• Հ. Լեշէք Վրդ․ Կրիշա. «Ցաւում եմ զոհուած զինուորների համար եւ ցաւակցում նրանց հարազատներին»

    «Իմ եւ Լեհաստանի Եպիսկոպոսաց գլխաւոր համաժողովի կարեւորագոյն նպատակն է՝ լինել համերաշխ արցախահայերի եւ լեհ ժողովուրդների հետ»


    2020 թուականի նոյեմբերի 14-21-ը Լեհաստանից Հայաստան ժամանեց Լեհաստանի եպիսկոպոսաց համաժողովի Արեւելեան Եկեղեցիների օգնութեան բաժնի տնօրէն՝ Գերապատիւ Հ. Լեշէք Վրդ․ Կրիշան՝ ուղեկցութեամբ Սոչիի Հայ Կաթողիկէ Սուրբ Խաչ եկեղեցւոյ ժողովրդապետ՝ Գերյ․ Հ. Ռաֆայէլ Ծ․ Վրդ․ Կրաւչիկի:

     

    Ուրբաթ, 20 նոյեմբեր, 2020 թուական. Երեւանի Զմմառու Աստուածամօր Հայ Կաթողիկէ մատռան մէջ մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ՝ Գերապատիւ Հ. Լեշէք Վրդ. Կրիշայի, առընթերակայութեամբ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Գերյ. Հ. Ռաֆայէլ Ծ. Վրդ. Կրաւչիկի: Սուրբ Պատարագին ներկայ էին Հայաստանում Լեհաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը, Հայաստանում Լեհաստանի դեսպանատան բաժնի ղեկավար, Լեհաստանի Հանրապետութեան Հիւպատոսութեան եւ Պոլոնիայի հարցերով բաժնի ղեկավար, հիւպատոս, Առաջին խորհրդական՝ պարոն Բարտոշ Յաբլոնսկին, ինչպէս նաեւ Երկրորդ քարտուղար, փոխհիւպատոս՝ պարոն Յարոսլավ Ստրիխարսկին:

     

    Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ Լեհաստանի դեսպանատան ողջ անձնակազմը հանդիպում ունեցաւ Արհ. Տէր Ռափայէլ Արքեպս. Մինասեանի հետ: Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը իր խօսքում առողջութիւն եւ երկարակեցութիւն մաղթեց Սրբազան հօրը: Սրբազան հայրն էլ իր հերթին շնորհակալութիւն յայտնեց լեհ ժողովրդին՝ իրենց ցուցաբերած աջակցութեան համար, մասնաւորապէս Արցախի պատերազմական իրավիճակից յետոյ: Եւ նա լիայոյս է, որ երկու ազգերի միջեւ հարաբերութիւնները կլինեն շարունակական ի նպաստ հայ եւ լեհ ժողովուրդների:

     

    Գերապատիւ Հ. Լեշէք Վրդ․ Կրիշան այցելութեան նախավերջին օրը մի քանի խօսքով ամփոփեց Հայաստանում անցկացրած իր օրերը: Ի պատասխան այն հարցին, թէ որն է իր այցելութեան նպատակը նա պատասխանեց. «Իմ եւ Լեհաստանի Եպիսկոպոսաց գլխաւոր համաժողովի կարեւորագոյն նպատակն է՝ լինել համերաշխ արցախահայերի եւ լեհ ժողովուրդների հետ: Ցանկանում էի ականատես լինել հետպատերազմական իրավիճակին եւ անձամբ հանդիպիլ արցախահայերին՝ հասկանալու համար իրենց մտահոգութիւններն ու հոգսերը: Զրուցել հայ կաթողիկէ հոգեւորականների հետ, ովքեր նոյնպէս իրենց աջակցութիւն են ցուցաբերում Հայաստանում գտնուող արցախահայերին: Մեր նպատակն է օժանդակել Արեւեալեան եկեղեցիների մաս կազմող արցախցիներին»:

     

    Ի պատասխան երկրորդ հարցին, թէ ինչպիսին է իր անձնական տպաւորութիւնները, նա պատասխանեց. «Մէծ ցաւ եւ տառապանք եմ ապրում, երբ ամէն տեղ տեսնում եմ նահատակուած զինուորների անուններով ժապաւէնները: Ցաւում եմ զոհուած զինուորների համար եւ ցաւակցում իրենց հարազատներին, ինչպէս նաեւ կորցրած այն տարածքների համար, որոնց մասին արցախահայերը մշտապէս խոսում են յանդիպումների ընթացքում:

    Երկրորդ բանը որ զգում եմ, դա հայ կաթողիկէ եկեղեցու եռանդուն ներգրաւածութիւնն է արցախահայերին անշահախնդիր օգնելու գործում՝ նոյնիսկ փոքր միջոցներով, բայց մեծ սրտով եւ ուրախութեամբ: Ներգաղթեալները ոչ միայն սոցիալական աջակցութիւն, այլեւ ամենակարեւորը՝ հոգեւոր սնունդ են ստանում հայ կաթողիկէ հոգեւորականների կողմից»:

     

    Եւ վերջին հարցին ի պատասխան, թէ որն է ձեր հետագայ քայլերը արցախահայերին աջակցութեան գործում՝ վարդապետը պատասխանեց. «Ապագայում մեր օգնութիւնը կախուած է նրանց հետագայ կեանքից, քանի որ դեռեւս չգիտենք, թե Արցախում իրավիճակը ինչ զարգացում կարող է ունենալ:

    Ներգաղթեալները պէտք է կարգաւորեն իրենց կեանքը Հայաստանում եւ փորձեն ապրել բնականոն կեանքով, քանի որ վերադարձի ճանապարհը պղտոր է:

    Ամփոփելով խօսքս, ուզում եմ ասել, որ պէտք է գործադրեմ իմ բոլոր հնարաւորութիւններն՝ օգնելու արցախահայերին եւ խրախուսել Լեհաստանում բնակուող հայ ժողովուրդին՝ ցուցաբերելու իրենց օգնութիւնը, ինչպէս նաեւ օգտագործել ամէն հնարավորութիւն ներգրավելու Լեհաստանի Քարիտասին՝ նեցուկ լինելու այս աստուածահաճոյ առաքելութեանը»:

     

    Այնուհետեւ Հայաստան այցի նախաձեռնութեան եւ հետագայ անելիքների մասին խօսեց Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցւոյ ժողովրդապետ՝ Գերյ․ Հ. Ռաֆայէլ Ծ․ Վրդ․ Կրաւչիկը.  «Պատերազմը սկսուելուց ի վեր, ցանկութիւն ունեի ինչ-որ ձեւով օգտակար լինել Հայաստանի եւ Արցախի համար: Փորձում էի համացանցից պատերազմի վերաբերեալ տեղեկութիւններ հաւաքել, որպէսզի հասկանայի, թէ ինչպէս կարող եմ օգնել արցախահայերին: Առաջի հերթին կապ հաստատեցի Լեհաստանի եպիսկոպոսաց համաժողովի Արեւելեան Եկեղեցիների օգնութեան բաժնի տնօրէն՝ Հայր Լեշէք Վրդ. Կրիշայի հետ, եւ ներկայացնելով Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի մասին՝ խնդրեցի իր օգնութիւնը: Հայր Լեշէքը մեծ ուրախութեամբ պատրաստակամութիւն յայտնեց կեանքի կոչել իմ այս գաղափարը: Եւ սա եղաւ մեր համատեղ աշխատանքի առաջին քայլը: Միեւնոյն ժամանակ ես, որպէս՝ Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան հոգեւորական, որոշեցի գրել ուղերձ՝ ուղղուած Լեհաստանի կաթողիկէ հաւատացեալներին:

    Մի քանի օր անց Հայր Լեշէքը զանգահարեց ինձ եւ ասաց, որ մենք պէտք է անպայման գնանք Հայաստան: Չնայած համավարակի այս դժուարին պայմաննրի՝ Աստուծոյ օրհնութեամբ մենք կարողացանք ժամանել Հայաստան:

     

    Իմ ցանկութիւնն էր, որ որքան հնարաւոր է, կարողանամ ցոյց տալ եւ ներկայացնել Հայաստանի եւ Արցախի իրավիճակը եւ դա անել միմիայն Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի հետ միասին: Այդ ժամանակ կապ հաստատեցի Արհ. Տէր Ռափայէլ Արքեպս. Մինասեանի հետ եւ ներկայացրեցի մեր ծրագրերը:

     

    Իսկ ինչ վերաբերւում է իմ ապրումների մասին, ապա պիտի ասեմ, որ ես մեծ ցաւ եմ ապրում տեսնելով Արցախում եւ Հայաստանում ապրող մարդկանց հոգեվիճակը:

     

    Ինչպէս նշեց հայր Լէշէքը, ես նոյնպէս կը գործադրեմ ամէն հնարաւորութիւն օգնելու եւ սատար կանգնելու հայ ժողովրդին»:

     

    Մեր խորին եւ սրտագին շնորհակալութիւնն ենք յայտնում լեհ հոգեւորականներին եւ ժողովրդին՝ իրենց անմիջական օգնութեան եւ աջակցութեան համար:

     

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Օրացույց

Օրացույց