Երբեք չերկխոսե՛ք սատանայի հետ
«Մենք կանչված ենք՝ Աստծո ճանապարհներով քայլելու համար, որպեսզի նորացնենք մեր Մկրտության խոստումները. հրաժարվել սատանայից, նրա բոլոր գործերից և գայթակղություններից», – ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրաբազան Քահանայապետը՝ 2021թ. փետրվարի 21-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ:
Մեծ Պահքի առաջին կիրակի օրը Աստծո Խոսքը ցույց է տալիս մեզ, թե ինչպես առավել արդյունավետ ապրել այս քառասուն օրերը, որոնք ամեն տարի մեզ տանում են դեպի Զատկի տոնը. դա Հիսուսի անցած ճանապարհն է, ասաց Նորին Սրբությունը:
Մարկոս Ավետարանիչն իրեն բնորոշ լակոնիզմով հայտնում է, որ Հորդանան գետում մկրտվելուց հետո Հիսուսի վրա է իջնում Սուրբ Հոգին և Նրան տանում անապատ, որտեղ Նա հանդիպում է փորձչին: «Հիսուսի ամբողջ կյանքը Աստծո Հոգու նշանի տակ է, Որը ոգեշնչում և առաջնորդում է Նրան», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Սակայն եկե՛ք մտածենք այն մասին, թե ինչ է անապատը, շարունակեց Նորին Սրբությունը. անապատն այն տեղն է, որտեղ Աստված խոսում է մարդու սրտի հետ և որտեղ ծնվում է աղոթքի պատասխանը: Սակայն դա նաև փորձության տեղ է, որտեղ սատանան, օգտագործելով մարդկային թուլություններն ու կարիքները, սերմանում է տարբեր գայթակղություններ՝ մարդուն Աստծուց հեռացնելու համար: Անապատում Հիսուս պայքար է սկսում սատանայի հետ, որը կավարտվի Իր չարչարանքներով և մահով Խաչի վրա.
«Քրիստոսի ողջ ծառայությունը պայքար է սատանայի հետ. հիվանդությունների բուժում, անմաքուր ոգիների դուրս մղում, մեղքերի թողություն: Թվում է, թե սատանան հաղթում է, երբ Հիսուս ցույց է տալիս, որ Ինքը խոսում և գործում է Աստծո զորությամբ. Աստծո Որդուն մերժում են, լքում, ձերբակալում և դատապարտում մահվան: Թվում է, թե այս պայքարում սատանան հաղթում է, սակայն իրականում հենց մահն էր վերջին «անապատը», որը պետք է անցներ Հիսուսը, որպեսզի վերջնականապես հաղթեր Սատանային և մեզ բոլորիս ազատեր նրա իշխանությունից: Հիսուսը հաղթեց մահվանը անապատում, որպեսզի հարություն առներ»:
Հիսուսի փորձությունն անապատում հիշեցնում է մեզ, որ Տիրոջ ճանապարհով քայլող քրիստոնյայի կյանքը պայքար է չար ոգու դեմ, շարունակեց Նորին Սրբությունը: Ավետարանի այդ հատվածը ցույց է տալիս մեզ, որ Հիսուս ինքնակամ դիմադրեց և հաղթեց փորձչին, սակայն միևնույն ժամանակ հիշեցնում է, որ սատանան մեզ ևս կարող է գայթակղել, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Մենք պետք է գիտակցենք այդ խորամանակ թշնամու ներկայությունը, ում միայն հետաքրքրում է մեր հավիտյան անիծված լինելն ու պարտությունը, և պետք է պատրաստ լինենք պայքարելու նրա դեմ: Աստծո շնորհը մեզ հավաստիացնում է, որ թշնամու նկատմամբ մենք հաղթանակ կտանենք՝ հավատքի, աղոթքի և ապաշխարության միջոցով:
Նորին Սրբությունն ասաց, որ Հիսուս երբեք չի երկխոսել սատանայի հետ: Նա դուրս է մղում նրան դիվահարներից, դատապարտում է կամ էլ բացահայտում է նրա չար մտադրությունները, սակայն երբեք չի երկխոսում: Անապատում, որտեղ թվում էր, թե երկխոսություն է տեղի ունեցել, Հիսուս պատասխանում է փորձիչին Աստծո Խոսքով: Սա հստակ հրահանգ է յուրաքանչյուրիս համար՝ առն այն, որ ոք երբեք չպետք է երկխոսության մեջ մտնել սատանայի հետ:
Մեծ Պահքի ժամանակ Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ, ինչպես Հիսուսին, դեպի մենության խորհրդանշական անապատը, որտեղ մենք կարող ենք լուռ լսել Աստծո Խոսքը, որպեսզի «իսկական ապաշխարություն տեղի ունենա մեր մեջ»: Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց չվախենալ անապատից, շատ աղոթել և քիչ խոսել: «Եկե՛ք ապավինենք Սուրբ Կույս Մարիամի մայրական բարեխոսությանը», – ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը