• Աղոթական հրաժեշտը՝ նորոգ ննջեցյալ Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանին՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց մայր տաճարում

    Աղոթենք Սրբազան Հոր համար՝ այն վստահությամբ, որ Աստված նրան կդասի իր երանելի արդարների հետ և կարժանացնի հաղթական հոգևոր պայքարի դափնեպսակին


    Փետրվարի 17-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ վասն նորոգ վախճանյալ Արհ. Տ. Նշան Գարաքեհեյանի  և կատարվեց հուղարկավորության Եկեղեցու կարգը՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, առընթերակայությամբ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի և Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի, բարձր ներկայությամբ Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Արհ. Տ. Խոսե Արքեպս. Բեթանկուրի և մասնակցությամբ Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականների, Մխիթարյան հայրերի, Անարատ Հղության հայ քույրերի, Հայկական Կարիտասի աշխատակիցների, Սրբոց Հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանի սաների և հավատացյալ ժողովրդի:

    Սուրբ Պատարագից հետո Հ. Նարեկ Վրդ. Մնոյանն ընթերցեց Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանի կենսագրականը: Ապա Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը դիմեց ներկաներին՝ նախ հիշեցնելով Պողոս առաքյալի՝ Տիմոթեոսին ուղղված 2-րդ թղթի տողերը. «Ես իմ կյանքն իբրև զոհ՝ նվիրել եմ, և իմ մեկնումի ժամանակն էլ մոտեցել է: Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը», Բ Տիմ. 4, 6-7: Այս տողերը Նշան Սրբազանի համար են, ասաց Ռաֆայել Սրբազանը, որ լավ է ճանաչում նորոգ ննջեցյալ վաստակավոր Առաջնորդին և վերջին տարիներին սիրով հյուրընկալել էր նրան իր Առաջնորդական նստավայրում և հոգ էր տանում նրան եղբայրական սիրով և համակ ուշադրությամբ: «Նշան Սրբազանն էլ պայքարող, հավատքի համար պատերազմող մի անհատականություն էր իր ամբողջ կյանքում, որ անխոնջ աշխատեց՝ Քրիստոսի Եկեղեցու համար:-ասաց Ռաֆայել Սրբազանը և ապա իր խոսքն ուղղելով արդեն լուսահոգի եղբորը՝ շարունակեց.-Այո;, Սրբազան Հա՛յր, տարար բարի պատերազմը, պահեցիր հավատքդ, եղար հոգիների բժիշկ՝ լսելով մեղքերն ու տալով արձակում՝ չարչարված մարդկանց: Այո՛, Սրբազան Հայր, դու էլ Սուրբ Պողոսի նման կարողացար ասել՝ ավարտեցի ընթացքս. ի՛նչ երջանկություն է, սա, երբ մարդ կարողանում է իր կյանքի մայրամուտին ասել Քրիստոսին՝ Տեր, ես ավարտեցի ընթացքս և Քո սիրո համար պատերազմեցի բարի պատերազմը: Այս վկայությունից հետո արժանացար հավիտենական երջանկության դափնեպսակին: Այսօր Քրիստոս Երկնքում քեզ ընդունում է իր Մոր հետ, ում ամեն օր պատվում էիր Վարդարանով: Վստահ եմ, որ Քրիստոսի հետ միասին դիտում ես մեզ և բարեխոսում մեզ համար: Հայր Նշան, շարունակի՛ր բարեխոսել մեզ համար, հայրենիքի համար, մեր համայնքի հավատացյալների, մեր միաբանության և հոգևորականների համար և խնդրի՛ր Հոր աստվածային օրհնությունը,  նախախնամությունը և մնայուն ներկայությունը մեր մեջ. ամեն»:

     

     

    Պապական նվիրակ Արհ. Տ. Խոսե Արքեպս. Բեթանկուրը  ներկաներին ասաց հետևյալը.

