• Վարագա Խաչի տոնին Սուրբ Պատարագները մատուցվեցին՝ հայոց բանակի հաղթանակի և խաղաղության համար

    Անդադար աղոթքով հաղթենք թշնամուն. Սուրբ Գրքի դասը


    Այս օրհասական պահին մեր բոլորիս պարտքն է ամեն կերպ և, հատկապես, աղոթքով սատար կանգնել մեր քաջարի զինվորներին, ովքեր օր ու գիշեր կռիվ տալով՝ պատշտպանում են մեր ժողովրդին և պատմական հողը: Ադրբեջանի սանձազերծած հարձակումը համընկավ Վարագա Սուրբ Խարի տոնին՝ ցավալիորեն մեզ առիթ ընձեռելով մտածել Տիրոջ Խաչի խորհրդի և, միաժամանակ, հայ ժողովրդի կրած խաչերի մասին՝ արտաքին թշնամիների հարձակումների պատճառով, որոնք մեր ժողովուրդը շարունակում է իր ուսերին կրել միշտ՝ իր պատմական դարավոր ընթացքով կիսելով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչակրությունը:

     

    Վարագա Սուրբ Խաչի տոնին հայ կաթողիկէ համայնքներում Սուրբ Պատարագը մատուցվեց հայոց բանակի հաղթանակի, հզորության և խաղաղության դիտավորություններով՝ որպես միասնական աղերսանքի անդավաճան միջնորդություն, Հայր Աստծուն առաջարկելով Իր Միածին Որդու Սուրբ Մարմինն ու Արյունը՝ յուրաքանչյուր մարդ արարածի համար Խաչի վրա կատարած սրբազնագույն Պատարագի մշտնջենավոր արդիականությունը, որ ամենազորեղ աղոթքն է և զենքը՝ ներքին ու արտաքին թշնամու դեմ: Աղերսեցինք նաև Տիրամոր մայրական քնքշուշ և ազդու բարեխոսությունն ու հովանին՝ մեր զինվորների և նրանց ընտանիքների համար:

     

    Եկե՛ք այս օրերին շարունակենք մասնակցել Տիրոջ Սուրբ Պատարագին՝ այս նույն անխախտ դիտավորություններով՝ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԱՆԵԼԻ ՊՏՈՒՂ և արժանի՝ մեր տառապած ժողովրդին:

     

    Այս պահին մեզ բոլորիս անհրաժեշտ է ամբողջովին վստահել ոչ միայն մեր զինվորների բազուկներին ու մարտական կամքին, այլև հատկապես, ՎՍՏԱՀԵԼ ՏԻՐՈՋԸ:

     

    Բայց եկե՛ք նաև այս օրհասն ընդունենք որպես ԱԶԴ՝ ԶՂՋՄԱՆ և ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ, և վճռականորեն սրբագրե՛նք մեր առօրյական ընթացքը, մեր անհատական և հասարակական վարքագիծը, զտե՛նք մեր մտքերը և առվակի ջրի նման զուլալ ու ջինջ դարձնենք մեր հոգին և հոգևոր նկարագիրը՝ ատելության փոխարեն մեր հոգիներում պատվաստելով անհուն սերը՝ հայրենիքի, հայրենի հոգևոր արժեքների, մեր ընտանիքների, մեր երկրի և Սուրբ Եկեղեցու հանդեպ և մեր բոլորիս գոյակռիվն ընկալենք՝ որպես սրբազան ինքնապաշտպանության և մերձավորի հանդեպ սիրո պատվիրան՝ պաշտպանելով այդ հարստությունը, մեր ապրելու և հավատալու իրավունքը, մեր սրբության ճանապարհը և առ Աստված սերը:

    Մեզ անհրաժեշտ է վճռականորեն դարձ կատարել մեր մեղքերից, այս օրհասը համարել ապաշխարության, վերափոխման մի հնարավորություն՝ յուրաքանչյուրիս համար և մեր տառապանքներն առաջարկել Տիրոջը՝ որպես մի խաչակրություն՝ Քրիստոսի հետ միասին և հատուցում՝ մեր մեղքերի դիմաց:

    Յուրաքանչյուր պատերազմ, արհավիրք մեզ համար պետք է լինի սեփական սխալները սրբագրելու և Աստծուն առավել շատ ապավինելու մի հնարավորություն. այս ճշմարտությունն է մեզ սովորեցնում Սուրբ Գիրքը:

    Եթե ուզում ենք, որ Աստված լսի մեր օգնության աղաղակը, պետք է Աստծուն մոտենալ զղջացած և ապաշխարող հոգով: Ուզում եմ վերջում հիշեցնել մի դրվագ՝ իսրայելացիների և ամաղեկացիների կռվից, որտեղ Աստված Իր ժողովրդին հաղթանակ պարգևեց՝ մի արդար և ապաշխարող մարդու՝ Մովսեսի, աղոթքի շնորհիվ.

     

    «Ամաղէկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ։ Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ։ Ես կը գամ ու կը կանգնեմ բլրի գագաթին, եւ Աստծու գաւազանը կը լինի իմ ձեռքին»։ Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ։ Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը։ Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները։ Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին։ Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մէկն այս կողմից, միւսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում։ Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչեւ արեւի մայր մտնելը բարձրացած մնացին։ Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը։ Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»։ Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»։ Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ», Ելք 8-16:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց