• Հերոսները, որ դառնում են կենսատու ցորենի հատիկներ

    «Չկա ավելի մեծ սեր, քան երբ մեկն իր կյանքը տա իր ընկերների համար», Հվհ. 15, 13


    Գրեթե ամեն շաբաթ մայր հողին ենք հանձնում մեր սիրելի հերոսների մարմինները՝ թանկարժեք ցորենի հատիկներ, որ ըստ Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանական խոսքերի, դրվում են հողի մեջ, որպեսզի շատ պտուղ տան: Մեր քաջերն ինքնազոհաբերվում են, որպեսզի հայ մայրերը ծնեն իրենց զավակներին՝ ազատության և արժանապատվության մեջ, որպեսզի իրենց եղբայրներն ու քույրերը, արդեն որդեկորույս ծնողները, ամբողջ հայ ազգը ապրեն հաղթանակած և վաստակյալ խաղաղության մեջ:

     

    Գնելը, Սամվելը, Մելիքսեթը, Ջիվանը …՝ երիտասարդները, որոնց ես ճանաչում եմ, քանի որ իմ հովվության համայնքներից են, որպես կանոն, օրինակելի երիտասարդներ են՝ իրենց անհատականությամբ, խոնարհությամբ, ողջամտությամբ, հավատքով և եկեղեցական նվիրումով, երիտասարդական ավյունով և աշխատասիրությամբ: Ինձ համար՝ որպես հոգևոր հովվի, անասելի մեծ կորուստ է նրանց նման երիտասարդներին մեր կողքին ֆիզիկապես այլևս չունենալը, որովհետև պակասում են կենդանի օրինակները, կենդանի քարոզները, իմ հենարանները և հույսի գրավականները:

     

    Հիշում եմ օրինակ, թե ինչպես էր Գնելը սիրով և խոնարհությամբ կատարում Սուրբ Սարգիս զորավարի դերը Սուրբ Սարգսի տոնին՝ երկու տարի առաջ. Սուրբ Սարգսի նմանությամբ էլ նահատակվեց՝ հանուն իր հոգևոր և բարոյական ինքնության, որպեսզի Երկնքում շարունակի իր մաքուր և հավիտենական ընթացքը՝ որպես մի պահապան հրեշտակ՝ իր զինակից ընկերների համար: Գնելը 19 տարեկան էր՝ ժամկետային զինծառայող:

     

    Սամվելը և Մելիքսեթը Արցախ մեկնեցին կամավոր՝ առանց սպասելու, որ իրենց կանչեն ծանուցագրով: Հայրենասիրությունը նրանց ստիպեց կանգնել իրենց զինակից ընկերների կողքին և կյանքը նվիրել հանուն հայրենիքի և ընկերոջ՝ ըստ Տիրոջ խոսքի. «Չկա ավելի մեծ սեր, քան երբ մեկն իր կյանքը տա իր ընկերների համար», Հվհ. 15, 13: Սամվելը 35 տարեկան էր, ունի երկու զավակ, Մելիքսեթը՝ 28, Ջիվանը՝ 29 տարեկան և դեռ չէին հացրել ընտանիք կազմել:

     

    Նայում եմ վշտակոծ և ծվարած ծնողների աչքերին, որ այլևս կորցրել են իրենց ապրելու իմաստը՝ խեղդող արտասուքների միջից անպատասխան ձևով մի հարց ուղղելով իրենց նահատակ զավակներին կամ, գուցե, Բարձրյալին. «Բայց, ես հիմա ի՞նչ անեմ…»:

     

    Շա՜տ ծանր է այսքան վիշտ տեսնելը և ծնողներին սփոփելու ապարդյուն ջանքերս նաև հոգևոր հովվի համար: Չեմ ուզում, որ դեռ ուրիշների կորուստն էլ տեսնեմ, բայց …

     

    Այնուամենայնիվ, սիրելի՛ներ, քաջալերվեցե՛ք հույսով, որովհետև Աստված հայրական անսահման սիրով իր ջերմ գրկում է ընդունում յուրաքանչյուր հայորդու, ով Քրիստոսի նման արիությամբ իր ուսերին է տանում չարի և ատելության խաչափայտը, որպեսզի հայոց Գողգոթայի վրա մեկընդմիշտ հաղթի ու ջախջախի չարին.

     

    «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հվհ.16.33):

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Հոգևոր հովիվ Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա, Սիզավետ և Սարագյուղ համայնքների

    Հոկտեմբեր, 2020

Օրացույց

Օրացույց