• Կարդինալ Պարոլին. ՄԱԿ-ը կոչված է լինելու «բարոյականության կենտրոն»

    «Խաղաղության ամրապնդումը հիմնված է մարդկության ամբողջական զարգացման վրա»


    ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ՝ հատուկ տեսաուղերձով հանդես եկավ Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը: Համընդհանուր բարօրության որոնման դժվարին գործը պետք է շարունակի մնալ Միավորված Ազգերի կազմակերպության անդամների նպատակը, հայտարարեց կարդինալը:

     

    Իր պատմական ակնարկում կարդինալը հիշեցրեց անվտանգ աշխարհի և պետությունների միջև ներդաշնակության մասին, որի համար ժողովուրդները դիմում են ՄԱԿ-ին վերջին տասնամյակների ընթացքում՝ հուսալով է՛լ ավելի մեծ հարգանք մարդկային արժանապատվության և հոգատարություն՝ աղքատների նկատմամբ, ինչպես նաև առաջընթաց արդարության՝ հիմնարար արժեքների ապահովման գործում, որոնք Միավորված Ազգերի Կազմակերպությունը ձգտել է կոնկրետացնել ժամանակի ընթացքում:

     

    Բացի այդ, նշեց կարդինալը, Սուրբ Աթոռը միշտ ցուցաբերել է աջակցություն ՄԱԿ-ին և մասնակցություն նրա աշխատանքներին՝ սկսած 1964թ-ից, երբ Վատիկանը ճանաչվեց որպես դիտորդ երկիր: Մեջբերելով Պողոս VI, Հովհաննես Պողոս II  և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին՝ կարդինալը հիշեցրեց, որ Հռոմի եպիսկոպոսները միշտ կոչ են արել այդ «ազնիվ հաստատությանը՝ լինել բարոյականության կենտրոն», որտեղ յուրաքանչյուր երկիր ազգերի ընտանիքում իրեն կզգա ինչպես տանը, որտեղ միջազգային հանրությունը բազմակողմանի լուծումներ կտա գլոբալ խնդիրներին՝ եղբայրության և համերաշխության ոգով: Ինչպես ցույց տվեց COVID-19 համավարակը, մենք չենք կարող մտածել միայն մեր մասին, այլ կանչված ենք միասին աշխատելու, որպեսզի հաղթահարենք ամենադժվարին տառապանքներն աշխարհում՝ «գիտակցելով, որ ոմանց կրած ծանրությունը անխուսափելիորեն վերաբերում է ազգերի ամբողջ ընտանիքին»:

     

    ՄԱԿ-ի գոյության առաջին 75 տարիների առաձնահատկությունը դարձավ աջակցությունը իրավունքին և արդարադատությանը աշխարհում, սովի խնդիրների լուծումը, ընդհանուր տան պաշտպանությունը պատերազմներից և բռնությունից, «խաղաղության ամրապնդումը՝ հիմնված մարդկային ամբողջական զարգացման վրա»: Կարդինալ Պարոլինը հիշատակեց դավանանքի ազատության հիմնարար իրավունքը պաշտպանելու ՄԱԿ-ի աշխատանքի մասին, ինչպես նաև՝ կազմակերպության պատրաստակամությունը կարգավորելու ռազմական հակամարտությունները և վերականգնելու այն ամենը, ինչն ավերվում է բռնության միջոցով՝ դիվանագիտության և երկխոսության միջոցով:

     

    Միջազգային ինստիտուտի պատմության մեջ եղել են նաև անհաջողություններ, նշեց պետքարտուղարը. ՄԱԿ-ը կատարյալ չէ և միշտ չէ, որ արդարացրել է իր անունն ու նպատակները, դա տեղի է ունեցել ամեն անգամ, երբ «հատուկ շահերը» վեր են դասվել համընդհանուր բարօրության սկզբունքներից: Այս կապակցությամբ կարդինալը ասսամբլեային ներկա գտնվող դիվանագետներին խորհուրդ տվեց ոչ միայն վերականգնել կազմակերպության սկզբնական ոգին այս փոփոխական աշխարհում, այլև՝ վերահաստատել իրենց անկեղծ նվիրվածությունը համընդհանուր բարօրության որոնմանը՝ հիմնված իրական կոնսենսուսի և փոխզիջման վրա:

     

    Ելույթի ավարտին կարդինալ Պարոլինն ընդգծեց, որ ՄԱԿ-ը, որտեղ ժողովուրդները կարող են երկխոսություն վարել և համակարգել համատեղ գործողությունները, այսօր ավելի, քան երբևէ պետք է արդարացնի աշխարհի մեծ հույսերը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց