• Լույս ընծայվեց Հայկական Կարիտասի նոր պարբերաթերթը՝ «Հոգևոր Կարիտաս»-ը

    «Քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք», Մտթ. 25, 40


     Թերթի ստեղծման նպատակը

     

    Սիրելի՛ «Հայկական Կարիտասի» աշխատակիցներ, կամավորականներ եւ բարեկամներ, Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի օրհնությամբ, Հայկական Կարիտասի 25-ամյա հոբելյանի գեղեցիկ առիթով, որպես մի փոքրիկ նվեր, ձեզ եմ ներկայացնում այս համեստ հոգեւոր թերթը՝ օգնելու համար ձեզ՝ ավելի լավ հասկանալու Կարիտասի առաքելության հոգեւոր արմատները եւ հոգեւոր տեսլականը, որի վրա հիմնված են կազմակերպության սոցիալական, աշխատանքային տեսլականը, առաքելությունը եւ ռազմավարությունը:

     

    Ձեր աշխատանքի հոգեւոր արմատների շուրջ խորհրդածելը՝ հավատքի անհատական եւ միասնական ապրումի ձեր փորձառության հետ մեկտեղ, վստահաբար, կօգնեն ձեզ առավել պտղաբերելու ձեր աշխատանքի մեջ, որ, ըստ էության, այլ բան չէ, քան՝ սիրել մարդուն եւ ծառայել մարդու ամբողջական բարօրությանը: Դուք կոչված եք նմանվելու այն բարի սամարացուն, ում մասին պատմում է Հիսուսը, որպեսզի բացատրի, թե ինչ է նշանակում «սիրի՛ր ընկերոջդ՝ քո անձի պես» պատվիրանը: Սամարացու նման մենք եւս պետք է միշտ պատրաստ լինենք լսել կարիքի մեջ գտնվող մեր եղբայրների եւ քույրերի, մանուկների եւ ծերերի աղաղակը եւ կանգ առնել, նվիրել ժամանակ, ուժ եւ միջոցներ, ուղեկցել դեպի ավելի արդար եւ երջանիկ կյանք:

     

    Մարդուն սիրելով՝ մենք կոչված ենք մարդկանց համար ընկալելի, զգալի դարձնելու Աստծո սերը, որ դրսեւորվում է ձեր կատարած աշխատանքի միջոցով. Կարիտասի իրականացրած ծրագրերը մարդու հանդեպ Աստծո սիրո կոնկրետ դրսեւորման հստակ օրինակներ են: Բայց անհրաժեշտ է այս գիտակցությունը մշտապես նորոգել ձեր մեջ՝ որպես քրիստոնյաների եւ որպես քրիստոնեական բարեգործական կազմակերպության աշխատակիցների՝ մշտապես վերարժեւորելով եւ հիշելով ձեր հոգեւոր ակունքները եւ աստվածայի կոչումը: Այդ գործում ձեզ օգնելու համար է, որ ձեզ հետ միասին ստեղծում ենք այդ ամենի շուրջ զրուցելու, մտածելու, ձեր առաքելության համար աղոթելու առիթներ: Այս թերթը գալիս է ձեզ հիշեցնելու, պատմելու մեր այդ միասնական հոգեւոր ջանքերի մասին, նաեւ ձեր ուշադրությանը ներկայացնելու տարաբնույթ հոգեւոր նյութեր, որոնք կարող են օգնել ձեր ամբողջական զարգացմանը՝ որպես հոգեւոր բարձր գիտակցություն, մարդկային գեղեցիկ նկարագիր եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող անհատներ:

     

    Այս թերթի ստեղծման նպատակներից է նաեւ ձեզ համար ստեղծել հնարավորություն՝ միմյանց հետ կիսելու ձեր հոգեւոր փորձառությունը՝ հավատքի անհատական միասնական ապրումի անցած ճանապարհը, ներկան եւ ապագայի սպասումները, հոգեւոր ձգտումները, եւ, հատկապես, ձեր հավատքի ապրումը՝ Հայկական Կարիտասում՝ աշխատանքի ընթացքում, ստեղծագործական ջանքերի եւ ձգտումների մեջ: Ուստի, ազա՛տ եղեք այս փոքրիկ թերթը հարստացնելու ձեր պատմություններով, հոդվածներով, խորհրդածություններով կամ աղոթքներով: Սա ձեր հոգեւոր ստեղծարարության հարթակն է՝ զուգահեռ ձեր աշխատանքային լայն դաշտին եւ ծանրաբեռնվածությանը: Վստահ եմ, որ այս թերթը ընթերցելը եւ այս թերթի համար գրառումներ կատարելը ոչ թե առավել կծանրաբեռնի ձեզ, այլ կլինի հոգեւոր հանգստության եւ ուրախալից սփոփանքի առիթ.

     

    «եւ ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ», Մտթ. 11, 29-30:

     

     Թերթի առաջին համարները կարող եք ընթերցել այստեղ, ինչպես նաեւ՝ Հայկական Կարիտասի պաշտոնական կայքի «Հրատարակություններ» բաժնի «Հոգևոր Կարիտաս» ենթաբաժնում.

     

     

    PDF-ը՝

     

    Հոգևոր Կարիտաս Ա ապրիլ 2020

     

    Հոգևոր Կարիտաս Բ հուլիս 2020

     

    Տ. Հովսեփ Գալստյան 

Օրացույց

Օրացույց


Recent Comments