• Միմյանց համար աղոթելու կարևորությունը

    «Յուրաքանչյուրը կարող է թակել աղոթողի դուռը և այնտեղ գտնել կարեկցող սիրտ, որն աղոթում է՝ չբացառելով որևէ մեկին»


    Իսկական աղոթքն անհնար է՝ առանց եղբայրների հանդեպ սիրո, չի կարելի աղոթել՝ լցված ատելության կամ անտարբերության ոգով: Նա, ով չի սիրում, կարող է միայն ձևացնել, թե աղոթում է:

     

    Աղոթող անձն երբեք չի անտեսում աշխարհը. եթե աղոթքում առկա չեն մարդկության ուրախությունն ու ցավը, հույսն ու տառապանքը, ապա այն վերածվում է զարդարանքի, մակերեսային թատերականացված ներկայացման: Այս մասին էր խոսում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2020թ. դեկտեմբերի 16-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ:

     

    Մենք բոլորս էլ երբեմն մեկուսանալու կարիք ունենք, որպեսզի  հատուկ ժամանակ և տարածություն տրամադրենք Աստծո հետ մեր հարաբերություններին: Սակայն սա չի նշանակում փախչել իրականությունից, քանզի աղոթքը կոնկրետ է, այն փախուստ չէ: Մեկուսացումն ու լռությունն անհրաժեշտ են ոչ թե նրա համար, որ ոչ ոք չխանգարի մեր աղոթքին, այլ՝ նրա համար, որպեսզի Աստծո ձայնն ավելի լավ լսելու համար, ընդգծեց Նորին Սրբությունը: Ամեն դեպքում, աղոթողը միշտ բաց է պահում իր սրտի դուռը: Այդ դուռը բաց է նրանց համար, ովքեր աղոթում են անգիտակցաբար, նրանց համար, ովքեր չեն աղոթում, այլ իրենց մեջ կրում են ճնշված մի աղաղակ, նրանց համար, ովքեր սխալվել են և շեղվել  ճանապարհից:

     

    «Յուրաքանչյուրը կարող է թակել աղոթողի դուռը և այնտեղ գտնել կարեկցող սիրտ, որն աղոթում է՝ չբացառելով որևէ մեկին»:

    Աղոթելիս՝ մենք մեկուսանում ենք բոլորից և ամեն ինչից, որպեսզի կրկին ձեռք բերենք ամեն ինչ և բոլորին՝ Աստծո մեջ. աղոթքն ընդգրկում է ամբողջ աշխարհը՝ իր ուսերին կրելով այլ մարդկանց ցավն ու մեղքերը: Աղոթքը, կարծես, Աստծո ալեհավաքն է՝ մեր աշխարհում: Աղոթքը խրախուսում է տեսնել Քրիստոսի դեմքը յուրաքանչյուր մարդու մեջ, ով թակում է մեր դուռը, ով կորցրել է կյանքի իմաստը:

     

    Կաթողիկէ Եկեղեցու Ուսմունքն ասում է. «Բարեխոսությունը խնդրանք է՝ ի նպաստ ուրիշների…., այն հատուկ է Աստծո ողորմության հետ հաշտ ապրող սրտին» (2635): Աղոթելիս՝ մենք ներդաշնակ ենք Աստծո ողորմության հետ՝ Նրա ողորմության՝ մեր մեղքերի և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր խնդրում են մեզ աղոթել իրենց համար և ում համար մենք աղոթում ենք՝ լինելով Աստծո սրտի հետ ներդաշնակության մեջ: «Եկեղեցու ժամանակներում, – ասվում է Քրիստոնեական ուսմունքի մեջ, – քրիստոնյաների բարեխոսական աղոթքը հաղորդակից է Քրիստոսի բարեխոսությանը. դա սրբերի հաղորդության արտահայտությունն է»:

     

    Հետևաբար, իսկական աղոթքն անհնար է առանց եղբայրների հանդեպ սիրո, չի կարելի աղոթել` լցված ատելության կամ անտարբերության ոգով: Նա, ով չի սիրում, կարող է միայն ձևացնել, թե աղոթում է:

     

    «Երբ Սուրբ Հոգով առաջնորդվող հավատացյալն աղոթում է մեղավորների համար, նա ընտրություն չի կատարում, դատավճիռ չի կայացնում, այլ աղոթում է բոլորի և նաև իր համար: Այդ պահին նա գիտի, որ ինքն առանձնապես ոչնչով չի տարբերվում նրանցից, ում համար աղոթում է՝ իրեն զգալով մեղավոր` մեղավորների մեջ և աղոթելով բոլորի համար»:

    Աշխարհն առաջ է ընթանում հենց այս բարեխոս աղոթողների շնորհիվ, ովքեր, որպես կանոն, մնում են անհայտության մեջ, բայց` ոչ Աստծո համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Եկեղեցին իր բոլոր անդամներով ունի առաքելություն` բարեխոսական աղոթք իրականացնելու համար և, հատկապես, նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում` ծնողները, ուսուցիչները, հոգևորականները, ժողովրդապետերը: Աբրահամի և Մովսեսի նման, նրանք ևս երբեմն ստիպված են «բարեխոսել» Աստծու առաջ՝ իրենց վստահված մարդկանց համար: Իրականում խոսքն այն մասին է, որ մարդկանց պետք է նայել Աստծո աչքերով և սրտով՝ Նրա անպարտելի կարեկցանքով և քնքշությամբ», – եզրափակեց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց