• Ինչպե՞ս դառնալ Քրիստոսի զինվոր

    Ամբողջ կյանքը պայքար է հանուն բարու, հանուն այն լույսի, որն առկա է մեզանում և մեր շուրջբոլորը՝ մեր անմահ հոգիների փրկության համար


    Եփեսացիներին ուղղված նամակում (Եփս. 6, 10-20) Սբ. Պողոս առաքյալն ասում է, որ մեր պատերազմը մարդու (մարմնի և արյան) դեմ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ, այսինքն՝ ընդդեմ սատանայի և նրա ծառաների:

     

    Այս պատերազմն իրականացվում է հանրային կարծիքի ծրագրավորման, բարոյական նորմերի և հիմքերի աղավաղման, Աստծուն հակառակ օրինագծերի, համացանցի, վատ սովորությունների և այլ մակարդակներում:

     

    Հետևաար, քրիստոնյայի համար այսօր շատ կարևոր է, որ ինքն իրեն կյանքում համարի Քրիստոսի զինվորը և լինի համոզված, զգոն և վճռական: Չառաջնորդվել աշխարհիկ տրամաբանությամբ, դիմակայել հոգևոր և մտավոր անկմանը: Պետք է հագնել արդարության զրահը, վերցնել հավատի վահանը և հոգևոր սուրը՝ Աստծո Խոսքը: Եթե զինվորը մի կողմ շպրտի զենքն ու զրահը, ապա անմիջապես կպարտվի:

     

    Մեր հավատքն այն է, ինչով մենք պաշտպանվում ենք չար աշխարհի գայթակղություններից և ճնշումներից, իսկ այն ինչով պայքարում ենք՝ դա Աստծո Խոսքն է, որը մենք բոլորս պարտավոր ենք կարդալ, իմանալ և Աստծո Խոսքով առաջնորդվել մեր կյանքի կոնկրետ իրավիճակներում:

    Պատերազմող զինվորը չի քնում դիրքերում, նա արթուն է, զգոն: Հոգևոր առումով դա սրտի աղոթք է, մտավոր միություն Տիրոջ հետ, Նրա մասին հիշողություններով, Նրա Խոսքի մասին խորհրդածություններով:

     

    Հիմա, երբ մեր հայրենիքում պատերազմ է և զոհվում են երիտասարդ զինվորներ, յուրաքանչյուրը պետք է հատուկ և լուրջ գիտակցի, որ մենք բոլորս զինվորներ ենք և առաջնագծում ենք: Ամբողջ կյանքը պայքար է հանուն բարու, հանուն այն լույսի, որն առկա է մեզանում և մեր շուրջբոլորը՝ մեր անմահ հոգիների փրկության համար:

     

    Մեր հերոս զինվորները պայքարում են հանուն խաղաղության և իրենց հայրենի հողում ապրելու իրավունքի, իսկ մեզանից յուրաքանչյուրը հոգեպես պայքարում է հոգու խաղաղության համար, հանուն բարու և կյանքի հաղթանակի, հանուն Աստծո՝ մեզանում և մեր շուրջբոլորը: Այս պայքարը մեր կոչումն է, մեր պարտքը:

     

    Պետք չէ ասել, որ ամեն ինչ վատ է, չարը հաղթում է և այլն: Մենք իրավունք չունենք մատնվել հոգևոր անգործության և ծուլության: Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք որպես փոքր ժողովուրդ խիզախությամբ պայքարում ենք հսկայական ու դաժան տերության դեմ, մենք չե՛նք հանձնվում և հավատու՛մ ենք, որ հաղթելու ենք:

     

    Հոգևոր պայքարում էլ նույնն է. սատանան փորձում է մեզ վախեցնել, խլել մեր պայքարելու կամքը, ստիպել հանձնվել, նահանջել: Սակայն մեր անպարտելի Առաջնորդը՝ Տերը, մեզ հետ է և պայքարում է մեզ հետ միասին: Այդ իսկ պատճառով մենք պարտվելու իրավունք չունենք: Պետք չէ մեզանից հեռացնել այս պատերազմի պատասխանատվությունը:

     

    Յուրաքանչյուր զինվորի նվիրվածությունից ու եռանդից է կախված պատերազմի արդյունքը: Յուրաքանչյուրը, ով պայքարում է, իր ներդրումն է ունենում Քրիստոսի Լույսի վերջնական հաղթանակի մեջ՝ սատանայի խավարի նկատմամբ և հենց Տիրոջ ձեռքով էլ կպարգևատրվի հավերժ փառքի պսակով:

     

    Ես շատ եմ սիրում մի եկեղեցական օրհներգի վերջին խոսքերն՝ ուղղված Քրիստոսին, որով էլ ցանկանում եմ ավարտել այս խորհրդածությունը և ազդարարումը.

    «Եվ վերջապես մենք կմտնենք Քո Արքայությունը՝ հոգնած պայքարից, սակայն՝ հավատարիմ Քո սիրուն»:

     

    Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

Օրացույց

Օրացույց