• «Ես ձեզ հետ եմ՝ որպես հայերի մեծ բարեկամ». Պապական նվիրակը ներկա գտնվեց Գյումրիի Սրբոց Նահատակաց տաճարում մատուցված Սուրբ Պատարագին

    «Դուք պետք է լինեք համբերատար, որովհետև աշխարհն արդեն իսկ փոխվել է»


    2020թ. դեկտեմբերի 6-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց կաթողիկէ մայր տաճարում կիրակնօրյա Սուրբ Պատարագին հավատացյալներին իր բարձր ներկայությամբ բերկրանք պարգևեց Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Արքեպիսկոպոս Արհ. Տ. Ժոսե Ավելինո Բեթթենկուրը՝ նվիրակության խորհրդական Հ. Ջուզեպպե Լատերցայի հետ միասին: Սուրբ Պատարագին ներկա էր նաև ֆրանսիական «Œuvre d’Orient» բարեսիրական կազմակերպության ներկայացուցիչ Վենսան Քայոլը: Հյուրերն եկել էին իրենց հոգատարությունն ու սերն արտահայտելու հայ ժողովրդին հանդեպ, որ այսքան տառապեց Արցախյան պատերազմի հետևանքով:

    Սուրբ Պատարագը մատուցեց Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը: Սուրբ Զոհի խորհրդակատարությանը ներկա էին նաև Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, Գերպ. Հ. Եղիա Վրդ. Դերձակյանը, Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը, «Աղաջանյան» ճամբարում ապաստանած արցախահայ ընտանիքները, հավատացյալներ՝ տարբեր հայ կաթողիկէ համայնքներից:

    Տ. Գրիգորն իր քարոզի սկզբում իր ուրախությունը հայտնեց պապական նվիրակի և մյուս հյուրերի ներկայության առթիվ և խոսեց օրվա ավետարանական հատվածի ուղերձի մասին՝ կարևորելով եղբայրասիրությունը, փոխօգնությունը և աստվածային շնորհների ճիշտ օգտագործումը՝ հոգևոր կյանքում պտղաբերելու համար.

     

    «Անցյալ կիրակի օրը խոսում էինք այն ամսին, որ չլինենք անպտուղ թզենու նման, այս կիրակի պիտի մեր սրտերում ու մտքերում ունենանք մեկ մտածում՝ ինչպե՞ս անենք, որ կարողանանք մասնակցել Տիրոջ երկնային խնջույքին, այն խնջույքին, որին մեզանից յուրաքանչյուրը հրավիրված է: Այս հարցը ամեն ոք կարող է իր մեջ գտնել ու մտածել, թե ուզում է արդյո՞ք մասնակիցը լինել Քրիստոսի այդ խնջույքին, թե դուրս մնալ անմիտ կույսերի նման: Այս հարցին պատասխանելու համար յուրաքանչյուր մարդ պիտի կարողանա իր մեջ ուժ գտնել և վստահաբար շարունակել գնալ այն ճանապարհով, որ Տեր Հիսուս Քրիստոսը առաջարկում է բոլորիս»:

     

    Սուրբ Պատարագի ավարտին Տ. Գրիգորը հրավիրեց պապական նվիրակ Արքեպիսկոպոս Արհ. Տ. Ժոսե Ավելինո Բեթթենկուրին իր հայրական խոսքն ուղղելու ներկաներին: Սրբազան Հայրն ասաց հետևյալը.

    «Ողջունում եմ բոլորիդ, որ եկել եք զանազան գյուղերից, հատկապես, բոլոր երիտասարդներին։ Ինձ համար մեծ ուրախություն է, որ այսօր ձեզ հետ եմ և ձեզ տեսնում եմ։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ն Տ. Ռաֆայել Արք Մինասյանին։ Սրբոց Նահատակաց մայր տաճարում շատ անգամ եմ հանդիպել Սրբազան Հորը՝ Տ. Ռաֆայել Մինասյանին և նրա միասին ապրել ենք եկեղեցական շատ գեղեցիկ օրեր։

    Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ, քանզի մեր օրը սկսեցինք աղոթքով։ Ինչպես Տեր Գրիգորը նշեց, աղոթքը միշտ պիտի ուղղվի Աստծուն և՛ լավ և՛ վատ օրերին։ Ես եկել եմ ձեզ մոտ՝ իբրև Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչ և դեսպան՝ Հայաստանում և Վրաստանում։ Ես ձեզ հետ եմ՝ որպես հայերի մեծ բարեկամ։ Մշտապես  հետևում եմ Հայաստանում տեղի ունեցած իրավիճակին և աղոթում եմ Հայաստանի և Արցախի համար։

    Շատ ուրախ եմ՝ այսօր այստեղ բազմաթիվ երիտասարդներ տեսնելու համար։ Երիտասարդները Եկեղեցու հույսն են։ Մենք շատ լավ գիտենք, որ այս օրհասական պահին Հայաստանն ապրեց երկու պատերազմ՝ անտեսանելի համաճարակ COVID-19-ը և Արցախյան պատերազմը։ Իսկապես, շատ ծանր ու դժվարին օրեր են բոլորիս համար։ Ուզում եմ իմանաք, որ Սրբազան Քահանայապետը մոտ է ձեզ։ Նա առաջիններից էր, որ աղոթեց Արցախի խաղաղության համար։ Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում Սրբազան Քահանայապետը չորս անգամ աղոթեց աշխարհի և Արցախի խաղաղության համար։ Եւ ոչ միայն Ֆրանցիսկոս Պապը, այլ նաև աշխարհի բոլոր եպիսկոպոսներն ու հոգևոր դասը աղոթեցին աշխարհի խաղաղության համար։ Եվրոպական բոլոր լրատվամիջոցները լուրեր տարածեցին այս պատերազմի ընթացքում այն ցավի մասին, որ ապրեցին հայերը և ապրում են մինչև այսօր։ Շատ հումանիտար կազմակերպություններ աշխատում են և ցանկանում են օգտակար լինել Հայաստանին և Արցախին։ Եվ այս հումանիտար կազմակերպությունների կենդանի տիպարը մենք ունենք այսօր այստեղ՝ պարոն Վենսանը։ Նա եկել է Ֆրանսիայից՝ ասելու համար, որ ամբողջ Կաթողիկէ Եկեղեցին ցավում է ձեզ հետ միասին և միշտ աղոթում է ձեզ համար։ Ես հստակ գիտակցում եմ և ձեզ հետ միասին ասում եմ, որ կորցրել ենք մեր երեխաներին, մեր զինվորներին, կորցրել ենք հողերը, բայց մեր հույսը միշտ պետք է լինի Աստված։ Սակայն շատ կարևոր մի կետ կա՝ այն, որ Հայաստանի և Արցախի ապագան մե՛նք պետք է կերտենք, այն մե՛ր ձեռքերում է, սակայն այն պետք է լինի միասնական՝ մեր երիտասարդների հետ միասին»։

     

    Այս խոսքերից հետո Սրբազան Հայրը և պրն. Վենսան Քայոլը կարճատև զրույց ունեցան Սուրբ Պատարագին ներկա արցախահայ ընտանիքների հետ: Սրբազան Հոր խոսքերն արցախահայերին հետևյալն էին.

     

     

    «Շատ տխուր եմ, քանզի գիտակցում եմ ներկայիս իրավիճակը, սակայն ուրախ եմ այն բանի համար, որ ձեզ հետ միասին աղոթեցինք Սուրբ Պատարագի ընթացքում։ Կարող եմ ասել մեկ բան, որ մեր սրտերը ձեզ հետ են։ Բոլոր հոգևորականները ձեր մասին մտածում և միշտ աղոթում են, ինչպես նաև՝ Œuvre d’Orient կազմակերպությունը, որի ներկայացուցիչը հիմա այստեղ է։

    Հենց առաջին իսկ օրվանից հետևում եմ Հայաստանում և Արցախում կատարվող իրադարձություններին։ Ցավում եմ ձեզ համար, մասնավորապես, զոհված զինվորների և կորսված տարածքների համար։

    Դուք պետք է լինեք համբերատար, որովհետև աշխարհն արդեն իսկ փոխվել է։

    Շնորհակալություն եմ հայտնում այն հոգևորականներին, որոնք իրենց սրտերը բացել են ձեզ համար։ Համբերատար և հանգիստ եղե՛ք ամեն ինչում, որովհետև համբերության դեպքու՛մ միայն կարող ենք ձեռք ձեռքի տալով  առաջ գնալ և կառուցել լավ ապագա։ Աղոթեցե՛ք»։

     

     

    Պապական նվիրակը արցախահայերին նվիրեց Ն.Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի կողմից օրհնված Վարդարանի աղոթահամրիչներ՝ ի նշան աղոթական միության և օրհնության:

     

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    Նաիրա Բաղդասարյան

    Պապական նվիրակի խոսքը թարգմանեց՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

Օրացույց

Օրացույց