     

    «Գերապայծառ Տե՛ր, սիրելի՛ քահանաներ և մայրապետներ, թանկագին եղբայրներ և քույրեր։

     

    Ես ցանկանում են տեղական այս Եկեղեցուն հայտնել իմ անձնական և Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ցավակցությունը, ով մեզ ընկերակցում է իր աղոթքներով՝ Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանի հոգու համար։ Երևակայում եմ, որ հեռավոր 1960թ․ հուլիսի 2-ին, երբ Նշան Սրբազանը ձեռնադրվեց քահանա, կրում էր իր սրտում ամբողջ ուրախությունը՝ խանդավառությամբ, որոնք սովորաբար ընկերակցում են քահանային իր ձեռնադրության և առաջին Պատարագի օրվանից։

     

    Եկեղեցում ապրած հովվական ծառայության զանազան պաշտոնների ընթացքում նա մեծ փորձառություն ունեցավ՝ որպես Զմմառի ճեմարանի տեսուչ և հոգևոր Հայր, Հունաստանում և Միջին Արևելքի բազմաթիվ երկրներում քահանայական ծառայության, Զմմառի վանքի ընդհանուր տեսչության, Արևելյան Եվրոպայում և Պարսկաստանում եպիսկոպոսական ծառայության ժամանակ:  Որպես քահանաներ, պետք է հուսանք, նախևառաջ, ոչ թե մեր անձնական խանդավառության և վեհանձնության պաշարների վրա, այլ՝ հատկապես, և ես կասեի, բացառապես, Աստծո հավատարմության վրա. Աստծո, ում կանչված ենք բացահայտելու և ընդունելու օրըստօրե։ Ինչպես Սրբազան Հայրը նշում է իր խոսքերում, «որևէ քահանայի և, հատկապես, որևէ եպիսկոպոսի կյանքի ընթացքում բացահայտվում է այս ճշմարտությունը»։ Իսկապես, պետք է հրաժարվենք մեր ունեցվածքից, ինքնաբավարարության որևէ հավակնությունից, որովհետև կյանքն ինքնին և մեր նվիրումը, ծառայությանը կամաց-կամաց մերկացնում է մեզ ամեն ինչից, որպեսզի Տեր Հիսուսն ամեն ինչ լցնի Իր շնորհով։

     

    Հիվանդությունը, որով տառապում էր իր կյանքի վերջին տարիներին Գերապայծառ Նշանը, օգնեց նրան վճռականորեն կողմնորոշվելու դեպի այն, ինչը պետք գրավի մեր բոլորի ուշադրությունը․ մեր վերջին ճամփորդության խորհուրդը։ Այն անցումը, որի մեջ պետք է լքենք մեր ամբողջ ունեցվածքը և մինչև իսկ մեր այս երկրային կյանքը՝ լինելու համար մինչև վերջ Տեր Հիսուսի աշակերտները՝ Իր զատկական անցման մեջ դեպի հավիտենություն։

     

    Նշանակալի է, որ այս անցումը Գերապայծառ Նշանի համար կատարվեց Քառասնորդաց շրջանի սկզբնավորությամբ, որ ժամանակն է՝ նախապատրաստվելու Զատկին, մտնելու համար Տիրոջ հետ Արքայության կյանքի մեջ, որտեղ մահ չկա։

     

    Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Գերապայծառ Ռաֆայել Սրբազանին՝ այն ընդունելության, հյուրընկալության և հոգատարության համար, որ վեհանձնորեն ընծայեց մեր այս եղբորը իր կյանքի վերջին տարիների ընթացքում՝ նրա առջև բացելով իր տան դռները և օգնելով նրան բոլոր կարիքների մեջ։

     

    Սա եղբայրական սիրո ամենագեղեցիկ ու ամենապերճախոս վկայությունն է, որ պետք է լինի Տիրոջ աշակերտների միջև։ Շնորհակալությու՛ն Գերապայծառ Տեր։

     

    Այժմ Տերը թո՛ղ պարգևի Նշան Գերապայծառին նաև մեր աղոթքների շնորհիվ բաց դեմքով տեսնելու այն, ինչը բազմաթիվ անգամներ նա քարոզել է խորանի վրայից և լիովին վայելել գեղեցկությունը Հարուցյալ Քրիստոսի դեմքի և լսել Նրա ձայնը, որ ասում է․ «Ե՛կ հավատարիմ ծառա և մտիր քո Տիրոջ ուրախության մեջ. ամեն»։

     

    Պապական նվիրակի խոսքից հետո կատարվեց հուղարկավորության Եկեղեցու կարգը՝ ննջեցյալ արքեպիսկոպոսի համար՝ հուզիչ աղոթքներով և շարականներով, Սուրբ ԲարսեղԿեսարացու աղոթքով, որ գրված է հատուկ քահանայական դասին պատկանող ննջեցյալ անձանց համար: Արարողության վերջում Ռաֆայել Սրբազանի հրավերով բոլոր ներկաները միասնաբար աղոթեցին Տերունական աղոթքը՝ վասն նորոգ ննջեցյալ վաստակավոր Առաջնորդ Հոր հոգու հանգստյան:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց