• Ն. Ս. Ֆրանցիսկոսը կոչ արեց քահանաներին ընդօրինակել Սբ. Հովսեփի հայրությունը

    «Օգտակար է քեզ ու քո կոչումը վստահել Նրա պաշտպանությանը և Նրանից սովորել հայրության արվեստը»


    2021թ. մարտի 18-ին Նորին Սրբությունը մասնավոր ունկնդրության ժամանակ ընդունեց Պապական բելգիական կոլեգիայի համայնքին: Երիտասարդ քահանաները Վատիկան էին ժամանել այդ հաստատության 175-ամյակի կապակցությամբ, որտեղ ուսանել է նաև Սբ. Հովհաննես Պողոս II Պապը:

     

    Սրբազան Քահանայապետը դիմելով հյուրերին հիշեցրեց, որ իրենց կոլեգիայի երկնային հովանավորը հանդիսանում է Սբ. Հովսեփը, ով ծառայում է որպես «հայրական արվեստի» հիանալի օրինակ քահանայի կոչումը կյանքի կոչելու գործում: Ամենից առաջ Փրկչի Խնամակալը «ընդունող հայր է». հանուն իր Կնոջ և Նորածին երեխայի նա հրաժարվում է իր ծրագրերից, ընտանեկան կյանքը վարելու իր պատկերացումներից, չի փնտրում բացատրություններ իր առջև ծառացած անհասկանալի իրականության համար: Նա հավատքով է ընդունում Մարիամին ու Նրա Մանուկին՝ դառնալով հոգևոր կյանքի և ճանաչողության ուսուցիչ, ինչը շատ կարևոր է հովվական ծառայության մեջ: Այսպիսով, նոր ծխական համայնք ժամանելիս քահանան պետք է լիովին ընդունի, սիրի և ճանաչի իր համայնքը՝ հաշվի առնելով տվյալ համայնքի պատմությունն ու առանձնահատկությունները, և միայն դրանից հետո իրագործի  հովվական մտադրություններն ու ծրագրերը:

     

    Սբ. Հովսեփը «պահապան հայր է, քանզի խնամակալությունը նրա կոչման և առաքելության բաղկացուցիչ մասն էր հանդիսանում», ընդգծեց Նորին Սրբությունը: Նա կատարում էր իրեն հանձանրարված առաջադրանքը «բարի ու հավատարիմ ծառայի ներքին ազատությամբ, ով միայն բարիք էր կամենում իրեն վստահված մարդկանց»: Հոգ տանել նշանակում է քնքշորեն սիրել հոտը, ամեն ինչ անել նրանց երջանկության և բարեկեցության համար՝ անդադար մեծահոգությամբ, միևնույն ժամանակ աղոթելով և զգոն լինելով:

     

    Այսպիսին է հովիվը, ով երբեք չի լքում իր հոտը. «Նա առաջնորդում է այն՝ ճանապարհ հարթելով, նա նրանց հետ է, որպեսզի քաջալերի, նա նրանց հետևում է, որպեսզի օգնի հետ մնացողներին»: Քահանան պետք է լինի ուշադիր և պատրաստ փոփոխությունների, քանզի «միակուռ» և խիստ ծառայությունը երբեմն չի կարող ընկալել փոփոխությունները և նրա նոր պահանջները համայնքում: Բարի հովիվը սիրում և ճանաչում է իր հոտին, դառնում է ամեն ինչ բոլորի համար՝ խուսափելով գերիշխանության և անտարբերության գայթակղություններից:

     

    Վերջապես, Սբ. Հովսեփը «երազող հայր է», սակայն նա չի սավառնում երկնքում, այլ՝ ամուր կանգնած է գետնին, ով կարող է մարգարեանալ և «բացահայտել Աստծո ծրագիրը, որտեղ ուրիշները ոչինչ չեն տեսնում»: Դա նրան թույլ է տալիս հստակ ընդգծել նպատակները, որոնց պետք է ձգտել: Այսպիսով, Մարիամի և Աստվածամանուկի մեջ Հովսեփը տեսնում էր ոչ միայն երիտասարդ հարսնացու և երեխա. Նա միշտ նրանց մեջ տեսնում էր Աստծո արարքը, Աստծո ներկայությունը»: Պաշտպանելով անօգնական Մանուկին և Նրա Մորը՝ Հովսեփը նախընտրում էր ավելի շատ հավատալ Աստծուն, քան իր սեփական կասկածներին. Նա դարձավ գործիք առավել մեծ ծրագրի համար՝ իր անխոնջ, թաքուն և մեծահոգի ծառայության շնորհիվ, ընդհուպ մինչև իր կյանքի լուռ ավարտը»:

     

    Քահանաները պետք է կարողանան երազել ծխական համայնքի մասին, որում հավատացյալները սիրում են միմյանց՝ վստահելով Սուրբ Հոգուն և Աստծո սիրուն: Նորին Սրբությունը կոչ արեց երիտասարդ քահանաներին կրկին իրենց համար բացահայտել Սուրբ Ընտանիքի Խնամակալի անձն ու առաքելությունը, ով Աստծո կամքին հնազանդ խոնարհ ու ստեղծագործ ծառա էր: «Օգտակար է քեզ ու քո կոչումը վստահել Նրա պաշտպանությանը և Նրանից սովորել հայրության արվեստը» առաջիկա հովվական ծառայության համար, – ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

     

Օրացույց

Օրացույց