• Ծնուեց մահկանացու, բայց ապրում է յաւիտենական անմահութեամբ. Մաս Ա

    «Սրբութիւնն ու գիտութիւնը, ահա ճշմարիտ եկեղեցականի մը կարեւորագոյն երկսայրի զէնքը». Կարդինալ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաճանեան


    Շաբաթ` 16 մայիս 2020 թուական, ժամը 10:30-ին Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ մէջ Վսեմաշուք Կարդինալ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաճանեանի Երանացման եւ Սրբադասման դիտաւորութեամբ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանի եւ Տէր Նարեկ Քհնյ. Թադեւոսեանի, սարկաւագութեան բաժինը կատարեց Տէր Սահակ Քհնյ. Աղէկեանը: Պատարագին ներկայ էին Հայաստանի Անարատ Յղութեան Միաբանութեան Հայ Քոյրերը: Սուրբ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ նաեւ աղօթք՝ վասն երանացման Աստուծոյ ծառայ, երջանկայիշատակ Կարդինալ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաճանեանի:

     

    Կիրակի, 16 մայիս 1971 թուական, ժամը 22:45. երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ, Հռոմի Անարատ Յղութեան Միաբանութեան Հայ Քոյրերի Մայրավանքի մէջ իր մաքրակենցաղ հոգին Արարչի ձեռքերի մէջ աւանդեց Կաթողիկէ Ընդհանրական Եկեղեցւոյ Վսեմաշուք Ծիրանաւոր եւ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Կաթողիկոս-Պատրիարք, Աստուծոյ Ծառայ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաճանեանը՝ մրմնջալով հետեւեալ խօսքերը. «Բարիքներ կը տեսնեմ…»:

     

    Կաթողիկէ Ընդհանրական Եկեղեցւոյ պատմութեան էջերում իր նշանաւոր դերն ու մնայուն տեղն ունի քրիստոնէավայել առաքինութեամբ, յանուն Աստուծոյ Եկեղեցւոյ եւ ժողովուրդի իր կեանքն ամբողջական նուիրումով ապրած, յանուն այդ նոյն Եկեղեցւոյ եւ ժողովուրդի բարօրութեան՝ պարզ մտքով եւ անաչառ դատողութեամբ գործած հայազգի Ծիրանաւոր Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաճանեանը:

     

    1830 թուականին սկիզբ առած արեւմտահայերի զանգուածային գաղթի արդիւնքում բազմաթիւ հայ ընտանիքներ համալրում են Ախալքալաքի եւ Ախալցխայի հայ կաթողիկէ գիւղերի բնակիչների շարքերը: Հիմնւում են ծխական դպրոցներ եւ եկեղեցիներ: Այս աշխատանքների իրականացման գործում մեծ նշանակութիւն ունէր Զմմառու Միաբանութեան, Կ. Պոլսի հայ կաթողիկէների եւ Հռոմի կողմից ուղարկուող դրամական օժանդակութիւնը: Ախալքալաքի եւ Ախալցխայի մէկ տասնեակից աւելի հայ կաթողիկէ գիւղերը գտնւում էին Ախալցխայի Հայ Կաթողիկէ առաջնորդի իրաւասութեան ներքոյ: Ցարական իշխանութիւնները՝ խուսափելով Հռոմի ազդեցութիւնից, սահմանափակում են կաթողիկէների իրաւունքները, իսկ առաջնորդի պաշտօնը դառնում է նշանակովի: Կաթողիկէ հոգեւորականների պակասը համալրելու նպատակով հայ կաթողիկէ գիւղերից ընտրւում էին ընդունակ պատանիներ եւ ուղարկւում Զմմառու Միաբանութեան, Վատիկանի, Մխիթարեան Միաբանութեան եւ Կ. Պոլսի հոգեւոր հաստատութիւններում, ինչպէս նաեւ Հռոմի Քահանայապետական Լեւոնեան հայ վարժարանում կրթութիւն ստանալու:

     

    1895թ. սեպտեմբեր 18-ին, Կարինից գաղթած եւ Գուգարաց նահանգի Ջաւախք գաւառի Ախալցխա գիւղաքաղաքում հաստատուած Յարութիւն Աղաճանեանի ընտանիքում է ծնուել Ղազարոս Աղաճանեանը: Ղազարոսն իր նախնական կրթութիւնը ստացել է Կարապետեան ծխական դպրոցում: Նա միշտ աչքի է ընկել ուսման եւ Եկեղեցւոյ նկատմամբ մեծ սիրով: Ախալցխայի կենդրոնում՝ Աղաճանեանների տանից ոչ հեռու, գտնւում էր Հայր Եփրեմ Ծ. Վրդ. Սէթեանի ջանքերով կառուցուած Կաթողիկէ Եկեղեցին:

     

    Խորհրդային իշխանութեան անաստուածութեան տարիներին Եկեղեցւոյ եւ ժողովրդի միջեւ կապը խաթարւում է: 1940-ական թուականներին, ինչպէս մայր հայրենիքում, այնպէս էլ Ջաւախքում, Սովետական իշխանութիւնների հրահանգով քանդւում են մի շարք եկեղեցիներ ու մատուռներ՝ առգրաւելով ողջ գոյքը եւ դրանք վերածելով ցորենի ամբարների:

     

    1906թ. հոկտեմբերին, Կովկասի Հայ Կաթողիկէ առաքելութեան հոգեւոր կառավարիչ Գերպծ. Տ. Սարգիս Թ.Ծ.Վ. Տէր-Աբրահամեանը 11-ամեայ Ղազարոսին, ով արդէն իսկ տարրական կրթութիւն էր ստացել, ուղարկում է Հռոմ՝ Ուրբանեան վարժարանում ուսանելու: Վարժարանը բարձր առաջադիմութեամբ աւարտելուց յետոյ Ղազարոսն ուսումնառութիւնը շարունակում է Ուրբանոս VIII Քահանայապետական Համալսարանում (Pontificia Universita Urbaniana): Համալսարանական տարիներին նա ուսումնասիրում է փիլիսոփայութիւն եւ աստուածաբանութիւն:

     

    Պատանի Ղազարոսի եւ Նորին Սրբութիւն Պիոս Ժ Սրբազան Քահանայապետի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ուրբանեան վարժարանում: Ժառանգաւորների ունկնդրութեան ժամանակ Պիոս Ժ Քահանայապետը հետաքրքրւում է, թէ ով է սաներից ամենակրտսերը եւ, երբ Ղազարոսը փորձում էր թաքնուել իր դասընկերների թիկունքում՝ Նորին Սրբութիւնը նրան կանչում է յարուցեալ Ղազարոսին ուղղուած Քրիստոսի խօսքերով. «Ղա­զա­րո՛ս, դո՛ւրս արի» (Յովհ. 11:43):

     

    Պիոս Ժ Քահանայապետի հետ մէկ այլ յիշարժան հանդիպում տեղի է ունեցել 1908թ. նոյեմբեր 1-ին՝ Քահանայապետական Լեւոնեան հայ վարժարանի 25-ամեակի առթիւ, հայ ժառանգաւորների հետ հանդիպմանը, որին ներկայ էին նաեւ Ուրբանեան վարժարանի սաները: Հանդիպման ժամանակ Քահանայապետը կատակով հարցնում է, թէ ժառանգաւորներից քանիսն են պատրաստւում եպիսկոպոս դառնալ: Պատանի Ղազարոսը ծիծաղով է արձագանքում այս հարցին: Պիոս Ժ Պապը՝ ի պատասխան երիտասարդ Աղաճանեանի, ժպիտով ասում է հետեւեալ խօսքերը. «Մաղթում եմ քեզ ոչ միայն եպիսկոպոս դառնալ, այլեւ՝ պատրիարք»:

     

    17 տարեկանում Ղազարոսը ստանում է իմաստասիրութեան «Դոկտորի» աստիճան:

    1916թ. ստանում է աստուածաբանութեան, իսկ 1917թ. իրաւաբանութեան դոկտորի տիտղոսները:

    1917թ. դեկտեմբեր 23-ին Ղազարոս Աղաճանեանը, Ուրբանեան վարժարանում, ձեռամբ Գերապայծառ Տէր Պետրոս Արքեպս. Գոյունեանի, ձեռնադրւում է կուսակրօն քահանայ եւ վերցնում Ֆրանցիսկոս անունը:

    1919թ. աւարտելով Լատերանեան համալսարանը՝ ստանում է քաղաքական եւ եկեղեցական իրաւունքի մասնագէտի վկայական:

    1919-1921թթ. ստանձնում է Թիֆլիսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Կաթողիկէ Եկեղեցւոյ հոգեւոր հովուի պաշտօնը: Այստեղ հիմնում է դպրոց եւ ի պատիւ Հ. Ղեւոնդ Վ. Ալիշանի անուանում է «Ալիշանեան»:

    1920թ. Անդրկովկաս Խորհրդային Կարմիր բանակի մուտք գործելուց եւ տարածաշրջանի երկրների խորհրդայնացումից յետոյ սկսւում են բռնաճնշումներն ու հալածանքները ազգային եւ կրօնական արժէքների նկատմամբ: Հայ կաթողիկէներից շատերն են աքսորւում իբրեւ «Վատիկանի գործակալներ»: Ի հետեւանք այս իրադարձութիւնների՝ Աղաճանեանը ստիպուած էր լքել հայրենիքը եւ վերադառնալ Հռոմ:

    1921թ. սեպտեմբեր 10-ին Լեւոնեան վարժարանի տեսուչ Գերպծ. Տ. Սարգիս Տէր-Աբրահամեանի առաջարկով վերադառնում է Հռոմ եւ ստանձնում վարժարանի փոխտեսուչի պաշտօնը:

    1928թ. Աղաճանեանը նշանակւում է Արեւելեան Եկեղեցիների հարցերով կոնգրեգացիայի խորհրդական, ինչպէս նաեւ Հռոմէայ-կաթողիկէ Եկեղեցւոյ արեւելեան կանօնական իրաւունքի կոդիֆիկացիայի յանձնաժողովի անդամ:

    1932թ. հոկտեմբեր 4-ին Աղաճանեանը ստանձնում է Լեւոնեան վարժարանի մեծաւորութիւնը՝ յաջորդելով Գերպծ. Տէր Սարգիս Տէր-Աբրահամեանին եւ Պիոս ԺԱ Սրբազան Քահանայապետից ստանում «Գաղտնի Սենեկապետի» պատուաստիճանը:

    Մինչեւ 1934թ. Հռոմում, որպէս համալսարանի ուսուցչապետ, դասաւանդում է աստուածաբանութիւն եւ փիլիսոփայութիւն, միեւնոյն ժամանակ, այլ պաշտօններ է վարում Քահանայապետական Գուրիայի մէջ: Նոյն թուականին գործուղւում է Լիբանան՝ Զմմառեան Միաբանութեան կանոնագիրքը պատրաստելու առաքելութեամբ:

     

    1935թ. յուլիս 21-ին, Քահանայապետական Լեւոնեան հայ վարժարանի Սբ. Նիկողայոս Եկեղեցում, տեղի է ունենում Ֆրանցիսկոս Աղաճանեանի եպիսկոպոսական ձեռնադրութիւնը՝ ձեռամբ Գերապայծառ Տէր Սարգիս Տէր-Աբրահամեանի: Այնուհետեւ Պիոս ԺԱ Սրբազան Քահանայապետը նրան նշանակում է Զմմառու պատրիարքական կղերի միաբանութեան հոգեւոր վերակացու: Նոյն թուականի հոկտեմբերին՝ վերադառնալով Հռոմ, շարունակում է իր ծառայութիւնը, միեւնոյն ժամանակ՝ դասաւանդելով Ուրբանեան վարժարանում: Որպէս ուսուցչապետ, Աղաճանեանը յաճախ իր սաների համար կրկնում էր. «Սրբութիւնն ու գիտութիւնը, ահա ճշմարիտ եկեղեցականի մը կարեւորագոյն երկսայրի զէնքը»: 1935 թուականը համարւում է նրա կեանքի ամենաբեղուն շրջաններից մէկը:

     

    1937թ.՝ Ամենապատիւ Տ. Աւետիս-Պետրոս ԺԴ Արփիարեանի մահից յետոյ, Գերպծ. Աղաճանեանը նոյեմբեր 30-ին ստանձնում է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ հովուապետութիւնը՝ որպէս Կաթողիկոս-Պատրիարք՝ կրելով Գրիգոր-Պետրոս ԺԵ անունը:

     

    Երիտասարդ հայրապետը իր Եկեղեցւոյ եւ հօտի նուիրեալն էր: Աղաճանեան Հոգեւոր Տէրը հովուական այցելութիւններ էր կատարում ամենուրէք, նրա ծնողական գուրգուրանքին եւ սիրուն էին արժանանում բոլորը, յատկապէս՝ կարօտեալ ընտանիքների զաւակները:

     

    Աղաճանեան Կաթողիկոս-Պատրիարքը յայտնի է եղել նաեւ շինարար հայրապետ անունով: Նրա օրոք են կառուցուել Պուրճ-Համմուտի, Այնճարի, Զահլէի ժողովրդապետական եկեղեցիները, Պէյրութի Աթոռանիստ մայր տաճարը, Զմմառու Միաբանութեան երկու նորընծայարանները եւ Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութեան «Աղջկանց որբանոցը»:

     

    1945թ. դեկտեմբեր 23-ին, իր Քահանայական Ձեռնադրութեան տարեդարձի օրը, Աղաճանեան Կաթողիկոս-Պատրիարքը Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարութեան Դիւանից ստանում է Շնորհագիր, որում հաղորդւում է, որ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի անունը նշուած է 32 նոր Կարդինալների անուանացանկում:

     

    Այս հաղորդագիրը մեծ յուզմունք է պատճառում Ամենապատիւ Հոգեւոր Տիրոջը: Նա երբեք չի դադարում շնորհակալ լինել աստուածային Նախախնամութեանը, որն իրեն՝ նորածիլ մի բոյսի նմանուող պատանուն, Կովկասի արծաթ լեռներից տեղափոխեց յաւիտենական Քաղաքը, որտեղ էլ նրա միտքն ու հոգին սնեց Սրբազան Քահանայապետերի շնչով եւ հոգեւոր առատ սնունդով: Սրբազան Քահանայապետին յայտնած իր շնորհակալական խօսքում Կաթողիկոս-Պատրիարքը մասնաւորապէս գրում է. «Պիոսի մը օրով Քահանայութեան պատրաստուեցայ, ուրիշ Պիոսի մը օրով Քահանայութեան լրումը ստացայ եւ դարձեալ Պիոս մըն է, որ զիս Ծիրանաւոր իշխանի պատուաստիճանին կը բարձրացնէ այժմ: Այս վայրկեանիս խոնարհ հպարտանքով մը համակուած եմ՝ … զի սիրելի ազգս՝ Հայ ազգն է, որ կը փառաւորուի իմ խոնարհ անձիս մէջ, այն ազգը, որ մայրն է սուրբերու եւ մարտիրոսներու, Հռոմէական ծիրանին այսօր անոնց հերոսական արիւնը կը պսակէ»:

     

    1946թ. փետրուար 18-ին Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաճանեանին շնորհւում է ծիրանագոյն գլխարկ՝ ձեռամբ Պիոս ԺԲ Սրբազան Քահանայապետի: Այսպիսով, Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարքը՝ իր անբասիր վարքի, Եկեղեցուն մատուցած անխոնջ ծառայութեան եւ համայնքային կեանքում արձանագրած նուաճումների շնորհիւ դառնում է տիտղոսակիր կարդինալ: Կարդինալների խորհրդաժողովի ժամանակ Սրբազան Քահանայապետն անուանում է 32 նոր Կարդինալներ, որոնց թւում էր նաեւ մեր սրբակենցաղ հայրապետը: Սա աննախընթաց իրադարձութիւն էր Սուրբ Աթոռի տարեգրութեան մէջ՝ ոչ միայն թեկնածուների թուի, այլեւ նրանց ծագման եւ ազգութեան տեսանկիւնից:

     

    1946թ. մարտ 12-ին Հռոմի Սրբազան Քահանայապետը՝ իր Գահակալութեան եօթներորդ տարեդարձի առթիւ, հրահանգում է հայածէս պատարագ մատուցել Վատիկանի Սիքստինեան մատուռում: Հայրապետական Սուրբ Պատարագն իր օգոստափառ ներկայութեամբ պատւում էր Նորին Սրբութիւնը՝ շրջապատուած կարդինալներով, բարձրաստիճան եկեղեցականներով, դեսպաններով եւ պետական գործիչներով: Հայ Եկեղեցւոյ բազմադարեայ հոլովոյթի ընթացքում նման նշանակալից իրադարձութիւն դեռեւս տեղի չէր ունեցել, այսպիսով՝ առաջին անգամ, հայկական ծէսը փառաւորուեց համայն աշխարհում՝ ինչպէս եկեղեցական, այնպէս էլ աշխարհիկ շրջանակներում: Պատարագի ընթացքին Պիոս ԺԲ Քահանայապետն իր բովանդակալից խօսքում հատուկ ընդգծում է հետեւեալը. «Կարդինալ ընելով բարձրամեծար Պատրիարքը Կիլիկիոյ Հայոց, Մենք դիտում ունեցանք անշուշտ վարձատրելու գերազանց արժանիքները յոյժ արժանաւոր եւ ամենահաւատարիմ աւագ եկեղեցականի մը, բայց կոչելով զայն անդամակցելու Հռոմէական Եկեղեցւոյ Ծերակոյտին եւ Հայրապետական պատարագ մատուցանելու Սիքստեան մատռան մէջ իր մեծասքանչ ծէսին ամբողջ շքեղութեամբը, ուզեցինք միեւնոյն ատեն շեշտել, ու այսպէս ըսենք, պսակել հանդիսաւոր ցոյցով մը շարքը փաստերու հոգածութեան ու սիրոյ, որ քրիստոնէութեան ամենահին օրերէն` դարերու ընթացքին մինչեւ այսօր չէ դադարած երբեք Պետրոսի Գահը տարածելէ Հայաստանի եւ իր ժողովրդեան հանդէպ։ Կրնանք արդարեւ մենք իրաւամբ ըսել թե այս գերազնիւ Ազգը, իր ձախողանքներուն եւ տառապանքներուն մէջ ունեցած է միշտ պաշտպան եւ փաստաբան Հռոմեական Քահանայապետը»։

     

    Ըստ հին աւանդութեան, երբ որեւէ հոգեւորականի՝ լինի նա իտալացի կամ այլազգի, Սրբազան Քահանայապետի կողմից կարդինալական տիտղոս է շնորհւում, ապա՝ կարդինալական մատանու հետ մէկտեղ տրւում է նաեւ Հռոմի հնագոյն եկեղեցիներից մէկի տիտղոսը: Ուստի, Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաճանեանը նշանակւում է նաեւ Հռոմի Սուրբ Բարդուղիմէոս Եկեղեցւոյ կարդինալ-դեկան: Եկեղեցւոյ դռան վերեւում ամրացւում են ինչպէս պապական, այնպէս էլ կարդինալի զինանշանները, աւագ խորանի ձախ կողմում կարդինալի, իսկ աջում՝ Սրբազան Քահանայապետի դիմանկարները:

     

    1946թ. մարտ 10-ին, որպէս տիտղոսաւոր կարդինալ, տեղի ունեցաւ հայազգի ծիրանաւոր Աղաճանեանի պաշտօնական մուտքը Սուրբ Բարդուղիմէոս Եկեղեցի:

    1955թ. նշանակւում է Արեւելեան Կաթողիկէ Եկեղեցիների կանոնագրքի պատրաստման կարդինալական յանձնախումբի նախագահ:

    1958թ. ստանում է Հաւատոյ Տարածման Ս. Ժողովի Նախագահի պաշտօնը, որը Տիեզերական Եկեղեցւոյ հեղինակաւոր պաշտօններից մէկն էր:

     

    Շարունակելի…

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

    16.05.2020թ.

Օրացույց

Օրացույց