«Աստված անտարբեր չէ և մեզանից «անվտանգ» հեռավորություն չի պահպանում, ընդհակառակը, Նա կարեկցանքով է մոտենում և հաղորդակից դառնում մեր կյանքին, որպեսզի Իր քնքշությամբ բուժի»
Մերձավորություն, կարեկցանք և քնքշություն՝ մարդկության, մարմնի և ոգու ամեն տեսակ բորոտությամբ հիվանդների նկատմամբ. Աստված սիրով է դիպչում մեր վերքերին, չճանաչելով մեղքը՝ Նա մեզ համար Ինքն Իրեն մեղավոր արեց (2 Կորնթ. 5, 21), իր խորհրդածության մեջ պարզաբանեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ 2021թ. փետրվարի 14-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ:
Կիրակնօրյա ավետարանական ընթերցանության հատվածը պատմում է Հիսուսի և բորոտի հանդիպման մասին (Մրկ. 1,40-45): Բորոտները համարվում էին անմաքուր և, Օրենքի համաձայն, պետք է հեռու մնային բնակելի վայրերից, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. «Մարդկային, սոցիալական և կրոնական ամեն տեսակ հարաբերությունները նրանց համար արգելված էին՝ օրինակ, նրանք չէին կարող մտնել ժողովարան և տաճար՝ նույնիսկ երկրպագության համար»: Անտեսելով այս բոլոր արգելքները՝ Հիսուս թույլ է տալիս այդ մարդուն մոտենալ Իրեն և, գթալով նրան, կատարում է այդ ժամանակների համար մի աներևակայելի արարք. Նա դիպչում է բորոտին, որպեսզի բուժի նրան: Այսկերպ Նա կատարում է Իր հռչակած Ավետիսը.
«Աստված մեր կյանքում մեզ մոտեցավ, Նա կարեկցում է վիրավոր մարդկության ճակատագրին և գալիս է, որպեսզի ոչնչացնի այն պատնեշները, որոնք խանգարում են մեզ ապրել Իր, այլ մարդկանց և ինքներս մեզ հետ: Նա մոտեցավ… Մերձավորություն. լա՛վ հիշենք այս խոսքը: Կարեկցանք. Ավետարանում ասվում է, որ Հիսուս տեսավ բորոտին և գթաց նրան: Եվ քնքշություն: Երեք բառ, որոնք բնորոշում են Աստծո գործելաոճը, Նրա «ձեռագիրը»՝ մտերմություն, կարեկցանք, քնքշություն:
Այս դրվագում մենք տեսնում ենք, ըստ էության, երկու նմանատիպ «խախտումներ». դա բորոտի արարքն էր, ով մոտեցավ Հիսուսին, չնայած արգելված էր այդպիսի բան անել, և Հիսուսի վերաբերմունքը, Ով, անտեսելով արգելքը՝ գթաց և քնքշությամբ դիպավ նրան, որպեսզի բուժեր: Նրանք երկուսն էլ համարվում էին Օրենքը խախտողներ, պարզաբանեց Նորին Սրբությունը: Երկու «խախտող» և երկու «խախտում»:
Առաջինը բորոտի արարքն էր: Նրա հիվանդությունը Աստծո պատիժ էր համարվում, սակայն Հիսուսի մեջ նա տեսավ Աստծո մեկ ուրիշ դիմագիծը՝ ոչ թե պատժող, այլ՝ կարեկցող ու սիրող Հոր, Ով ազատում է մեզ մեղքից և երբեք չի զրկում իր ողորմածությունից: Այսպիսով, Հիսուսի մեջ տեսնելով Աստծո՝ Ով կիսում էր նրա ցավը, նա խախտեց մեկուսացման Օրենքը: Հիսուսի վերաբերմունքը գրավում է նրան և խրախուսում է բացվել՝ պատմելով իր տխուր պատմությունը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը և հիշատակեց «լավ քահանա-խոստովանահայրերի մասին, ովքեր իրենց ծառայությամբ գրավում են իրենց մեղքերի ծանր բեռը կրող մարդկանց»: Այդ խոստովանահայրերը գործում են ոչ թե մտրակով, այլ՝ քնքշությամբ և կարեկցանքով, հիշեցնելով, որ Աստված բարի է, որ Նա միշտ ներում է: «Եկե՛ք այսօր այս հրապարակում ծափահարենք գթասիրտ խոստովանահայրերին», – կոչ արեց Նորին Սրբությունը:
Երկրորդը Հիսուսի արարքն էր: Չնայած Օրենքն արգելում էր դիպչել բորոտներին՝ Նա արեց դա, որպեսզի բուժեր:
«Ոմանք կարող են ասել. «Նա մեղք գործեց, խախտեց Օրենքը, Նա խախտող է»: Դա ճիշտ է, Նա խախտող է: Նա չսահմափակվեց խոսքերով, այլ՝ նաև դիպչեց: Իսկ սիրով դիպչել՝ նշանակում է հաստատել հարաբերություններ, ներգրավվել մեկ այլ մարդու կյանքում և կիսել նրա վերքերի ցավը: Իր արարքով Հիսուս ցույց է տալիս, որ Աստված անտարբեր չէ և մեզանից «անվտանգ» հեռավորություն չի պահպանում, ընդհակառակը, Նա կարեկցանքով է մոտենում և հաղորդակից դառնում մեր կյանքին, որպեսզի Իր քնքշությամբ բուժի»:
Այսօր ամբողջ աշխարհում շատ մարդիկ տառապում են Հանսենի հիվանդությամբ (բորոտությամբ), կամ այլ հիվանդություններով, շարունակեց Նորին Սրբությունը՝ընդգծելով, որ այդ հիվանդությունները ևս ուղեկցվում են նախապաշարմունքներով:
Սոցիալական նախապաշարմունքները մարդկանց բաժանում են «անմաքուրների», «մեղավորների», «խարդախների»: Երբեմն սա ճիշտ է, ասաց Սրբազան Քահանայապետը, սակայն պետք չէ որևէ մեկին դատապարտել՝ նախապաշարմունքների ազդեցության տակ ընկնելով, քանի որ մեզանից յուրաքանչյուրն էլ ունենում է ցավեր, անհաջողություններ, տառապանքներ, որոնք դարձնում են մեզ ինքնամփոփ: Տեսնելով դա՝ Հիսուս ասում է, որ Աստված գաղափար կամ վերացական ուսմունք չէ: Աստված Նա է, Ով Իրեն «պղծում է» մեր վիրավոր մարդկային բնույթով և չի վախենում դիպչել մեր վերքերին: Այդ մասին խոսում է Սբ. Պողոս առաքյալը. Հիսուսը մեզ համար դարձավ «զոհ՝ մեղքի համար» (2 Կրնթ. 5, 21):
Հեղինակությունը և համընդհանուր կանոնները պահպանելու համար մենք հաճախ լռեցնում ենք ցավը կամ թաքցնում բարեկեցության դիմակի տակ: Հնազանդվելով եսասիրական շահերին կամ էլ վախերին՝ մենք հիմնականում տեղյակ չենք լինում ուրիշների տառապանքներից: Եկե՛ք Տիրոջից շնորհ խնդրենք այդ երկու «խախտումներով» ապրելու համար՝ բորոտի անհնազանդությամբ, որպեսզի մենք համարձակություն ունենանք դուրս գալու մեր մեկուսացումից, դադարենք սգալ մեր անհաջողությունների համար և գնանք դեպի Հիսուսը՝ Նրան ներկայանալով այնպիսին, ինչպիսիք կանք և և ապրենք Հիսուսի անհնազանդությամբ՝ Նրա սիրով, որը հաղթահարում է ցանկացած պայմանականություն, նախապաշարմունք և վախ: Սովորե՛նք լինել «խախտողներ», ինչպես բորոտն ու Հիսուսը, իր խորհրդածության ավարտին կոչ արեց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան