• Ի Տեր հանգչեց վաստակավոր Առաջնորդ Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանը

    Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի


    Խոր ցավով գուժում ենք, որ 2021թ. փետրվարի 15-ին Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում 89 տարեկանում վախճանվեց Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանը՝ Վաստակավոր Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Կապադովկյան Կեսարիայի՝ Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի՝ 2005-2010թթ, Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Ադանայի հայոց, Առաջնորդ Հունաստանի և Պարսկաստանի հայ կաթողիկէների՝ 2010-2015թթ., Զմմառի Պատրիարքական Կղերի միաբանության անդամ:

     

    Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեյանը՝ մկրտության անունով Եղիան, ծնվել է Հունաստանի Բիրեա քաղաքում, 1932թ.:

     

    Նախնական կրթությունն ստացել է Հայ Կաթողիկե և ՀԲԸՄ միացյալ վարժարանում, Ս. Հակոբի ազգային վարժարանում, Հայ Կաթողիկե – Հ.Օ. Խաչ միացյալ վարժարանում, Ֆրեր Մարիստ գիմնազիայում: 1948թ. մտել է Զմմառի վանքի փոքր նորընծայարանը, իսկ 1955թ. ընդունվել Հռոմի Լևոնյան Վարժարան և 6 տարի հաճախել հիսուսյան հայրերի քահանայապետական Գրիգորյան համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության դասերին և ավարտել:

     

    Քահանա է ձեռնադրվել 1960թ. հուլիսի 2-ին: 1961-63թթ.եղել է Զմմառի նորընծայարանի հսկիչ, 1963-68թթ.՝ Պուրճ-Համուտի փոխժողովրդապետ, 1968-69թթ.՝ Կահիրեի փոխժողովրդապետ, 1969թ.՝ Բեյրութի փոխժովրդապետ, 1969-1976թթ.՝ Տիքվանի Զմմառյան ճեմարանի տնօրեն, 1976-1977թթ.՝ Զմմառի Մեծավոր և ընդհանուր մատակարար, 1977-78թթ.՝ Զալքայի հոգևոր հովիվ, 1978-1984թթ.՝ Սան-Պաուլոյի ժողովրդապետ և եպիսկոպոսական փոխանորդ, 1984-1991թթ.՝ Մարսելի ժողովրդապետ, 1991թ.՝ Հունաստանի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ, 1993-2001թթ.՝ Առաջնորդական Փոխանորդ Կաթողիկե Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի, 2001-2005թ.՝ Իրանի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ՝ 2001թ. ձեռնադրվելով եպիսկոպոս Իսպահանի թեմի:

     

    2005թ. Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետը Հ. Նշան Գարաքեհեյանին անվանեց Հայաստանի Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ՝ փոխարինելով Հ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանին: Թեմի առաջնորդի պաշտոնում Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեյանը ծառայեց մինչև 2010թ.-ը:

     

    2010-2015թթ. Արքեպս. Գարաքեհեյանը պաշտոնավարել է որպես Իրանի և Հունաստանի հայ կաթողիկէների առաջնորդ:

     

    2015-ից Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանը բնակվում էր Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում:

     

    Նորոգ հանգուցյալ Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանի աճյունը փետրվարի 16-ին՝ Ժամը 16:00-ին, կզետեղվի Երևանի Ս. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետության մեջ, ապա՝ ժամը 18:00-ին, կկատարվի Տան կարգը, իսկ փետրվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ Մաւր Տաճարում տեղի կունենա Սրբազան Հոր հուղարկավորության Եկեղեցու կարգը՝ Առաջնորդության հոգևորականների, հարազատների և հավատացյալների աղոթական մասնակցությամբ:

Օրացույց

Օրացույց