր հանգչեց Հ. Հարություն Ծ. Վրդ. Պզտիկյանը

    Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի


    2021թ. ապրիլի 11-ին վախճանվեց Մխիթարյան միաբան, աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի պատմության դոկտոր Գերհ. Հ. Հարություն Ծ. Վրդ. Պզտիկյանը: Հայր Սուրբը վախճանվեց Փարիզի Սևրի արվարձանում գտնվող Սամուել Մուրադյան մխիթարյան միաբանության հայ վարժարանում, որը ղեկավարում էր երկար տարիներ:

     

    Գերհ. Հ. Հարությունը Ծ. Վրդ. Պզտիկյանը ծնվել է 1937թ. հուլիսի 27-ին, Բեյրութում, մուսալեռցու ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում, տասներեք տարեկանում մեկնել է ուսումը շարունակելու Վենետիկի Մխիթարյան մայրավանքում: Յոթ տարի սովորել է Հռոմի Գրիգորյան համալսարանում, ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչումներ, հետևել է նաև երաժշտության դասընթացների:  Դոկտորատի համար որպես ավարտաճառ ընտրել է երեխաների դաստիարակչական հոգեբանության ոլորտը և պաշտպանել թեզը՝ «Հանցանքի զգացումը երեխաների մոտ» թեմայով: 1962թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյան Կաթողիկոսի ձեռամբ: Որպես հոգևոր հովիվ և ուսուցիչ ծառայել է Եվրոպայի, Միջին Արևելքի և Ամերիկայի հայկական գաղթօջախներում: Եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրեն: Հայր Պզտիկյանը երկար տարիներ աշխատեց Փարիզի Սամուել Մուրադյան վարժարանում՝ որպես ուսուցիչ և տեսուչ: Հեղինակ է բազմաթիվ գրքերի և հոդվածների:

    Հ. Հարությունը շատ հետաքրքրված էր նաև արվեստի պատմությամբ, դեռևս ուսանելու տարիներին Հռոմում բարձագույն վկայական է ստացել նաև այդ ասպարեզում, Վենետիկում հաճախել է Գեղարվեստի ակադեմիան, որտեղ նկարել է սովորել մեծ վարպետներ Սանթոմազոյի, Վետովայի և Սաեթթիի առաջնորդությամբ: Հ. Հարությունն իր ձեռքով նկարել է բազմաթիվ ստեղծագործություններ: Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ,  իր կտավների վաճառքի ամբողջ հասույթը տրամադրում էր Փարիզի իր գլխավորած վարժարանի նոր շենքի կառուցման ծախսերին:

    Վաստակյալ վարդապետն իր լուսե հոգին Տիրոջ ձեռքերի մեջ ավանդեց 84 տարեկանում, իր աշխատասեղանի մոտ, ուր աշխատում անխոնջ, մինչև վերջին կայրկյանը, անդադար, ինչպես իր աղոթական կյանքն էր:

     

    Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

    Տ. Հովսեփ Քհն. Գասլտյան

Օրացույց

Օրացույց