• Վարդանանց տոնի Սուրբ Պատարագը՝ Աշոցքի կաթողիկէ երիտասարդների միասնական մասնակցությամբ

    Կեցո՛, Տէր, զժողովուրդս քո և օրհնեա՛ զժառանգութիւնս քո …


    Փետրվարի 11-ին՝ Սրբոց Վարդանանց տոնին, Մեծ Սեպասարի Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որին իրենց մասնակցությունը բերեցին ոչ միայն նույն համայնքի մեծաթիվ հավատացյալներ, այլև՝ երիտասարդներ հարևան Ղազանչի, Սիզավետ, Բավրա և Սարագյուղ հայ կաթողիկէ համայնքներից: Սուրբ Պատարագի դիտավորությունը նախևառաջ այդ համայնքներից 2020-ին Արցախյան պատերազմին մասնակցած և նահատակված երիտասարդների՝ Սամվել Մկրտչյանի, Ջիվան Գրիգորյանի, Գնել Գաբրիելյանի և Մելիքսեթ Արոսյանի հոգիների հավերժական խաղաղության համար էր, նրանց հարազատները ևս ներկա էին Սուրբ Պատարագին:

     

    Առաքելական նամակի ընթերցումից հետո երիտասարդներից մեկն ընթերցեց մի հատված՝ Եղիշեի «Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին» պատմավեպից, Վարդանի խոսքերն՝ ուղղված իր զինվորներին Ավարայրի ճակատամարտի նախօրեին:

     

    Քարոզիս ժամանակ խոսեցի Սուրբ Վարդան Մամիկոնյանի և 1036 վկաների՝ հատկապես հոգևոր ինքնության և հավատքի համար նահատակության արժեքի վերաբերյալ՝ զուգահեռներ տանելով Արցախյան պատերազմում ընկած մեր նոր նահատակ երիտասարդների հետ: Սա հավատքի համար նահատակության մի պատմական շարունակականություն է, ազգային մի ճակատագիր, որն ուղեկցում է հավատքի դավանությանը, Աստծո հանդեպ հավատարմության ուխտադրությանը, որը մշտապես թանկ է եղել մեր ազգի նվիրյալ քրիստոնյա զավակների համար: Սուրբ Վարդանանք քաջ գիտակցում էին իրենց կարողությունները՝ որպես բանակ և ժողովուրդ, բայց գնացին նահատակության, քանի որ միայն այդպե՛ս կարող էին փաստել իրենց սերը Երկնային Վարդապետի հանդեպ, որի Խաչի ճանապարհով գնացին դեպի հայոց Գողգոթան՝ Ավարայրը: Վարդանանց նահատակության վերարժևորման կարիքն այսօր զգալի է ավելի՛, քան երբևէ, որովհետև մեր հայ հասարակության մեջ աժեզրկված է հավատքի համար զոհողություններ կատարելու սկզբունքը, քրիստոսանմանությունը, հոգևորի առաջնայնությունը: Բայց, մեր նորօրյա նահատակ երիտասարդները, որոնց հոգևոր կյանքն ինձ ծանոթ էր, փաստում են, որ իրենք իրենց կյանքը չվարանեցին վտանգել ոչ թե պարզապես հրաման կատարելու համար, այլ՝ հոգևոր և հայրենասիրական պատվախնդրության համար: Վարդանանց տոնի կարևորագույն ուղերձը հետպատերազմական այս դժվարին օրերում ապրող հայ հավատացյալներին Եբրայեցիներին ուղղված առաքելական նամակի տողերն են. «Ուրեմն, մտաբերե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց մեղավորների՝ իր հանդեպ ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի, թե հոգնեք և հուսալքվեք…», Եբր. 12, 3: Այս օրերին շատերն են հուսալքված, բայց Քրիստոս իր աստվածային շնորհով զորացնում է յուրաքանչյուր նվաղած և բեկյալ սիրտ, որ ներկա է իր Սուրբ Զոհին և բացված է Իր սիրո ներգործության առջև, որ եկել է Իրենից խնդրելու կյանքը շարունակելու զորությունը, կյանքի իմաստը վերագտնելու ճանապարհը, իր կորած զավակին վստահությամբ և խաղաղությամբ Աստծո ձեռքերի մեջ հանձնելու և Երկնային Արքայության ապահովությանը ապավինելու կարողությունը: Հիշելով մեր նահատակ սրբերին՝ մենք այսօր հրավիրված ենք վերաիմաստավորելու մեր նահատակ հարազատների, զավակների մահը և «հավատքի զորագլխի»՝ Հիսուսի նման, վերցնելու մեր դարավոր խաչը և ընթանալու դեպի «մեր առաջ դրված ուրախությունը», ըստ առաքյալի խոսքերի՝ Եբր. 12, 2:

     

    Սուրբ Պատարագի ավարտին երիտասարդներն ու պատանիներն իրենց սրտի խոսքն ասացին նահատակ ավագ ընկերների մասին, արտասանեցին բանաստեղծություններ: Ապա կատարեցինք Ամենասուրբ Հաղորդության երկրպագություն:

     

    Մի քանի րոպե եկեղեցին քարացել էր բազմության աղոթական լռության մեջ, ապա Սուրբ Հաղորդության առջև ծնրադիր՝ աղոթեցինք, որ Աստված իր երանելիների շարքին դասի մեր նահատակ զինվորներին, աղոթեցինք մեր անհետ կորած սիրելի երիտասարդների համար, գերեվարվածների վերադարձի համար, վիրավոր զինվորների ապաքինման համար և, իհարկե, աշխարհի խաղաղության համար, մեր երիտասարդների խաղաղասիրության, միասնականության, հոգևոր աճման համար: Աղոթեցինք լեհ Սրբուհի Ֆաուստինա Կավալսկայի աղոթքները՝ Սուրբ Հաղորդության առջև, ապա՝ Սրբոց Վարդանանց ուղղված մի գեղեցիկ աղոթք՝ խնդրելով նրանց բարեխոսությունը մեր երիտասարդների համար: Աղոթքն ավարտվեց Սուրբ Հաղորդությամբ օրհնությամբ:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

    Հոգևոր հովիվ՝ Աշոցքի հինգ հայ կաթողիկէ համայնքների

     

Օրացույց

Օրացույց