«Իրաքի տարբեր Եկեղեցիները՝ յուրաքանչյուրն իր դարավոր պատմական, ծիսական և հոգևոր ժառանգությամբ, նման են բազմաթիվ առանձին երփներանգ թելերի. միահյուսվելով՝ նրանք կազմում են մի գեղեցիկ գորգ»
Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը մարտի 5-8-ը հովվական այցելությամբ գտնվում էր Իրաքում: Սա կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո նրա առաջին միջազգային հովվական ուղևորությունն էր:
Բաղդադ այցելության առաջին օրը Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպեց եպիսկոպոսների, քահանաների, վանականների, ճեմարանականների հետ մայրաքաղաքի Ասորական Կաթողիկէ Մայր Տաճարում։ Հենց այս տաճարում էր, որ 2010թ․ տեղի ունեցավ ջիհադիստների հարձակումը, որի արդյունքում տաճարը ողողվեց 48 նահատակների արյամբ:
«Մենք հավաքվել ենք Տիրամոր Փրկության այս տաճարում, որն օրհնվեց եղբայրների և քույրերի արյամբ, ովքեր շատ բարձր գին վճարեցին՝ Տիրոջն ու Նրա Եկեղեցուն հավատարիմ լինելու համար, – ասաց Նորին Սրբությունը, ողջունելով հոգևորականությանը և հավատացյալներին։ – Թող նրանց զոհողության հիշողությունը ոգեշնչի և նորոգի մեր ապավինումը Խաչի զորությանն ու Նրա փրկարար ներման, հաշտության և վերածնման ուղերձի նկատմամբ»։
Ընդգծելով, որ համավարակն էլ ավելի բարդացրեց հովվական աշխատանքը, Սրբազան Քահանայապետն ասաց, որ այս պայմաններում ևս «ոչ մի դեպքում չպետք է արգելափակվի կամ նվազի մեր առաքելական ավյունը», որը իրաքցի կաթողիկէները ստանում են հին արմատներից և այս հողում Եկեղեցու անդադար ներկայությունից։
«Մենք գիտենք, – շարունակեց Նորին Սրբությունը, – թե որքան հեշտ է վարակվել հուսահատության վիրուսով, որը, ինչպես երբեմն թվում է, տարածվում է մեր շուրջը: Սակայն Տերը մեզ արդյունավետ պատվաստանյութ է տվել այս վատ վիրուսի դեմ՝ հույսը՝, որը ծնվում է անդադար աղոթքից և առօրյա հավատարմությունից մեր առաքելության հանդեպ»:
Քրիստոսի սերը խրախուսում է մեզ մի կողմ դնել եսակենտրոնությունն ու մրցակցության ոգին և ձգտել համընդհանուր միասնության՝ ստեղծելով եղբայրների և քույրերի համայնք, որոնք ընդունում ու հոգ են տանում միմյանց մասին։ Սրբազան Քահանայապետն Իրաքի քրիստոնյաներին համեմատեց գորգի հետ․
«Իրաքի տարբեր Եկեղեցիները՝ յուրաքանչյուրն իր դարավոր պատմական, ծիսական և հոգևոր ժառանգությամբ, նման են բազմաթիվ առանձին երփներանգ թելերի. միահյուսվելով՝ նրանք կազմում են մի գեղեցիկ գորգ, որը ոչ միայն ցույց է տալիս մեր եղբայրությունը, այլ նաև մատնանշում է դրա աղբյուրը․ Աստված է այդ գորգի վարպետը, Նա համբերատար հյուսեց այն և հոգատարությամբ նորոգում է»։
Այնուհետև Նորին Սրբությունը հիշեցրեց, որ հովիվները, քահանաները, վանականները և քրիստոնեական ուսմունքի ուսուցիչներն ունեն տարբեր պարտականություններ՝ Եկեղեցու առաքելության նկատմամբ: Երբեմն կարող է լինել անհասկացողություն և լարվածություն․ դրանք եղբայրության թելերը կտրող հանգույցներ են։ Մենք այդ հանգույցները կրում ենք մեր մեջ, քանզի մենք բոլորս մեղավորներ ենք: Այնուամենայնիվ, դրանք կարող են քանդվել Ողորմածությամբ, մեծագույն սիրով, ներման և երկխոսության միջոցով:
Դիմելով մասնավորապես եպիսկոպոսներին՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց նրանց ծառայության կողմերից մեկը՝ մերձավորությունը։ Մերձավորություն Աստծուն՝ աղոթքի միջոցով, մերձավորություն հավատացյալներին և քահանաներին, «որպեսզի նրանք մեզ չընկալեն որպես վարչարարներ կամ կառավարիչներ, այլ՝ որպես հայրեր», – պարզաբանեց Նորին Սրբությունը։
Երեցների, վանականների, ճեմարանականների և քրիստոնեական ուսմունքի ուսուցիչների ծառայությունը ևս ունի վարչական բաղադրիչ, սակայն «դա չի նշանակում, որ մենք ամբողջ ժամանակը պետք է անցկացնենք ժողովներում կամ գրասեղանների շուրջը»։ Կարևոր է լինել հոտի մեջ՝ նրան ուղեկցելով ձեր ներկայությամբ:
«Մի՛ հեռացեք Աստծո սուրբ ժողովրդից, որի մեջ դուք ծնվել եք»:
Հիմք ընդունելով նրանց վկայությունը, ովքեր նահատակվեցին այս տաճարում՝ Սրբազան Քահանայապետը շնորհակալություն հայտնեց հոգևորականությանն ու հավատացյալներին այն բանի համար, որ նրանք փորձում են խաղաղություն հաստատել իրենց համայնքներում և երկխոսում են այլ կրոնների հավատացյալների հետ՝ սերմանելով հաշտության և բարիդրացիության սերմեր։
Նորին Սրբությունը հատուկ խոսքով դիմեց երիտասարդությանը, որը հանդիսանում է «խոստման և հույսի կրողը» Իրաքում, որը հարուստ է ոչ միայն հնագիտական ժառանգությամբ: «Տարեցների հետ միասին նրանք հանդիսանում են այս երկրի մարգարիտը, ծառի ամենահյութեղ պտուղները․ մենք պետք է դրանք մշակենք բարության մեջ և ոռոգենք հույսով»:
Իր ելույթի ավարտին Սրբազան Քահանայապետը մաղթեց Իրաքի հովիվներին և հավատացյալներին, որ փորձություններում հասունացած և նահատակների արյունով զորացած իրենց վկայությունները լինեն այն լույսը, որը փայլում է Իրաքում և նրա սահմաններից դուրս՝ հռչակելով Տիրոջ մեծությունը, որպեսզի ժողովրդի ոգին ուրախանա մեր Փրկիչ Աստծով։
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան