• «Թող Տերը սովորեցնի մեզ մերձավորության տրամաբանությունը». Ֆրանցիսկոս

    «Այն, ինչ դու արել ես այս կամ այն մարդու համար, դու արել ես Ինձ համար։ Եվ այն, ինչ դու չես արել այս կամ այն մարդու համար, դու չես արել Ինձ համար, քանզի Ես այնտեղ եմ եղել»


    «Հիսուս Իրեն նմանեցնում է ոչ միայն հովիվ թագավորի, այլև՝ մոլորված ոչխարի հետ, այսինքն ամենափոքր և կարիքավոր եղբայրների հետ», – ասաց Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ մինչև «Հրեշտակ Տեառն» աղոթքն ընթերցելը, Հիսուս Քրիստոսի՝ տիեզերքի Թագավորի տոնի օրը»։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ շատ կարևոր է Աստծո դատաստանն ընկալել ոչ թե որպես կատարած մեղքերի հաշվետվություն, քանզի, ամեն ինչից զատ, մեզ սիրով են դատելու՝ ոչ թե այն սիրով, որ մեզ մոտ զգացմունքներ և հույզեր է առաջացնում, այլ այն սիրով, որով առաջնորդվում ենք այլ մարդկանց ողորմություն անելիս։

     

    Հիսուս Քրիստոսի՝ տիեզերքի Թագավորի տոնը եզրափակում է ծիսական տարին։ Փրկիչն է Ալֆան և Օմեգան, պատմության սկիզբն ու վերջը, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը։ Այսօրվա պատարագը նվիրված է «Օմեգային», որը պատմության վերջնական նպատակն է։ «Նրան, ում մարդիկ պատրաստվում են դատապարտել, իրականում Գերագույն Դատավորն է»։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ քրիստոնեության պարադոքսն այն է, որ Դատավորը հեզությամբ և ողորմությամբ լի հովիվ է, այլ ոչ թե վախ ներշնչող թագավոր։

     

    «Ահեղ դատաստանի առակում Հիսուս հովվի կերպարով է, որը փոխառել է Եզեկիել մարգարեից, ով խոսում է Իսրայելի չար հովիվներից ժողովրդին պաշտպանելու Աստծո միջամտության մասին (տես՝ 34,1-10): Նրանք դաժան շահագործողներ են եղել, ովքեր նախընտրել են արածացնել իրենք իրենց, այլ ոչ թե իրենց հոտին։ Այդ իսկ պատճառով Աստված հենց Ինքն է խոստանում հոգ տանել իր հոտի մասին՝ նրան պաշտպանելով անարդարությունից և շահագործումից։ Աստծո կողմից Իր ժողովրդին տրված խոստումը լիովին իրականացվեց Հիսուս Քրիստոսվ։ Նա Բարի հովիվ է։ Նա Ինքը ևս Իր մասին ասում է հետևյալը․ «Ես բարի հովիվ եմ»։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Հիսուս Իրեն դրսևորում է ոչ միայն որպես Թագավոր և Հովիվ, այլ ամենից առաջ Իրեն նմանեցնում է մոլորված ոչխարի հետ, այսինքն՝ առավել կարիքավոր եղբայրների հետ։ Այսպիսով, Տերը մեզ ցույց է տալիս այն չափանիշը, որով մենք դատվելու ենք Վերջին դատաստանի ժամանակ․ դատավճիռը կայացվելու է այն սիրո հիման վրա, որը մենք ցուցաբերել ենք կամ չենք ցուցաբերել մերձավորի հանդեպ, քանզի «Դատավորը հենց Ինքն է ներկա նրանցից յուրաքանչյուրի մեջ»։

     

    «Այսպես Տերը պետք է դատի Իր հոտին Վերջին դատաստանի օրը, և Նա դա անելու է ոչ միայն որպես հովիվ, այլ նաև՝ այն ոչխարների տեսանկյունից, որոնց հետ Նա Ինքն Իրեն նմանեցնում է։ Նա մեզ կհարցնի․ «Արդյո՞ք դու եղել ես քիչ թե շատ Ինձ նման հովիվ»։

     

    Մեզ դատելու են՝ հաշվի առնելով այն արարքները, որոնք մենք ցուցաբերել ենք մեր մերձավորների հանդեպ, թե ինչպես ենք հետևել Հիսուսին, Ով ներկա է եղել նրանց մեջ։ Հենց սա՛ է սիրո տրամաբանությունը, և դա ես չէ որ ասում եմ, այլ Հիսուս Ինքն է ասում․ «Այն, ինչ դու արել ես այս կամ այն մարդու համար, դու արել ես Ինձ համար։ Եվ այն, ինչ դու չես արել այս կամ այն մարդու համար, դու չես արել Ինձ համար, քանզի Ես այնտեղ եմ եղել»։

     

    Թող Տերը սովորեցնի մեզ մերձավորության տրամաբանությունը, Նրան սիրով մերձենալու տրամաբանությունը, Ով ներկա է ամենքից շատ տառապող մարդու մեջ։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց