Պատգամս է, որ այս դժուարութիւնները անցնելուց յետոյ կարողանանք արթնանալ հոգեպէս եւ վերստին դառնալ դէպի Յիսուս Քրիստոսը այն մտերմութեամբ, որ Նա մեզանից սպասում է
Այսօր տօնում ենք մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Ծննդեան տարեդարձը: Տարեդարձ, որը մեզ մեծ ուրախութիւն է պատճառում, սակայն այդ ուրախութիւնն այսօր մի քիչ տարբեր գոյնով է, մելամաղձոտ, որովհետեւ անցել ենք ընդ հուր եւ ընդ ջուր: Քրիստոսի ծննդեան տօնը մէկ անգամ եւս արիւնով լուացուեց: Զոհուեցին մեր զաւակները՝ յանուն մեր խաղաղութեան եւ անդորրութեան, յանուն մեր ուրախութեան: Այն ուրախութիւնը, որ այսօր ապրում ենք աւելի հոգեւոր ուրախութիւն է՝ պսակուած Քրիստոսի ծննդեամբ:
Մենք՝ հայերս, որպէս առաջին քրիստոնեայ ազգ հպարտանում ենք մեր այդ տիտղոսով: Մենք միշտ ասում ենք, որ Աստուած մեզ հետ է, յիրաւի՛, Աստուած մեզ հետ է, սակայն մոռանում ենք այս բնաբանի երկրորդ մասը. արդեօ՞ք մենք Աստուծոյ հետ ենք, թէ մենք նոյնպէս մերժում ենք Նրան: Յիսուս Քրիստոսի ծննդեան վերջին ժամերին՝ դեռ աշխարհ չեկած, զանազան դռներ բախեցին Նրա երկրային ծնողները եւ մերժուեցին: Ի վերջոյ, Յիսուս ծնուեց ախոռի մէջ: Նա ուզեց ծնուել մեր տուների մէջ, սակայն մարդիկ մերժեցին նրան: Չլինի յանկարծ, որ այսօր մենք եւս մերժում ենք Նրան: Ճի՛շտ է, մենք գալիս ենք Եկեղեցի եւ Քրիստոսին առնում Սուրբ Հաղորդութեան Խորհուրդի միջոցով, բայց որքանո՞վ ենք իրապէս Նրա հետ: Այս է իրականութիւնը: Ուստի, պատգամս է, որ այս դժուարութիւնները անցնելուց յետոյ կարողանանք արթնանալ հոգեպէս եւ վերստին դառնալ դէպի Յիսուս Քրիստոսը այն մտերմութեամբ, որ Նա մեզանից սպասում է:
Թող մեր սրտերի մսուրը նման չլինի Բեթղեհէմի մսուրին: Չլինի յանկարծ, որ Քրիստոս գայ, թակի մեր սրտի եւ հոգու դուռը, իսկ մենք ելնենք ու ասենք, որ Նրա համար ժամանակ չունենք:
Հակառակ այս ամենին, մենք պահանջում ենք, որ Յիսուս Քրիստոսը միշտ մեզ հետ լինի, մեր նեղութիւնների մէջ միշտ յիշում եւ փնտռում ենք Նրան եւ միշտ ստանում այն, ինչ խնդրել ենք, սակայն, շատ յաճախ, մոռանում շնորհակալութիւն յայտնել: Այս է իրականութիւնը: Պէտք է ընդունենք մեր մեղաւորութիւնը: Մենք ասում ենք. «Աստուած ողորմած է, Աստուած ներողամիտ է»: Ճի՛շտ է, որովհետեւ Նա Հայր է, սակայն աստուածային արդարութիւնը պահանջում է հատուցում:
Սիրելի՛ հաւատացեալներ, Սուրբ Ծնունդը եւս մէկ առիթ է գիտակցելու, որ մեր երիտասարդները, ովքեր ընկան մարտի դաշտում՝ այսօր մեզ հետ միասին տօնում են Յիսուս Քրիստոսի ծնունդը, սակայն նրանք տօնում են երկնքում, քանզի անմեղ զոհերը դարձան այս պատերազմի: Մենք միայն ֆիզիքապէս բաժանուեցինք մեր երիտասարդներից, բայց ո՛չ հոգեպէս: Յիշում եմ, թէ ինչպէս մեր զինուորները սահմանին կանգնած աղօթում էին, բայց, թերեւս մենք մոռացել էինք աղօթել նրանց համար: Կ’ուզեմ, որ ունենանք այն քաջութիւնը, ինչ ունեն սահմանին կանգնած մեր զինուորները, որպէսզի Աստուծոյ Միածին Որդու ծննդեան յիշատակը վերազարթնի մեր սրտերի մէջ, ունենանք այն հոգեկան քաջութիւնը, որ կարողանանք ասել, թէ վերադառնում ենք դէպի Յիսուս Քրիստոս, վերադառնում ենք Նրա հետ ունեցած մեր մտերմութեանը, զղջում անցեալում գործած բոլոր մեղքերի համար, խոստովանում եւ ընդունում մեր մեղաւորութիւնը, միեւնոյն ժամանակ՝ խոստանալով, որ պաշտելու ենք մեր Փրկչին:
Աշխարհում տիրող այս տագնապային իրավիճակները՝ լինեն ջրհեղեղներ, երկրաշարժներ, պատերազմներ, հիւանդութիւններ, նշաններ են եւ կոչ, որ պէտք է դառնանք դէպի Քրիստոս: Սակայն միայն մեր դարձը բաւարար չէ: Քրիստոսի լոյսը, որ ամէն տարի Սուրբ Ծննդեան տօնին մեզ հետ տանում ենք մեր տուն, մեր զաւակներին եւ հարազատներին, թող դառնայ ուղեցոյց նաեւ նրանց համար, որպէսզի նրանք եւս անդրադառնան եւ միանան մեր միասնական աղօթքին, որպէսզի վերադառնանք այն մսուրը, որտեղ Քրիստոս խոնարհութեամբ, համեստութեամբ, պարզութեամբ եւ աղքատութեան մէջ ընդունեց այն, ինչ մարդկութիւնը տուեց իրեն: Թող որ այն նուէրը, որ այսօր մեզանից իւրաքանչիւրը կարող է տալ Յիսուսին՝ նման չլինի նուէրին, որ Նա ընդունեց իր ծննդեան առիթով, այլ լինի անգին նուէր, որ մեր սիրտն է, մեր հոգին եւ մարմինը: Ամբողջապէս ու լիովին նուիրւում ենք Քե՛զ, ով Քրիստոս, որ ծնուեցիր եւ յայտնուեցիր եւ մեզ փրկեցիր մեղքից: Ամէն: