Ավելի քան 60 տարի Մարիա Անտոնիա Սաման գամված է եղել անկողնուն, սակայն միշտ կոչ է արել մարդկանց ապավինել Աստծուն`ցանկացած իրավիճակում
Հուլիսի 10-ին Վատիկանում ընդհանուր ուկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդունեց կարդինալ Ջովանի Անջելո Բեչչուին՝ Սուրբ Աթոռի Սրբադասման վարչության պրեֆեկտին և հանձնարարեց նրան որոշումներ հրապարակել՝ իտալացի նոր երանելիի և Աստծո չորս ծառաների համար:
Կաթողիկէ Եկեղեցին երանելիների շարքին կդասի կալաբրիացի աշխարհական Մարիա Անտոնիա Սամային: Նա ծնվել է 1875թ. մարտի 2-ին Իտալիայի Կատանձարո շրջանի Սանթ Անդրեա Իոնիո գյուղում և պատանեկան տարիներից գամված է եղել անկողնուն՝ անդամալուծության պատճառով: Չնայած ծանր հիվանդությանը՝ Մարիա Անտոնիան ապրում էր խորը հոգևոր կյանքով և բոլոր նրանց, ովքեր գալիս էին նրան տեսության, հրավիրում էր միշտ և ցանկացած իրավիճակում ամբողջությամբ ապավինել Աստծուն: Գյուղի բնակիչները նրան անվանում էին «Սուրբ Բրունոյի միանձնուհի». մարդիկ գալիս էին նրա մոտ խորհրդակցելու և աղոթելու համար, նրա մոտ խաղաղություն և հանգստություն էին փնտրում: Հյուրերը նրա հետ միասին օրը երեք անգամ Սուրբ Վարդարան էին աղոթում: 1953թ. մայիսի 27-ին, 78 տարեկան հասակում Մարիա Անտոնիա Սաման մահացավ: Նա իր կյանքի ավելի քան 60 տարիներն անցկացրեց անկողնում անշարժության մեջ՝ իր բոլոր տառապանքները զոհաբերելով Տիրոջը:
Եկեղեցին ճանաչում է նաև Աստծո ապագա հետևյալ ծառաների հերոսական առաքինությունները. Էուզեբիո Ֆրանչեսկո Կինի՝ իտալացի քահանա Հիսուսյանների միաբանությունից (1645-1711), Մարիանո Խոսե դե Իբարգյուէնգոիտիա ի Սուլոագա՝ իսպանացի թեմական քահանա, Հիսուսի Սպասավորուհիների հաստատության համահիմնադիրը (1815-1888), Իսպանացի միանձնուհի Մարիա Ֆելիքս Տորես՝ Փրկչի միաբանության հիմնադիրը (1907-2001) և Անջոլինո Բոնետտան (1948-1963)՝ իտալացի աշխարհական Խաչի լռելյայն աշխատավորների ասոցիացիայից:
Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը