• Խաչը քրիստոնյայի միակ ճանապարհն է. Քահանայապետի քարոզը

    «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մտթ. 16, 24)


    «Խաչը Աստծո սիրո սուրբ նշանն է, Քրիստոսի զոհաբերության նշանն է, և այն պետք չէ վերածել սնահավատության առարկայի կամ էլ զարդի: Ամեն անգամ, երբ մենք նայում ենք խաչված Քրիստոսին, եկե՛ք մտածենք, որ Նա, որպես Աստծո ճշմարիտ ծառա, իրականացրեց Իր առաքելությունը՝ տալով իր կյանքը, թափելով Իր արյունը՝ մեղքերի թողության համար: Թույլ չտանք, որ մեզ գայթակղեն ու շեղեն ճշմարիտ ճանապարհից», – կոչ արեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ՝ 2020թ. օգոստոսի 30-ին:

     

    Մեկնաբանելով կիրակնօրյա Ավետարանի հատվածը (Մտթ. 16, 21-27)՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ այն կապված է նախորդ կիրակի ընթերցված ավետարանական հատվածի հետ (Մտթ. 16, 13-20): Երբ Պետրոսը բոլոր առաքյալների անունից խոստովանեց հավատքն առ Հիսուս՝ որպես Կենդանի Աստծո Որդի, Հիսուս Ինքն է սկսում պատմել Իր չարչարանքների մասին, թե ինչ է Իրեն սպասվում Երուսաղեմում, հայտնում է Իր մահվան ու հարության, անարգման ու փառքի խորհուրդը: Հիսուս ասում է, որ Նա շատ է չարչարվելու ծերերից, քահանայապետներից ու օրենսգետներից, սպանվելու է և երրորդ օրը հարություն է առնելու (Մտթ. 16, 21):

     

    Սակայն աշակերտները, որոնց հավատքը դեռ հասուն չէր և շատ էր կապված այս աշխարհի մտածելակերպի հետ, չեն հասկանում Հիսուսին. «Աշակերտները հաղթանակի մասին մտածում են աշխարհիկ՝ մարդկային իմաստով, և դրա համար էլ չեն հասկանում խաչի լեզուն», – ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Լսելով, որ Հիսուս կարող է անհաջողություն ունենալ և մահանալ խաչի վրա՝ Պետրոսն ըմբոստանում է և ասում. «Քա՛վ լիցի քեզՏե՛ր, այդ քեզ չի պատահի» (Մտթ. 16, 22): «Պետրոսը հավատում է Հիսուսին, ցանկանում է հետևել Նրան, սակայն չի ընդունում այն, որ Նրա փառքը պետք է չարչարանքի միջով անցնի: Պետրոսի և մյուս առաքյալների համար, ինչպես նաև մեզ համար, խաչը ինչ-որ մի անհարմար բան է, դա «խայտառակություն է», մինչդեռ Հիսուս «խայտառակություն է» համարում խաչից փախչելը, որը նշանակում է չկատարել Հոր կամքը, առաքելությունը, որը Հայր Աստվածը վստահել էր Իրեն՝ մեր փրկության համար: Հիսուս Պետրոսին տալիս է հետևյալ պատասխանը. «Ետև՛ս գնա, սատանա՛, որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»:

     

     

    Սակայն մինչ այդ Հիսուս գովաբանել էր Պետրոսին՝ ասելով, որ նա է լինելու Եկեղեցու վեմը, իսկ հիմա նրան սատանա է անվանում: Ինչպե՞ս դա հասկանանք, – շարունակեց Նորին Սրբությունը.

     

    «Այդպես բոլորի հետ է լինում: Մերձավորի նկատմամբ նվիրվածության, եռանդի, բարի կամքի, կարեկցանքի պահերին մենք նայում ենք Հիսուսին և առաջ ենք գնում, սակայն, երբ մեր առջև խաչ է հայտնվում, փախչում ենք: Սատանան, ինչպես Հիսուս ասաց Պետրոսին, մեզ գայթակղում է: Դա բնորոշ է չար հոգուն, սատանային, որը մեզ հեռու է տանում Հիսուսի խաչից»:

     

    Դիմելով բոլորին՝ Հիսուս ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մտթ. 16, 24): Այսպիսով, Նա ցույց է տալիս իսկական աշակերտի ուղին, որը երկու պայման ունի: Առաջինը՝ «ուրացիր քեզ» նշանակում է ոչ թե արտաքին փոփոխություն, այլ՝ խորքային դարձ, մտածելակերպի և արժեքների արմատական ​​փոփոխություն: Երկրորդ պայմանն է՝ «վերցրու քո խաչը», և այստեղ խոսքը ոչ միայն ամենօրյա անհաջողությունները համբերատար տանելու մասին է, այլ այն մասին, որ չարի դեմ պայքարելու ժամանակ առաջացած ծանր դժվարություններն ու չարչարանքները հաղթահարվեն հավատքով և պատասխանատվությամբ: Քրիստոնյայի կյանքն անդադար պայքար է: Աստվածաշունչն ասում է, որ հավատացյալի կյանքը հավերժ պայքար է՝ չարի դեմ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Այսպիսով, վերցնելով մեր խաչը մենք Քրիստոսի հետ մասնակցում ենք աշխարհի փրկությանը: «Եկե՛ք մտածենք այդ մասին, և տան պատին կախված խաչը կամ այն խաչը, որը կրում ենք մեր կրծքին, վերածենք նշանի՝ առ այն ճշմարտությունը, որ մենք ցանկանում ենք միանալ Քրիստոսին և սիրով ծառայել մեր թույլ եղբայրներին, -կոչ արեց Նորին Սրբությունը: – Եթե մենք ցանկանում ենք լինել Նրա աշակերտները, ապա կանչված ենք Նրան հետևելու՝ անձայն զոհելով մեր կյանքը՝ հանուն Աստծո և մերձավորի սիրո»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց. «Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ, որպեսզի չնահանջենք փորձությունների ու չարչարանքների դիմաց, որոնք հետևանք են Ավետարանի վկայության»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսերեն բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց